Յակոբսոնի անվան բալետի թատրոնը Հայաստանում կներկայացնի «Դոն Կիխոտ»-ը
Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան աշխարհահռչակ բալետի պետական ակադեմիական թատրոնի արտիստները Հայաստանում ժամանակակից մոտեցմամբ կներկայացնեն Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը:
Արվեստասերները սպասված ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան մարտի 3-4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թատերախումբը հանդես կգա Երևանի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի դիրիժոր Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկին:
Մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ մեծ պատիվ է Յակոբսոնի անվան թատրոնի արտիստներին հյուրընկալելը:
«Ինձ համար շատ հաճելի է, որ այս թատրոնը կրում է ականավոր խորեոգրաֆ Լեոնիդ Յակոբսոնի անունը, որն իր ժամանակին յուրահատուկ ու նորարարական ներկայացումներով մեծ հեղափոխություն է արել բալետային արվեստում»,-ասաց նա:
Կարեն Դուրգարյանի խոսքով՝ Յակոբսոնին Հայաստանի հետ է կապում մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: «Առաջին անգամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրվել է Մարիինյան թատրոնում: Բեմադրիչը եղել է Յակոբսոնը: Մոտավորապես 800 կոստյում է կարվել այդ ներկայացման համար, և այն համարվել է ամենաշքեղ բեմադրություններից մեկը: Շատ հաճելի է, որ այդ երկու մեծերը համատեղ աշխատել են: Մի ուշագրավ դեպք է պատահել նրանց միջև: 1956 թվականին Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա երկու ջենթլմեն լուրջ վիճում են. վեճը վերածվում է կռվի: Անցորդները ոստիկանություն են կանչում, և ոստիկանները ջենթլմեններին տանում են բաժին: Պարզվում է՝ վիճում են Խաչատրյանն ու Յակոբսոնը: Վեճի պատճառն այն է, թե ինչու է կրճատվել բալետի այս կամ այն մասը և այլն: Սանկտ Պետերբուրգում հաճախ են պատմում այս պատմությունը, երբ խոսում են Խաչատրյանի ու բալետի մասին: Պատմությունն անգամ գրքերում է ներառվել»,-պատմեց Դոււրգարյանը:
Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ֆադեև Անդրիան Գուրիևիչը ևս մեծ պատիվ համարեց Հայաստանում հանդես գալը: «Երբ առաջին անգամ ես որևէ տեղ մեկնում և առաջին հանդիպումն է սպասվում հանդիսատեսի հետ, անհանգստանում ես, քանի որ թատրոնը հանդիսատեսի ու արտիստի միջև կապն է, փոխադարձ հույզերն են, ապրումները, մթնոլորտը: Երբեմն պատահում է՝ հանդիսատեսն ասես սառում է, թվում է՝ չի շնչում, հետո քննարկում է այն, ինչ տեսել է: Մենք մի քիչ անհանգստանում ենք»,-խոստովանեց նա ու հավելեց՝ Երևանի օպերային թատրոնում զգացվում է իրական թատրոնի ոգին:
Նրա խոսքով՝ հաճախ են շրջագայում և տեխնիկապես հագեցած դահլիճներում են հանդես գալիս, սակայն նման վայրերում երբեմն բացակայում է այն յուրահատուկ թատերական, արտիստական մթնոլորտը, որը երևանյան թատրոնում է:
Իսկ Արամ Խաչատրյանի անունը նրանց համար ևս շատ կարևոր է: «Ինչպես ասվեց, ժամանակին մեր թատրոնի հիմնադիրն ու Խաչատրյանը համատեղ հրաշք են ստեղծել: «Սպարտակ» բալետով նրանք պարզապես պայթեցրել են ոլորտը, զարմացրել համաշխարհային բալետը: Նրանք «Սպարտակ»-ի հիմքում ոչ դասական ուղղվածության բալետն են դրել, նոր, համարձակ բեմադրություն են արել, որը հեղափոխություն է համարվել բալետային արվեստում: Խաչատրյանն ու Յակոբսոնը նորարարներ են եղել և դասականներ են դարձել իրենց բնագավառներում՝ մտնելով համաշխարհային արվեստի պատմության մեջ»,-շեշտեց Գուրիևիչը:
Անդրադառնալով իրենց թատրոնին՝ նա ասաց, որ թատերախումբը փոքր է, սակայն հրաշալի մենապարողներ ունի: «Պատահում է՝ փոքր թատրոնները մենակատարների են հրավիրում ավելի մեծ թատրոններից: Փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք: Մեր փայլուն պարողներից են Ելենա Չերնովան և Վյաչեսլավ Սպիլչևսկին, որոնք «Դոն Կիխոտ»-ի գլխավոր դերակատարներն են ու հանդես են գալու Երևանում»,-ընդգծեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Ելենա Չերնովան առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում: Ասում է՝ սիրել է մեր քաղաքը օդանավակայանից դուրս գալուն պես: «Հույս ունեմ, որ մեր ներկայացումը հաջող կանցնի, դուր կգա երաժշտասերներին: Մեզ հաճելի է այստեղ ներկայացնել այս բեմադրությունը, որը տարբերվում է դասական բալետից: Անհամբերությամբ եմ սպասում մեր ելույթին»,-նշեց պարուհին:
Վյաչեսլավ Սպիլչևսկին արդեն հնարավորություն ունեցել է շրջել Երևանում և շեշտում է, որ իրեն դուր է եկել եղանակը, քանի որ Ռուսաստանում դեռ շատ ցուրտ է: «Երբ նոր երկիր ես գալիս, շատ հետաքրքիր է. նոր լեզու, նոր մշակույթ… Իմ առաջին տպավորությունը մարդկանց հետ շփումներից շատ հաճելի է: Զբոսնում ենք ու վայելում»,-ասաց նա:
Անդրադառնալով «Դոն Կիխոտ»-ին՝ Սպիլչևսկին նշեց, որ այն շատ վառ ներկայացում է, դինամիկ է և հանդիսատեսին շատ է դուր գալիս:
Ներկայացման բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան:
Թատրոնի ստեղծագործական կազմը հույս հայտնեց, որ կրկին կայցելեն Հայաստան ու տեղի արվեստասերներին կներկայացնեն իրենց խաղացանկի այլ բեմադրություններ ևս: Չի բացառվում, որ հանդես գան երևանյան թատրոնի արտիստների հետ համագործակցությամբ:
Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը եզակի արտիստական կոլեկտիվ է, որը մարգարիտ է համարվում ոչ միայն Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանում, այլև համաշխարհային մշակութային հարթակում: Թատրոնը հպարտանում է 50-ամյա պատմությամբ և պատվով կրում է իր հիմնադիր, 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույց Լեոնիդ Յակոբսոնի (1904–1975) անունը։
Կոլեկտիվն ստեղծվել է 1966 թվականի նոյեմբերի 12-ին ԽՍՀՄ մշակույթի նախարարության պատվերով: Լեոնիդ Յակոբսոնը թատրոնի ղեկավարի պարտականություններն ստանձնել է 1969 թվականին, ինչից հետո թատերախումբը նոր կյանք է սկսել:
Թատրոնը Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր:
Թատրոնի խաղացանկն ընդգրկուն է՝ «Սպարտակ», «Ժիզել», «Կարապի լիճ», «Շելկունչիկ», «Քնած գեղեցկուհին», «Դոն Կիխոտ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլն: