Հնարավոր է՝ ընդունելության քննությունների ձմեռային փուլի ժամկետները փոխվեն
2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների ձմեռային փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 6 հազար 856 դիմորդ: Նրանցից շատերը նաև երկու քննություն են հանձնել, ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 10 հազար 817 դիմորդ: Այս տարվա փոփոխությունների համաձայն, իրենց արդյունքներից դժգոհ դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել նաև ամառային փուլին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ավելացնելով, որ ձմեռային փուլում 6 հազարից ավելի հայտագրումը բավական լավ ցուցանիշ է: Դա խոսում է այն մասին, որ այս մոտեցումը հետաքրքրում է աշակերտներին:
«Մեծ հաշվով այս տարբերակը՝ նկատի ունեմ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը, շատ շահեկան է աշակերտների համար: Ծանոթանում են կազմակերպական գործընթացներին, քննական մթնոլորտին: Եվ նրանց գնահատականները վճռորոշ չեն, այսինքն՝ կարող են քննություն հանձնել նաև ամռանը, եթե գնահատականները չեն գոհացնում»,-ասաց Կարո Նասիբյանը:
Անդրադառնալով քննական արդյունքներին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ մյուս առարկաների համեմատ ավելի բարձր միջին ցուցանիշ գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 14.1 միավոր: Սովորաբար նշված առարկայից միջին ցուցանիշը ցածր է լինում: «Հայոց պատմություն» առարակային հաջորդում է «Կենսաբանություն»-ը՝ 13.1 միավոր, «Անգլերեն»-ը՝12.9, «Հայոց լեզու»-ն՝ 10.8 միավոր:
«Մենք սպասում էինք, որ գնահատականներ ավելի ցածր կլինեն՝ նախորդ տարվա հունիսին անցկացված քննությունների համեմատ: Աշակերտների մեծ մասը դեռ չէր ավարտել այդ դասընթացը, ծրագրային նյութը և չէր կարողացել ավելի բարձր գնահատական ստանալ»,-ասաց Կարո Նասիբյանը:
Ձմեռային քննական փուլը մի խումբ դիմորդների համար, պարզվում է, փորձաշրջան էր հուշաղթղթից կամ տեխնիկական այլ միջոցների օգտվելու հնարավորությունը ստուգելու համար: Քննական գործընթացին հետևողները 30-ից ավելի դիմորդի մոտ հայտնաբերել են հեռախոսներ:
«Որոշներն ուզում էին փորձել, հասկանալ, թե ինչպես կարող են քննության ժամանակ օգտվել հեռախոսներից, տեխնիակական այլ միջոցներից: Երբ հեռախոսները հայտանբերում էինք, ոչ ոք չէր ասում, դե լավ, թույլ տվեք շարունակեմ քննությունը, ինքնուրույն գրեմ: Առանց որևէ խոսք ասելու՝ դուրս էին գալիս: Դա նշանակում է, որ իրենք պատրաստ չէին»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Զմռանը ընդունելության քննություններն անցկացնելը փոքր-ինչ դժվարություններ է առաջացրել կազմակերպական հարցերի հետ կապված: Հատկապես դժվարություններ են եղել դպրոցների դահլիճները ջեռուցելու հարցում: Դա հաշվի առնելով՝ քննարկումներ են անցկացվում ժամկետների փոփոխության հետ կապված: Հնարավոր է հաջորդ անգամ քննությունները անցկացվեն ոչ թե հունվարին, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին