Նոր էջ Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում. GIZ-ն ու KfW-ն Հայաստանում գրասենյակներ կհիմնեն

«Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն»-ը (GIZ) և Վերականգնման վարկերի բանկը (KfW) տեղական գրասենյակներ կունենան Հայաստանում: Երևանում մարտի 2-ին տեղի ունեցավ երկու կառույցների կողմից Հայաստանում գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման համաձայնագրի ստորագրման արարողություն: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում նշեց, որ այսօր, կարելի է ասել, ավարտում են մի գործընթաց, որը սկսվել է 12 տարի առաջ, երբ քննարկում է սկսվել Հայաստանում գերմանական GIZ և KfW ընկերությունների տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ: «Ըստ էության, դրանք դիվանագիտական գրասենյակների կարգավիճակ ունեցող գրասենյակներ են, և այսօր մենք, ըստ էության, փոխանակելու ենք համաձայնագրերը, որոնք հետո պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից: Բայց կարելի է ասել, որ գործի գրեթե ամբողջ մասը սրանով ավարտվում է: Շատ սիմվոլիկ է, որ մենք փոխանակում ենք այս համաձայնագրերը այն պահին, երբ ՀՀ վարչապետը այցով գտնվում է Գերմանիայում, և այս երկու փաստերի համատեղ կայացումը նշանակում է, թե ինչքան ենք մենք կարևորում Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները, որոնք զարգանում են բավականին ակտիվ»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը հավելեց, որ GIZ-ը և KfW-ն Հայաստանում գործող ամենաակտիվ կառույցներից են: «KfW-ն հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն: Բազմաթիվ նախագծեր ունենք ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրամբարների կառուցման ուղղությամբ, հիմա ունենք երկու խոշոր ծրագիր՝ Կապսի ջրամբարի շինարարությունը, ինչպես նաև դեպի Վրաստան էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Եվ մենք հուսով ենք, որ շուտով գործնական փուլ կմտնենք այս երկու ծրագրերի մասով: Նաև հույս ունենք, որ տեղային գրասենյակների հիմնումը պետք է նշանակի, որ մենք ավելի սերտ համագործակցության ապագա ունենք երկու ընկերությունների հետ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

GIZ-ի հետ Հայաստանի հարաբերությունները բազմաշերտ են: Շատ մեծ է GIZ-ի աջակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարությունների ոլորտներում: «Դա բարձրակարգ համագործակցություն է, որի արդյունքում իրականում հասնում ենք մեր գլխավոր նպատակին՝ ազդեցության փոփոխությանը: Այսինքն, այն ծրագրերը, որոնք անում ենք GIZ-ի հետ, իսկապես ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա»,- նշեց նա:

Եզրափակելով խոսքը՝ Քերոբյանը կարծիք հայտնեց, որ երկու կառույցների կողմից Հայաստանում գրասենյակների հիմնումը նոր էջ է բացում Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս