Բաժիններ՝

Սեուլը որոշում է ընդունել հարկադրական աշխատանքի զոհերի փոխհատուցումների մասին՝ Տոկիոյի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով

Հարավային Կորեան քայլեր է ձեռնարկել՝ ուղղված Ճապոնիայի հետ հարաբերությունները բարելավելուն: Այսօր Սեուլը հայտարարել է, որ կստեղծի հասարակական հիմնադրամ, որպեսզի փոխհատուցումներ վճարի ճապոնական գաղութատիրության ժամանակ հարկադրական աշխատանքի զոհ դարձած կորեացիներին:

Կորեայի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Ճապոնիայի ընկերություններից ուղղակի վճարումների փոխարեն՝ նվիրատվություններ են հանգանակելու մասնավոր կազմակերպություններից։

Հարկադրական աշխատանքի զոհերին վճարումների շուրջ տարաձայնությունները Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության հարաբերություններում հիմնական խոչընդոտներից մեկն են: Տոկիոյում կարծում են, որ նման կարգի բոլոր ֆինանսական պահանջները կարգավորվել են դեռ 1965 թվականին՝ երկկողմ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելիս:

2018 թվականին Հարավային Կորեայի Գերագույն դատարանը վճռել Էր, որ Ճապոնիայի Mitsubishi Heavy Industries-ը և Nippon Steel-ը պետք է փոխհատուցում վճարեն Կորեայի քաղաքացիներին. այդ որոշումը սրել էր երկու պետությունների միջև հարաբերությունները։ Սակայն Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի իշխանության գալուց հետո կողմերը վերսկսեցին ակտիվ երկխոսությունը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

Ըստ Associated Press-ի՝ այս որոշումը ցույց է տալիս Հարավային Կորեայի ղեկավարի վճռականությունը՝ կարգավորելու հարաբերությունները Ճապոնիայի հետ և ամրապնդելու անվտանգության համագործակցությունը Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի միջև: Այս եռակողմ համագործակցության նպատակն է ավելի լավ դիմակայել Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքներին:

ТАСС-ը հաղորդում է, որ Ճապոնիայի կառավարությունը ողջունել է հասարակական հիմնադրամ ստեղծելու՝ Հարավային Կորեայի իշխանությունների որոշումը: Այս քայլը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ սա նոր էջ կլինի Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակիցներից երկուսի համագործակցության և գործընկերության համար: Ի դեպ, Սեուլի այս որոշումը դժգոհություն է առաջացրել հարկադրական աշխատանքի զոհերի և նրանց աջակիցների շրջանում. նրանք փոխհատուցում են պահանջում անմիջապես ճապոնական ընկերություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս