«Իլհամ Ալիևի թիկնազորի պետը, որը ծագումով Հայաստանից էր և հայերեն էր խոսում, հայերենով կենաց է բարձրացրել…». Արմեն Մինասյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրող, քաղաքագետ Արմեն Մինասյանը նշեց, որ իր համար տպավորիչ է եղել 2009թ. մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցած ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ կայացած հանդիպումը, որն անցկացվում էր Չեխիայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում, որին ժամանել են նաև ադրբեջանցի լրագրողներ:

«Եվրոպական գրեթե բոլոր երկրներից բավականին ազդեցիկ լրագրողներ ներկա էին: Հայ և ադրբեջանցի լրագրողները որոշակի կաշկանդվածություն ունեին այդ բանակցություններին, որոնք լավ երկար տևեցին: Ընթացքում ֆուրշետ էր կազմակերպվել, որից բոլորն օգտվում էին, հայերն ու ադրբեջանցիները մի տեսակ կաշկանդված էին, մոտ չէին գնում, չկար երկխոսություն: Մեկ ժամ հետո, երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեցին մերվել, ես նկատեցի, որ օտարերկրացիների աչքին մեր կոնֆլիկտը մի տեսակ արհեստական է թվում, կողքից տպավորություն էր, որ մենք շատ նման ենք իրար, օտարերկրյա լրագրողների աչքերում կար չհասկացվածություն, թե այս մարդկանց կոնֆլիկտն ինչի՞ շուրջ է: Եվ ես հասկացա, որ մեր խնդիրն ադրբեջանցիներին համոզելը չէ, որ Ղարաբաղը մերն է, մեր խնդիրը օտարերկրյա լրագրողներին համոզելն է, թե ինչումն է մեր կոնֆլիկտի էությունը»,- նշեց Մինասյանը՝ ընդգծելով, որ այդ առումով լուրջ փորձ էր Երրորդ նախագահին ուղեկցելը:

Նա հիշեց, որ Կազանի հանդիպումից առաջ մոտ մեկ տարի Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ինտենսիվ հանդիպումներ էին տեղի ունենում, և 2011թ. հունվարին Սոչիում ոչ ֆորմալ հանդիպում էր կազմակերպվել, որի ժամանակ նախագահները ձյունագնացներ և դահուկներ էին քշում. «Մենք՝ լրագրողներս, միայն ռուսների հետ էինք, չկային ադրբեջանցիներ, և ամենահետաքրքիր դրվագը մեզ հետո պատմում էին թիկնազորի թիմի տղաները, որ իրենց համար առանձին, երբ ռուսները կազմակերպել են թեյախմություն, Իլհամ Ալիևի թիկնազորի պետը ծագումով Հայաստանից էր և հայերեն էր խոսում, հայերեն կենաց է բարձրացրել, անակնկալի են եկել տղաները, և, փառք Աստծո, վաղամեռիկ Գրիգորի Հայրապետովը ադրբեջաներեն էր խոսել, և Մեդվեդևի թիկնազորը զարմացած էր, թե՝ մենք այստեղ ի՞նչ ենք անում, երբ դուք իրար լեզու հասկանում եք: Ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը արևելյան շողոքորթություն էր, այդ սիրալիրությունն արհեստական էր, և, որ այդ նույն թիկնազորի տղաները 2021թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում ուղղակի գնդակահարեցին անզեն էքսկավատորի մեխանիկին, մենք գործ ունեինք այդ նույն մարդկանց հետ: Ասելիքս այն է, որ երբեմն այդ փակ դռների հետևում  կամ ոչ պաշտոնական, կամ պաշտոնական միջավայրում հանդիպում ենք սիրալիրության, բայց այն մարդիկ, ովքեր շփվել են այդ հանրության, այդ երկրի ղեկավարության հետ, երբեք տեղի չեն տալիս և այդ սիրալիրությանը չեն խաբվում, ինչը տեղի ունեցավ 2018թ. հետո»:

Նա ևս մեկ դրված հիշեց, որը, իր խոսքով՝ Սերժ Սարգսյանն է պատմել 2015թ. Բեռնում կայացած հանդիպումից հետո. «Սա հիշեցի, որովհետև ընդամենը մի քանի տարի առաջ ինչ-որ մեկը Ալիևին հռչակեց բարեկիրթ գործիչ: Ես այդ բարեկրթությանն եմ ուզում անդրադառնալ, որ հանդիպումից հետո, երբ պաշտոնական մասն ավարտվում է, Իլհամ Ալիևը բաժակ է բարձրացրել, շնորհավորել է հայ ժողովրդի գալիք Ամանորը, անակնկալի բերելով, այդ թվում, նաև  միջնորդներին: Պարոն նախագահ, այդտեղ դուք առաջարկել եք, որ եթե այդքան համարձակ է, այդ նույն ուղերձը հայ ժողովրդին հղի տեսախցիկների առաջ, ինչից արդեն Ալիևն է անակնկալի եկել»:

Մինասյանն ասաց, որ նախագահին ուղեկցելիս զրույցներ են ունեցել նրա հետ, տարբեր քննարկումներ ունեցել այդ ընթացքում:

«Կազանի հանդիպումից երկու օր առաջ մենք Ստրասբուրգում էինք, նախագահը ելույթ էր ունենում վեհաժողովում, որտեղ բառացիորեն հայտարարեց, որ եթե Կազանում Ադրբեջանը նոր առաջարկներ չբերի, մենք կունենանք դրական արդյունք, նաև նշելով, որ դա մեր երազանքների փաստաթուղթը չէ: Ես հետո հարցրի նախագահին, թե պատրա՞ստ է մտնել այդ պատասխանատվության տակ, նա պատասխանեց՝ Արմեն, սա մեր սերունդը սկսել է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր սերունդն ավարտի այս գործընթացը և հաջորդներին չթողնի: Դրանից հետո ես վստահ էի, որ հայկական կողմը անկեղծ գնում է լուծման, այլ խնդիր է, որ դիմացի կողմը անընդհատ փորձում է բանակցություններն օգտագործել այլ նպատակներով, որոնց ականատես եղանք 2018-ից»,- նշեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս