ՇՀԿ-ին Բելառուսի և Իրանի միանալու գործընթացը հաջողությամբ առաջ է ընթանում. Չժան Մին

ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը «Մեծ քար» («Великий камень») արդյունաբերական պարկ կատարած այցի ժամանակ լրագրողներին մեկնաբանել է, թե ինչպես է ընթանում Բելառուսի և Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու գործընթացը:

«Ես ավարտել եմ իմ այցն Իրան և ժամանել Բելառուս: Երկու երկրներն արդեն երկար տարիներ որպես դիտորդներ հանդես են գալիս մեր կազմակերպությունում: Այդ տարիների ընթացքում նրանք ակտիվորեն մասնակցել են ՇՀԿ-ի գործունեության հետ կապված բոլոր միջոցառումներին: Նրանք ժամանակին հայտ են ներկայացրել կազմակերպության լիիրավ անդամություն ստանալու համար: Այդ հայտերն ակտիվ արձագանքներ են ստացել ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների կողմից», – ասել է Չժան Մինը։

Նրա խոսքով՝ 2021 թվականին Դուշանբեում մեկնարկել է Իրանի՝ կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգը, 2022 թվականին Սամարղանդում որոշում է ընդունվել Բելառուսի անդամակցության ընթացակարգ սկսելու մասին։

«Ներկայում երկու երկրները, ինչպես նաև ՇՀԿ-ի բոլոր անդամ պետությունները և քարտուղարությունն իրենցից կախված ամեն բան անում են և սերտորեն համագործակցում են այս գործընթացն առաջ մղելու համար: Մասնավորապես, դա վերաբերում է որոշակի ընթացակարգերի իրավական ձևակերպմանը և՛ կազմակերպության ներսում, և՛ այս պետություններում։ Ընդհանուր առմամբ, ներկայում ամեն ինչ հաջողությամբ առաջ Է ընթանում», – ընդգծել Է նա։

Տեսանյութեր

Լրահոս