«Մենք չենք հավատում, որ պատժամիջոցներն այս առումով կարող են արդյունավետ լինել». ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանը՝ Լաչինի միջանցքի խնդրի մասին

Մեքսիկան միջազգային տարբեր հարթակներում բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ, որի արդյունքում կշահեն երկու ժողովուրդները։ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Մեքսիկայի դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա), որը Հայաստան է ժամանել հավատարմագրերի հանձնման համար։ Հարցազրույցի ընթացքում դեսպանը խոսել է հայ-մեքսիկական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության, Մեքսիկայում հայ համայնքի մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրին։

– Պարոն դեսպան, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ օրակարգով եք Հայաստան ժամանել, ի՞նչ հանդիպումներ, այցեր են սպասվում:

– Ես այստեղ եմ առաջին հերթին որպես նորանշանակ դեսպան իմ հավատարմագրերը հանձնելու համար։ Հայաստան այցի շրջանակներում նախատեսված են նաև այլ, մասնավորապես՝ մշակույթի ոլորտին առնչվող հանդիպումներ, օրինակ՝ կայցելեմ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։ Եվ, իհարկե, կանցկացվեն հանդիպումներ, որոնք կրում են քաղաքական բնույթ, օրինակ՝ կհանդիպեմ Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ հայ գործարարների հետ տնտեսական հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Սա իմ առաջին այցն է, և առաջին այցով իսկ նախատեսվում է ընդգրկել բոլոր հնարավոր ասպեկտները։

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունները։ Հայ-մեքսիկական հարաբերություններում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ո՞ր ոլորտները զարգացման ներուժ ունեն։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում կողմերի միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը ընդլայնելու։

– Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ նշեմ, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ։ Հայաստանի անկախությունից ի վեր 30 տարիների ընթացքում երկու երկրները միշտ պահպանել են բարիդրացիական հարաբերություններ։ Եվ այն մանդատով, որով եկել եմ Հայաստան, պետք է ավելի ուժգնացնեմ և խթանեմ երկկողմանի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում՝ կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլն։

Ինչ վերաբերում է տնտեսության ոլորտին՝ գիտեք, որ ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև այդքան էլ մեծ չէ և դա պայմանավորված է տարբեր գործոններով։ Մենք ունենք հարևան, որի հետ շատ ենք համագործակցում, որին շատ ապրանքներ ենք վաճառում և այդ երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Դուք էլ ձեր հերթին ունեք ձեր հարևանների հետ առևտրային կապեր, օրինակ՝ Ռուսաստանը, Եվրամիությունը։ Իրականում գոյություն չի ունեցել այդ մեծ խթանը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար, չնայած, անկասկած, կա մեծ ներուժ։ Այս առումով երեկ զրույց եմ ունեցել մի հայի հետ, ով ապրել է Մեքսիկայում ու շատ հետաքրքրված է, որպեսզի խթանի հայկական ներկայությունը Մեքսիկայում, ինչպես նաև Մեքսիկայի ներկայությունը Հայաստանում։

– Դուք Հայաստանում Մեքսիկայի դեսպան եք նշանակվել երկրի համար դժվարին ժամանակում,Ադրբեջանը 80 օր է փակ է պահում Լեռնային Ղարաբաղը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչը խաթարել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և առաջացրել է հումանիտար ճգնաժամ։ Չնայած միջազգային կոչերին, քննադատություններին և բոլորովին վերջերս Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվում է ապահովել տրանսպորտի, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը որևէ քայլեր չի ձեռնարկում, որպեսզի բացի Լաչինի միջանցքը։ Որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի բարեկամ Մեքսիկայի ներկայացուցիչ, ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանի այս քայլի նկատմամբ: Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը և, մասնավորապես, Մեքսիկան, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը։ Արդյո՞ք Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու ժամանակը չէ։

– Մենք տեղեկացված ենք Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար ճգնաժամի մասին։ Մեքսիկան իր հերթին բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը միջազգային համաժողովների ժամանակ։ Այս խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Մեր երկիրը իրոք ձգտում է խաղաղության և խաղաղության կողմնակից է։ Կարծում ենք, ամենաճիշտ ճանապարհն է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով գտնել խնդրի լուծումն, ու լուծման մեջ գերակայողը պետք է լինի ժողովուրդների շահը։

Մենք չենք հավատում, որ պատժամիջոցներն այս առումով կարող են արդյունավետ լինել։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների սկսվելու հետ կապված շատ երկրներ փորձում էին պատժամիջոցներ կիրառել կողմերի, հատկապես՝ Ռուսաստանի դեմ, բայց Մեքսիկան չի միացել այդ պատժամիջոցներին։

Մեքսիկան միջազգային ֆորումներում բազմիցս մատնանշել է նաև, որ այդ խնդիրը պետք է ազդեցություն չունենա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապրելակերպի և կյանքի որակի վրա։ Մենք բազմիցս կոչ ենք արել Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ այս խնդրին լուծում տալու համար, որովհետև որքան էլ պատժամիջոցներ կիրառվեն, վերջին հաշվով տուժելու է ժողովուրդը։ Դրա վառ օրինակն է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցը, որը իրականում չի տալիս ցանկալի արդյունքը, և իրականում տուժում է միայն ժողովուրդը։

– Ճշգրտող հարց՝ Մեքսիկան Լաչինի միջանցքի անխափան գործելու կողմնակի՞ց է ։

– Այո, Մեքսիկան իր կարծիքը արտահայտել է և կողմ է, որպեսզի Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ լինի։

– Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Մեքսիկայի բնակչության շրջանում այս հարցի առնչությամբ ի՞նչ տրամադրություններ կան, արդյոք տեղեկացված են Հայոց ցեղասպանության փաստի մասին։

– Ցավոք, այս պահին հայկական ներկայությունը Մեքսիկայում շատ քիչ է։ Պատմության ընթացքում Մեքսիկան շատ է ընդունել հայ միգրանտներ։ Այս մարդկանց համար թեման շարունակում է մնալ կարևորներից մեկը։ Ընդհանուր առմամբ, իրազեկվածությունը շատ ցածր է, թե ինչ է տեղի ունեցել իրականում այս տարածաշրջանում, չնայած՝ առկա են որոշ հաստատություններ, որոնք խոսում և մատնանշում են այդ փաստը։ Մեխիկո քաղաքում կա Հիշողության և հանդուրժողականության թանգարան, որտեղ պարբերաբար խոսում են մարդկության պատմության ընթացքում ցեղասպանությունների և կոտորածների մասին։

Այնտեղ շատ անգամ հիշատակվում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովրդի հետ կապված։ Պատասխանելով ձեր հարցին՝ նորից կրկնեմ, որ իրազեկվածությունը իրականում ցածր է, բայց կան գործող կառույցներ, որոնք ուշադրություն են դարձնում այդ խնդրի վրա, դրանցից մեկը նաև Մեքսիկայի Սենատն է։

– Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նաև 2021, 2022 թթ ընթացքում օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է պահել 2020-ի Արցախի պատերազմի ընթացքում գերեվարված հայերին: Ըստ ձեզ՝ միջազգային հանրություն ի՞նչ անելիք ունի, ի՞նչ քայլեր են պետք՝ ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքից, վերադարձնել հայ ռազմագերիներին։

– Գոյություն ունեն բազմակողմանի մեխանիզմներ, հենց ՄԱԿ-ի, Եվրամիության, նաև՝ ասիական հարթակները, որոնք կարող են իրենց ձայնը բարձրացնել և արտահայտվել հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, որպեսզի թե ապահովվի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և թե կոնկրետ լուծումներ ստանան հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցերը։ Ռազմագերիների հարցը պետք է դառնա բոլոր երկրների անհանգստության առիթ։ Եվ Մեքսիկան, որը ներգրավված չէ այս հակամարտության մեջ, բոլոր այդ թեմաներով քննարկումների ժամանակ նորից կոչ կանի կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

– Ինչպե՞ս կգնահատեք հայ համայնքի դերն այսօր Մեքսիկայում՝ հասարակական, քաղաքական և այլ բնագավառներում: Քանի՞ հայ է այսօր ապրում Մեքսիկայում:

Մեքսիկայում կան հայկական արմատներ ունեցող նահանգապետներ, ձեռնակատերեր, մշակութային գործիչներ։ Քաղաքականության մեջ հայերը քիչ են, բայց մշակութային ոլորտում շատ են։ Օրինակ՝ կան երաժիշտներ, որովհետև, կարծում եմ, Հայաստանում երաժշտությունը շատ մեծ զարգացում է ապրել։ Եթե տվյալներից խոսենք՝ ապա այս պահին ամբողջ Մեքսիկայում հայկական համայնքը կազմում է մոտ 3 հազար մարդ, նրանք կենտրոնացած են երեք հատվածներում՝ Մեխիկոյում, Կանկունում և Տիխուանայում։

– Պարոն դեսպան, քննարկվում է արդյոք Հայաստանում Մեքսիկայի դեսպանատուն բացելու հարցը, օրակարգում նման հարց կա՞։

Ինչպես նշեցի, վերջին 30 տարվա երկկողմ հարաբերությունների զարգացումը ընթանում էր ցածր ինտենսիվությամբ։ Իրականում, Հայաստանում Մեքսիկայի դեսպանատուն բացելու նախագիծ չկա, որովհետև այս պահին հարաբերությունները դեռևս այդ մակարդակի վրա չեն, սակայն դա որևէ կերպ չի կարող արգելք հանդիսանալ: Եթե մոտակա տարիների ընթացքում մեզ հաջողվի խթանել և զարգացնել երկկողմ հարաբերությունները, ապա դա կարող է բերել նրան, որ Մեքսիկան դիտարկի Հայաստանում Մեքսիկայի դեսպանատուն բացելու հնարավորությունը։

Հարցազրույցը վարեց՝ Կարեն Խաչատրյանը

Տեսանյութեր

Լրահոս