Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունը
Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի ընտրություններում հաղթանակ Է տանում իշխող լիբերալ Բարեփոխումների կուսակցությունը՝ վարչապետ Կայա Կալասի գլխավորությամբ։
Քվեաթերթիկների գրեթե 100%-ի մշակումից հետո այն հավաքում է ընտրողների ձայների ավելի քան 31%-ը՝ մեծ տարբերությամբ գերազանցելով իր մրցակիցներին, վկայում են Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Բարեփոխումների կուսակցությունը, որը հանդես Է գալիս երկրի անվտանգության ամրապնդման, Կրեմլի նկատմամբ կոշտ դիրքորոշման և Ուկրաինային համապարփակ աջակցության ցուցաբերման օգտին, կարող է 37 պատգամավորական մանդատի հույս ունենալ, ինչը երեքով ավելի է, քան 2019 թվականի նախորդ ընտրություններում։ Երկրորդ տեղում Էստոնիայի աջ պոպուլիստական Պահպանողական Ժողովրդական Կուսակցությունն է (EKRE), որի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 16%-ը:
Սա կուսակցությանը 17 մանդատ Է տալիս խորհրդարանում։ Երրորդ տեղում Կենտրոնամետ կուսակցությունն է, որը հավաքում է ձայների ավելի քան 15%-ը և ստանում 16 մանդատ։ Խորհրդարան Է անցնում ևս երեք կուսակցություն՝ Eesti 200 երիտասարդ ազատական կուսակցությունը, պահպանողական Isamaa-ն («Հայրենիք») և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները չեն հաղթահարում 5 %-ի շեմը։ Նախնական տվյալներով՝ Էստոնիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,7 %՝ մոտավորապես նույնը, ինչ 2019 թ. ընտրություններում: Ընդհանուր առմամբ, քվեարկել է շուրջ 615 հազար ընտրող, որից ավելի քան 301 հազարն օգտվել է թղթե քվեաթերթիկներից, իսկ ավելի քան 313 հազարը՝ ինտերնետ-քվեարկությունից։ 101 պատգամավորական մանդատի համար պայքարին մասնակցել է 968 թեկնածու՝ ինը քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև 10 անկախ թեկնածու։
Իշխանության ղեկին մնալու համար Բարեփոխումների կուսակցությունը պետք է կրկին կոալիցիա կազմի մեկ կամ մի քանի այլ կուսակցությունների հետ։ Միևնույն ժամանակ Կալասը բացառել է EKRE-ի հետ կոալիցիայի մեջ մտնելու հնարավորությունը՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով։ EKRE կուսակցության առաջնորդ Մարտին Հելմեն հետևողականորեն դեմ է հանդես գալիս Ուկրաինային զենք մատակարարելուն։ Վերջերս նա Պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Մարտին Հերեմին մեղադրել Է այն բանում, որ Էստոնիան խարխլել Է սեփական պաշտպանունակությունը՝ Կիևին հանձնելով իր զենքն ու զինամթերքը: