Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ կբախվեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շահերը. Արսեն Գասպարյան

«ԵԱՀԿ Մինսկի խումբը վախճանվեց, այո՛, ես շեշտում եմ՝ այն, իսկապես, վախճանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչից հետո մենք ստացանք մի գործընթաց՝ խիստ վտանգավոր Հայաստանի և Արցախի համար։ Խոսքը Եվրոպական միության դիտորդների վերաբերյալ կնքված պայմանագրի մասին է, որի համաձայն՝ ԵՄ 100 դիտորդ տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի ներսում՝ ՆԱՏՕ-ի հանձնառություններին համահունչ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ Եվրամիության այն փաստաթուղթը, որի համաձայն՝ այդ 100 դիտորդը տեղակայվել է Հայաստանում, պարունակում է մի շատ վտանգավոր դրույթ.

«Մասնավորապես՝ ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ փաստաթղթի հենց առաջին տողում հղում է արված ԵՄ պայմանագրի 42 և 43-րդ հոդվածներին, որոնց մասին բուն դիտորդների տեղակայման վերաբերյալ պայմանագրում ոչինչ գրված չէ, սակայն, ըստ այս 42 և 43 հոդվածների, ԵՄ քաղաքացիական առաքելությունը Եվրոպական խորհրդի որոշմամբ կարող է դառնալ խաղաղապահ ուժ, ընդ որում՝ մարտական ուժ, որը կարող է կառավարել ճգնաժամեր։ Իսկ եթե հիշում ենք նաև՝ ԵՄ անդամ 27 պետությունից 21-ը ՆԱՏՕ անդամ երկրներ են, ապա պարզ է դառնում, որ եթե վաղը Բրյուսելում որոշեն, որ այս քաղաքացիական առաքելությունը պետք է վերածվի խաղաղապահ ուժի, որը գործելու է ՆԱՏՕ-ի հանձնառություններին համահունչ, այդ դեպքում պարզ է՝ Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ կբախվեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շահերը, որը հնարավոր է, եթե Բրյուսելում այդ որոշումը կայացնեն. նրանք անգամ չեն հարցնելու Հայաստանի կարծիքը»։ Ճգնաժամային իրավիճակներում աշխատելու հանձնառությամբ Հայաստան եկած Եվրամիության դիտորդների գործունեության վերաբերյալ Արսեն Գասպարյանը շեշտեց՝ այդ աշխատանքը կարգավորող Եվրամիության պայմանագրի 42 և 43-րդ հոդվածը գաղտնի փաստաթղթի մեջ չէ, այն կարող են կարդալ բոլոր ցանկացողներն ու տեսնել՝ դա առանց որևէ խնդրի Բրյուսելին տալու է քաղաքացիական առաքելությունը մարտականի փոխարինելու հնարավորություն, ինչը փոքր Հայաստանի դեպքում ունենալու է աղետաբեր հետևանքներ։

«Հայաստանի տարածքում մի կողմից՝ ռուսական ռազմական բազան է, հիմա դրան ավելացավ նաև ԵՄ քաղաքացիական, բայց առանց խոչընդոտի ռազմականի վերածվելու ունակ մի առաքելություն։ Հարց է առաջանում՝ այս փոքր երկրում որքա՞ն կարելի է երրորդ երկրի ուժեր բերել կուտակել»,- մտահոգություն հնչեցրեց Արսեն Գասպարյանը։

Հաղորդման մասնակից, Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն էլ ընդգծեց՝ Արևմուտքը Հայաստանի դեպքում տալիս է ընդամենը խոստումներ, որոնք այդպես էլ գործ չեն դառնում, մինչդեռ Ուկրաինայի դեպքում գործ ունենք մեծ ծավալի ռազմական աջակցության հետ։

«Մեզ ռեալ դաշնակիցներ են պետք. Օրինակ՝ Ֆրանսիան և Գերմանիան արդեն խոսում են Ուկրաինայի հետ պաշտպանական դաշինք կնքելու մասին, իսկ ինչո՞ւ մեզ դա չեն առաջարկում. տեսնո՞ւմ եք, որ ռեալ առաջարկներ կան Ուկրաինային, բայց ոչ թե մեզ. մեզ առաջարկում են ընդամենը թատրոն»,- նշեց Խաչիկյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս