Պեկինը մտադիր է նպաստել Թայվանի հետ մայրցամաքային Չինաստանի խաղաղ վերամիավորմանը
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարությունը կշարունակի նպաստել Թայվան կղզու հետ երկրի մայրցամաքային մասի խաղաղ վերամիավորմանը, երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը։
«Մենք (խմբ.՝ մայրցամաքի և Թայվանի բնակիչները) արյունակից եղբայրներ ենք: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայրենիքի խաղաղ միավորման համար, առավելագույն չափով բարի կամք դրսևորել դրա համար», – ընդգծել է նա՝ Պեկինում ելույթ ունենալով երկրի գլխավոր խորհրդակցական և օրենսդիր մարմինների ամենամյա նիստերի ընթացքում անցկացված մամուլի ասուլիսում։
Ինչպես հստակեցրել է Ցին Գանը, Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ չին-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած է Թայվանի հարցը։ Նա նաև նշել է, որ չինական հասարակայնության ներկայացուցիչները հաճախ բացահայտորեն տարակուսանք են հայտնում, թե «ինչու է Վաշինգտոնը խոսում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին և միևնույն ժամանակ անհարգալից դիրքորոշում ցուցաբերում Թայվանի նկատմամբ»։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թայբեյի խաղաղ ու կայուն զարգացման համար իրական սպառնալիք են ներկայացնում Թայվանի անջատողականները:
«Եթե Թայվանի հարցը ճիշտ չկարգավորվի, ապա Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կվատանան», – եզրափակել է նա։
Թայվանն իր սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թ.-ից ի վեր՝ այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, փախան Թայվան:
Այդ ժամանակվանից ի վեր Թայբեյը պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ սա ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։