Բաժիններ՝

«Խոսիր ինձ հետ» ներկայացումը համալրել է Վանաձորի թատրոնի խաղացանկը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացել «Խոսիր ինձ հետ» ներկայացումը, որի ռեժիսորն Ալյոնա Ջավուկցյանն է:

Բեմադրության հիմքում ճապոնացի հեղինակ Բեցույակու Մինորուի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությունն է, որը գրվել է 2000 թվականին։

Ջավուկցյանը խոստովանում է՝ դժվարությամբ է կանգ առել այդ պիեսի վրա: «Ինչպես ցանկացած ռեժիսոր, ես ևս կարդացել եմ մի շարք ստեղծագործություններ՝ ինձ հուզող հարցերի մասին մտածելով և նպատակ ունենալով բեմադրել այնպիսի գործ, որը Հայաստանում չի բեմադրվել։ Պատահաբար հանդիպեցի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությանը: Երբ այն մի քանի անգամ կարդալու ցանկություն առաջացավ, հասկացա, որ դա այն է, ինչ ինձ պետք է»,-ասում է ներկայացման ռեժիսորը:

Մինչ այդ գործին անդրադառնալը Ալյոնա Ջավուկցյանը այնքան էլ ծանոթ չի եղել ճապոնական գրականությանը: Ընթերցելով՝ որոշել է հայ հանդիսատեսին ևս ծանոթացնել ճապոնացի ստեղծագործողներին, ճապոնական մշակույթին:

Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորում են Մարիամ Ղևոնդյանն ու Արման Սաքանյանը:

«Վանաձորի թատրոնն ինձ հարազատ է, և ես ծանոթ էի դերասաններին, գիտեի նրանց ներուժը, իսկ բեմադրական աշխատանքներն ընթացել են բավականին հարթ, թեև, ընթացքում ունեցել ենք ստեղծագործական բանավեճեր, որոնք շատ հետաքրքիր էին: Դերասանները շատ մտածող են, և ցանկացած միտք առաջադրելիս պետք է նրանց համոզեի, թե ինչու հենց այդ միտքը, ինչու այսպես պիտի բեմադրվի և այլն: Ի վերջո ստացել ենք ներկայացման վերջնական տեսքը»,-նշում է ռեժիսորը:

Նրա խոսքով՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացումը միայնակ մարդկանց մասին է, միայնակ կնոջ և տղամարդու, որոնք հավաքական կերպարներ են։ «Հանդիսատեսն իրեն տեսնելու է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մեջ։ Մեզնից յուրաքանչյուրն այս կերպարների մեջ հարազատ շունչ է զգալու։ Միայնակ մարդիկ, որոնք հայտնվել են նույն վայրում, նույն նպատակով՝ կախվելու համար: Նրանք ընթացքում սկսում են բացահայտել իրենց նախապատմությունը՝ ով ինչ խնդիրներ ունի և ինչն է իրեն հասցրել այդ կետին։ Շեշտը դրված է սիրո վրա։ Հերոսները սիրահարվում են, փորձում են օգնել միմյանց, հասկանալ՝ ինչո՞ւ են ուզում կախվել, ինչո՞ւ հենց հիմա և արդյոք ոչինչ իրենց հետ չի՞ պահի այդ մտքից և այլն։ Ուշագրավն այն է, որ ներկայացման ավարտը բաց է, որովհետև հանդիսատեսն ինքն է որոշում՝ արդյո՞ք հերոսներն ի վերջո կախվում են, թե ոչ»,-պատմում է ռեժիսորն ու հավելում՝ թատերասերները դրաման բավականին թեթև են դիտելու, որովհետև կա մի փոքր լույս, որն անընդհատ հիշեցնելու է, որ ոչինչ վերջ չունի, քանի դեռ կա ընտրության հնարավորություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031