Հիմքեր կա՞ն արդյոք ՊԵԿ նախագահի հրաժարականի համար
Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Թեպետ ՊԵԿ-ից հերքում են այդ լուրերը՝ հայտարարելով, որ դրանք աղերս չունեն իրականության հետ, այնուհանդերձ ՊԵԿ նախագահի հրաժարականի համար, ցանկության դեպքում, միշտ էլ հիմքեր կգտնվեն։
Դրանցից մեկն էլ կարող է լինել այն, որ ձախողվել է համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի հավաքման՝ կառավարության անցած տարվա ծրագիրը։
Ճիշտ է, անցած տարի ՊԵԿ-ն ապահովեց բյուջեով նախատեսված հարկային մուտքերը, նույնիսկ գերակատարեց։ Նախորդ տարվա համեմատ մուտքերի ավելի քան 21 տոկոսով աճ գրանցվեց։ Բայց անգամ այդ պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը փաստացի չի բարելավվել, նույնիսկ վատացել է։
Ինչպես նախկին բոլոր կառավարությունները, այնպես էլ գործողն իր առաջ խնդիր է դրել տարեցտարի ավելացնել ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը։
Անցած տարի կառավարությունն ակնկալում էր հասնել հարկային եկամուտների հավաքագրման էական բարելավման։
«Բարձր տնտեսական աճի պայմաններում, հարկային վարչարարության լրացուցիչ ջանքի և օրենսդրական բարեփոխումների արդյունքում, ակնկալվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թվականին կբարելավվի շուրջ 0,9 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 1843,9 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 23,4 տոկոսը»,- 2022թ. պետական բյուջեի ուղերձում արձանագրել էր կառավարությունը:
2021թ. հարկերի մակարդակը ՀՆԱ-ում ակնկալվող 22,5-ի փոխարեն՝ կազմեց 22,7 տոկոս։ Կառավարությունը նախատեսել էր, որ բարձր տնտեսական աճի պայմաններում, օրենսդրական փոփոխությունների ու վարչարարության բարելավման արդյունքում անցած տարի պիտի հասներ 23,4 տոկոսի։
Հանկարծակի ծագած գործոնների և արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում նախատեսվածից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքվեցին, սակայն ՀՆԱ-ի մեջ հարկային եկամուտների բարելավում այդպես էլ տեղի չունեցավ։
Հետագայում, իհարկե, կառավարությունը բարելավման ակնկալիքը նվազեցրեց, բայց դա էլ չհաջողվեց կատարել։
Այս տարվա պետական բյուջեի ուղերձով, կառավարությունն ակնկալում էր, որ 2022թ. ՀՆԱ-ի մեջ հարկերի ցուցանիշը կկազմի 23,2 տոկոս՝ «2022 թվականի առաջին ութ ամիսներին հարկման բազաների բարձր աճի և 2021 թվականի հարկային օրենսդրության փոփոխությունների պայմաններում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են բարձր տեմպերով՝ շուրջ 25,2 տոկոսով: Այդ պայմաններում, 2022թ. հարկային եկամուտների սպասվող ցուցանիշը ճշգրտվել է դեպի վեր՝ հասնելով 1,920 մլրդ դրամի, որի պայմաններում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կբարելավվի 0,5 տոկոսային կետով՝ հասնելով 23,2 տոկոսի»։
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է անցած տարվա ՀՆԱ ցուցանիշը, թեև նախնական, բայց այն լիարժեք հնարավորություն է տալիս գնահատել, թե որքանո՞վ է կառավարությանն ու Պետեկամուտների կոմիտեին հաջողվել ապահովել հարկեր-ՀՆԱ թիրախային մակարդակը։
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 8 տրիլիոն 496 մլրդ դրամ։ Դրանից հավաքվել է շուրջ 1 տրիլիոն 926 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր։
Հավաքագրված հարկերը և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 22,66 տոկոսը։
Ակնկալիքը սկզբում՝ 23,4, իսկ հետո՝ 23,2 տոկոսն էր։ 2021թ. էլ այն կազմել էր 22,73 տոկոս։
Ստացվում է, որ հարկերի ու տուրքերի հավաքագրման մակարդակն անցած տարի ՀՆԱ նկատմամբ նույնիսկ վատացել է։
Ամբողջ տարվա ընթացքում խոսում էին հարկերի հավաքման պատմական ռեկորդների մասին, իսկ հավաքագրման արդյունավետությունն ահա այսպիսին է։
Սրա համար ՊԵԿ-ում, անշուշտ, բազմաթիվ պատճառաբանություններ կարող են բերել, կասեն, որ չեն ստացվել ԵԱՏՄ-ից ակնկալվող մուտքերը, բայց անկախ ամեն ինչից՝ փաստացի ունենք այն, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի նախատեսված բարելավումը, որը պետք է լիներ անցած տարի, չի եղել։ Այն շարունակել է պահպանվել նախորդ տարվա մակարդակում։
Այնպես չէ, որ սա առաջին տարին է, երբ ունենք այդպիսի պատկեր: Ընդհանրապես վերջին երեք տարիներին կառավարությանը հաջողվել է ընդամենը 0,3 տոկոսային կետով ավելացնել ՀՆԱ-ի մեջ հարկային եկամուտների մակարդակը։
2019թ. հարկեր-ՀՆԱ-ն 22,4 տոկոս էր, 2020թ. այն ոչ մի առաջընթաց չունեցավ և պահպանվեց նույն մակարդակում։ 2021թ. 0,3 տոկոսային կետով բարելավվեց՝ նաև ԵԱՏՄ-ի բյուջեից ստացված գումարների ավելացման հաշվին, իսկ 2022թ. նորից մնաց նախորդ տարվա մակարդակին։
Երեք տարում ունենք ընդամենը 0,3 տոկոսային կետով աճ, ինչը մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է լուրջ առաջընթաց համարել։
Անցած տարվա միտումները վկայում են, որ հարցականի տակ է նաև հարկեր-ՀՆԱ այն ցուցանիշի ապահովումը, որը կառավարությունը դրել է այս տարվա պետական բյուջեի հիմքում։
2023թ. ակնկալվում է ապահովել ՀՆԱ-ի մեջ հարկային եկամուտների ու պետական տուրքերի 23,7 տոկոս մակարդակ։ Դրան հասնելու համար պետք է 1 տոկոսային կետով բարելավվեն հարկերի հավաքագրումները ՀՆԱ-ում։
Թե դա ինչքանո՞վ է իրատեսական, վկայում են նախորդ 3 տարիների արդյունքները, երբ միջին տարեկան հաջողվել է ընդամենը 0,1 տոկոսային կետի բարելավում արձանագրել։
Սա լուրջ ձախողում է, որը հետևությունների տեղիք տալիս է։ Այլ բան, թե որքանով կարվեն այդ հետևությունները։
Ի դեպ, այս տարվա սկզբին արդեն իսկ որոշակի խնդիրներ են նկատվում հարկային եկամուտների փաստացի հավաքագրման և վարչարարության բարելավման առումով։ Թեև մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են, այնուհանդերձ նվազել է աճի տեմպը։ Տնտեսության անվանական աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան հարկային եկամուտներինը։ Բայց դրան մեկ այլ անգամ կանդրադառնանք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ