ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 16 բուժառու տեղափոխվել է Հայաստան. 13 անձ վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև՝ շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ, 16 անձ մարտի 10-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, 13 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ։

Տեսանյութեր

Լրահոս