Ադրբեջանական սրացումները չեն լինելու միայն կամ կոնկրետ Արցախի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, դրանք կարող են լինել նաև ՀՀ սահմաններում. Վիտալի Մանգասարյան

Մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Այսինքն, կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է Ստեփանակերտից դեպի Լիսագոր ուղևորվող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:

Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1-1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է, իսկ մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:

168.amգրել է, որ Ադրբեջանի զինուժը 44-օրյա պատերազմի ժամանակ իջել էր Ստեփանակերտի ուղղությամբ, այդ թվում՝ «Խայփալու» տեղամաս, և մարտական դիրքեր դրել, և, որ ՊԲ-ն հետպատերազմյան ժամանակահատվածում մարտական հերթապահության համար նոր պաշտպանական գիծ է ստեղծել, որի հանգույցներից մեկն այդ հատվածով է անցել:

Կարդացեք նաև

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման հետևանքով ոչնչացված 2 զինծառայողի մասին՝ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզ օղլու և Հուսեյնով Էշգին Ջամիլ օղլու։ Այլ հարց է, որ ադրբեջանական կողմը իրականությունը խեղաթյուրում է և շարունակում «ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման» մասին իր պնդումները, և պարարտ հող ստեղծում հետագա սադրանքների համար: Ավելին, Ադրբեջանն արդեն բացեիբաց խոսել է 2022 թվականի օգոստոսին «Հատուցում» գործողության հնարավոր կրկնության մասին:

Ի՞նչ սպասել արցախյան և հայաստանյան թևում, այդ թվում՝ հաշվի առնելով Արցախի նախագահի՝ ԱԽ նիստում արած հայտարարությունը:

 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.amի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե պարզ էր՝ Ադրբեջանը չէր սահմանափակվելու միայն Լաչինի միջանցքի կամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակմամբ, այլ հետագայում փորձելու էր սեղմել օղակը և գնալ այնպիսի սադրանքի, ինչպիսին եղավ մարտի 5-ին:

«Այս ամենի մասին երեկ ԱԽ նիստի ժամանակ խոսեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանն ուլտիմատում է ներկայացրել և ասել՝ կա՛մ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

Ըստ էության, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ապագայում է՛լ ավելի բարդ իրավիճակներ են ստեղծվելու: Մի կողմից, լավ է, որ Արցախի ղեկավարությունը գիտակցում է՝ Ադրբեջանը կանգ չի առնելու և շարունակելու է հայատյաց քաղաքականությունը, մյուս կողմից՝ տարօրինակ է, որ մինչ այդ տարբեր արցախյան պաշտոնյաներ ադրբեջանական կողմի հետ հանդիպումները բնութագրում էին կառուցողական, ինչ-որ հույսեր հայտնում: Ես չեմ պատկերացնում՝ ինչ խոսակցություն և քննարկումներ են եղել, որ դրանք կառուցողական որակվեցին: Արցախի նախագահն իր ելույթում նաև նշեց, որ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, թե պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված ինտեգրացիոն առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն:

Դա չափազանց վտանգավոր հայտարարություն է, այս պահի դրությամբ շատ հնարավոր է, որ Արցախում նման խմբեր չլինեն, նման խոսակցությունը տեղի չունենա Արցախում, բայց այս հայտարարությունից հետո արդեն մարդկանց խոսույթի մեջ առնվազն այդ թեզերը գեներացվում են: Այս իմաստով Արցախի ղեկավարությունն ավելի հստակ պետք է սահմանի՝ ինչ խնդիր է փորձում լուծել:

Այս պահին այդ հստակությունը չի երևում, քանի որ մի կողմից՝ հայտարարում են, որ գիտակցում են իրավիճակի բարդության աստիճանը և փորձում պատրաստվել դրան, մյուս կողմից՝ պարտվողական քաղաքականություն են փորձում առաջ տանել առնվազն հանրային խոսույթում, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու:

Եթե մեր առջև դրված խնդիրը լինի հստակ, տրամաբանված, ապա որքան էլ ծանր լինի, այն լուծելու հավանականությունը մեծ է: Իսկ եթե 2 քարի արանքում ենք, չենք կարողանում կոնկրետ որոշումներ կայացնել, բնական է՝ վիճակն ավելի բարդ է լինելու»,- շեշտեց Վիտալի Մանգասարյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական հնարավոր քայլերին, փորձագետն ասաց, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններում պարզ հայտարարվում է՝ եթե հայկական կողմը չհամաձայնի իրենց պայմաններին, ապա կիրականացնեն «Հատուցում» օպերացիա, ինչպես 2022-ի ամռանը:

«Փաստացի ասում են՝ սպասեք տարբեր սրացումների: Իմ կարծիքով, այդ սրացումները չեն լինելու միայն կոնկրետ Արցախի ուղղությամբ, դրանք, մեծ հավանականությամբ, կարող են լինել նաև ՀՀ սահմաններում: Տարբեր ուղղություններով Ադրբեջանն այդ պարարտ հողը փորձում է նախապատրաստել: Եվ հարմար պահի, ինչպես դա տեղի ունեցավ 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին, այնպես էլ այս փուլում հնարավոր է Ադրբեջանը տարբեր ուղղություններով հենց Հայաստանի թևում որոշակի մարտական գործողությունների գնա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ նրանք գեներացրին թեզեր Տավուշի, «անկլավների» ուղղությամբ: Եվ այս ամենը ի մի բերելով՝ մենք պետք է պատրաստ լինենք, որ չի բացառվում՝ Ադրբեջանը Տավուշի կամ գուցե Ջերմուկի ուղղությամբ փորձի օղակը սեղմել՝ հաշվի առնելով նաև, որ եղանակները տաքանում են, լեռնային հատվածներում պայմանները մեղմանում են, ուստի հնարավոր է՝ այս ուղղություններով թշնամին խնդիր փորձի լուծել՝ ամրապնդելով ռազմական և դիվանագիտական դիրքերը, որ բանակցություններում մաքսիմալ կարողանա առաջ տանել իր պայմանները»,- եզրափակեց Վիտալի Մանգասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս