ԱՄՆ-ն Իրաքին թույլ է տվել 500 մլն դոլար վճարել Իրանին՝ գազի մատակարարումների պարտքի դիմաց
Բաղդադն ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել բաց թողնել 500 մլն դոլարի իրանական արգելափակված ակտիվները՝ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ:
«Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի՝ վերջերս (ԱՄՆ) կատարած այցի ժամանակ Իրաքը թույլտվություն է ստացել Իրանին վճարել 500 միլիոն դոլար գումար, որն արգելափակված էր իրաքյան բանկերում», – այսօր հայտարարել է Իրանաիրաքյան Առևտրի պալատի գլխավոր քարտուղար Համիդ Հոսեյնին։
Հոսեյնին նշել է, որ Իրաքի իշխանությունները համաձայնել են Իրանի էլեկտրաէներգիայի և գազի ֆոնդերը փոխանցել բանկային հաշվեհամարին, որը պատկանում է Իրանի պետական գազային ընկերությանը և Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման կառավարման ընկերությանը:
Tasnim-ը նշում է, որ իրանական ակտիվները մնացել են բանկում՝ ԱՄՆ-ի խիստ վերահսկողության տակ, և կարող են օգտագործվել միայն պատժամիջոցների չենթարկված ապրանքների ներմուծման համար: Գործակալությունը հավելում է, որ անցյալ տարի Իրանին են փոխանցվել 1 մլրդ դոլար արժողությամբ ապրանքներ, որպեսզի Իրանի՝ գազի ներմուծման պարտքը Թուրքմենստանին վճարվի այս ընթացակարգի միջոցով:
Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ Իրաքի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետության ընդհանուր պարտքը Թեհրանին կազմում է մոտավորապես 18 մլրդ դոլար։ Իրանի Կենտրոնական բանկի գնահատումները մի փոքր քիչ են՝ մոտ 10 մլրդ դոլար։
Հոսեյնիի խոսքով՝ գումարների տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է Բաղդադի կողմից վերջին ժամանակներս իրանական գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման հաշվառմամբ։
ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է տարբեր պատժամիջոցներ, որոնց մի մասն արգելք Է դնում Թեհրանի հետ բանկային գործառնությունների իրականացման վրա:
Օտարերկրյա բանկերը նույնպես հրաժարվում են ֆինանսական գործարքներ իրականացնել Իրանի հետ, քանի որ այդ դեպքում նրանց դեմ կսահմանվեն ամերիկյան երկրորդային պատժամիջոցներ: