«Սամվել Բաբայանը պատվեր է կատարում. Նիկոլ Փաշինյան 2-րդ արարն է տեղի ունենում Արցախում». Մետաքսե Հակոբյան
«Սամվել Բաբայանն Արցախում որպես քաղաքական գործիչ չի ընկալվում, սա իմ և շատ արցախցիների դիտարկումն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Արցախ վերադառնալուն և քաղաքական հավակնություններին:
«Չնայած այն հանգամանքին, որ տարբեր մեթոդներով իրեն հաջողվեց Արցախում դառնալ խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, այդուամենայնիվ ինքն այդպես էլ հանրության կողմից չընկալվեց քաղաքական գործիչ: Եթե մարդիկ սկզբում հավատում էին, ինչի արդյունքում խորհրդարանում զբաղեցրեցին երկրորդ տեղը, այնուամենայնիվ ժամանակի հետ և հատկապես ընտրություններից հետո, երբ ինքը ձայները հավաքել էր քարկոծելով, երբեմն հայհոյելով, հենց ընտրության հաջորդ օրը ձեռք սեղմեց Արայիկ Հարությունյանի հետ,և ստեղծեցին կոալիցիա:
Այնուհետև պատերազմի ընթացքում չընկալվեց Սամվել Բաբայանի պահվածքը, լինելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, չնայած, հետո պարզաբանումէր տալիս, որ այդ պաշտոնը խորհրդատվական է, և իրոք խորհրդատվական է, սակայն մինչև պատերազմն ինքը խոսում էր, որ լայն լիազորություններով է օժտված, որն իրեն տվել է երկրի նախագահը:
Ամեն դեպքում՝ պատերազմից հետո իր արագ տեղափոխվելը Հայաստանի Հանրապետություն, մի պահ լռելը, հետո նորից բուռն գործունեությունը, դրանով ուղղակի ավարտվեց Սամվել Բաբայանի քաղաքական նոր սկսված կարիերան, իսկ ժողովուրդն իմաստուն է, ամեն բան ընկալում և հասկանում է այնպես, ինչպես կա: Արցախում չե՛ն ողջունում Սամվել Բաբայանի վերադարձը, համենայն դեպս, լայն շրջանակների հետ շփման արդյունքում կա նման կարծիք:
Ես նույնպես քաղաքական գործիչ չեմ դիտարկում Սամվել Բաբայանին, չեմ ուզում գնահատականներ տալ կամ թվարկել, թե ինչ նպատակներով է ինքն Արցախում, կարծում եմ՝ այդ հարցն իրեն պետք է ուղղել, բայց այն արտահայտությունները, այն հայտարարությունները, որ ինքն անում է՝ ուղիղ վտանգ է Արցախի համար, առ այն, որ ինքը պատրաստ է տնտեսական համագործակցության գնալ Ադրբեջանի հետ: Այսինքն՝ նոր փաթեթավորմամբ խոսում է ինտեգրացիայի մասին, ասելով, որ դա ընդհանրապես ինտեգրացիայի հետ կապ չունի: Խոսում է, որ իր համար տարբերություն չկա, թե ովքեր կլինեն Արցախում, մասնավորապես, Կաշենի հանքավայրի սեփականատերը, միևնույն ժամանակ խոսում է, որ ինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, այսինքն՝ կամ ինքն իրոք չի պատկերացնում և ըստ էության չկա նաև քաղաքական գործընթացներում, կամ ծրագիր է կատարում:
Հակված ենք նաև այն վարկածին, որ սա կարծես Նիկոլ Փաշինյան 2-րդ փուլն է տեղի ունենում Արցախում: 2018-ին Նիկոլ Փաշինյանը ներխուժեց Արցախ՝ սկսելով Ավտոկայանի անկարգություններից»:
Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը Ստեփանակերտում ակցիաներ էին իրականացվում, պահանջում էին կադրային փոփոխություններ կատարել: Դրանց կազմակերպիչներից մեկն էլ այն ժամանակ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն էր, որը 2020 թվականին նշանակվեց ՏԿԵ նախարար, իսկ Աղավնոն Ադրբեջանին հանձնելու ընթացքում բնակիչներին համառորեն հորդորում էր, երբեմն սպառնում, որ տներից առանց վառելու դուրս գան:
Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ 2018-ին արդեն շատերն էին կռահում՝ ինչ է կատարվում:
«Դրանով արդեն հասկանալի էր շատերին, որ Նիկոլ Փաշինյանը մուտք է գործել Արցախ, և սկիզբ է դնում Արցախի ոչնչացման: Մի որոշ ժամանակ դադար բոլոր այդ գործիչների կողմից, որոնք ընկալվում էին Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մարդիկ, հիմա նորից կա ակտիվություն, և ստացվում է այնպես, որ Սամվել Բաբայանի խոսույթը չի կարելի տարանջատել Նիկոլ Փաշինյանի բոլոր հնչեցրած մտքերից, դա ուղղակի համեմված է արցախյան առօրյա խոսակցականով, որպեսզի ընկալելի դառնա ժողովրդին: Ըստ էության ինքը խոսում է ինտեգրացիայի մասին, ներկայացնելով այլ կերպ: Այսօր և քաղաքական ուժերը, և հանրության մի մեծ մասը Սամվել Բաբայանին ընկալում են՝ «Նիկոլ Փաշինյան 2-րդ արար» Արցախում»:
Ի դեպ, Սամվել Բաբայանը երեկ Հանրային հեռուսատատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև իրեն ուղղված քննադատություններին, թե ինքը Փաշինյանի կողմից է գործուղվել Արցախ, ասել, որ 1 տարի 2 ամիս է՝ ոչ Նիկոլ Փաշինյան է տեսել, ոչ խոսել, ոչ էլ որևէ կապ ունի Փաշինյանի և նրա ամբողջ թիմի հետ, մեր հակադարձող հարցին Մետաքսե Հակոբյանը պառասխանեց.
«Ես և մեր հանրությունն արդեն սովոր ենք, որ, ցավոք, կան քաղաքական գործիչներ, որոնք ճիշտը չեն ասում: Նայեք Սամվել Բաբայանի վերջինհարցազրույցները, մի հարցազրույցն ուղղակի հակասում է մյուսին, այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ինքը մի անգամ ասում է մեկ բան, բայց հաջորդ հարցազրույցում դա հերքում է: Ես ուղղակի չեմ կարող լուրջ վերաբերվել և քաղաքական գնահատական տալ այնպիսի գործչի գործունեությանը, որտեղ չկա կայունություն, տարերային է ամեն բան, և ժամանակ առ ժամանակ՝ պայմանավորված իրավիճակով, ինքը հայտնվում է ու մեկ էլ նորից, երբ իրավիճակը հանդարտվում է՝ անհետանում է: Հիմա այդ ժամանակաշրջանն է:
Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում և օրը գոնե 2 ժամ տրամադրում եմ հանրության հետ հանդիպումներին, միայն անհանգստություն եմ լսում, որ նորից Սամվել Բաբայանը Արցախում է, չնայած այն հանգամանքին, որ և ես, և շատերը, բացարձակ չենք ուրանում այն, ինչ 90-ականներին արել է Սամվել Բաբայանը, ինքն ընկալվում է՝ որպես հերոս, որը մնացել է 90-ականներում, իսկ նրա մնացած գործունեությունը լավ վերաբերմունքի չի արժանանում»:
Արցախի ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև Սամվել Բաբայանի՝ Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ուղված մեղադրանքներին, թե փողից բացի՝ ուրիշ բանից չէին խոսում, և, որ շրջափակման այս 70-80 օրերի ընթացքում Արցախը 160 միլիոն դոլարի վնաս է կրել.
«Անկեղծ ասած, չեմ էլ հասկանում իր արտահայտած միտքը, ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանն այդ հասցված վնասի հետ: Այդ վնասը մենք ունենք՝ ի շնորհիվ Ադրբեջանի գործողությունների և ի շնորհիվ այն հանգամանքի, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ որևէ քայլ չարեցին այդ ուղղությամբ: Այսինքն՝ շրջափակման վիճակում հասկանալի էր, որ տնտեսական մեծ կորուստներ էինք ունենալու, և դա ակնհայտ էր, և դա կապել Ռուբեն Վարդանյան անձի հետ՝ տրամաբանություն ուղղակի չեմ տեսնում: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Սամվել Բաբայանը հիմա դրան զուգահեռ՝ փորձում է ցույց տալ, որ իր ասած խոսքն ավելի մեծ կշիռ ունի առ այն, թե Ռուբեն Վարդանյանը եկավ՝ մենք տնտեսական մեծ կորուստներ ունեցանք, իսկինքը կգա, ադրբեջանցիների հետ կհամագործակցի, տնտեսությունն ադրբեջանցիների միջոցով կզարգացնի, և կլինենք հարուստ ու բարգավաճ: Սա նույն խոսույթն է, ինչ Նիկոլ Փաշինյանն ասում էր 2018 թվականին, սա նույն խոսույթն է, որի շնորհիվ Արայիկ Հարությունյանն ընտրվեց նախագահ:
Պատերազմող երկրում մենք կոչ էինք անում՝ չգնա՛լ Արայիկ Հարությունյանի հետևից, որովհետև Արցախում պետք է լինի ռազմաքաղաքական ղեկավար, ինքը դա լռեցնում էր բարեկեցիկ և հարուստ ապագայի միֆերով, հիմա նույն բանն անում է Սամվել Բաբայանը, կարծում եմ՝ հատկապես պատերազմից հետո մարդիկ շատ ավելի ռեալ են տեսնում իրականությունը, սա 2018 թվականը չէ: Դրանից ելնելով՝ կարծում եմ՝ յուրաքանչյուրը, ով տրամաբանելու ունակություն ունի, չի ընդունի Սամվել Բաբայանի այս արտահայտությունը:
Վերջերս ինքն անընդհատ նշում է, որ պատրաստ է ստանձնել պետական նախարարի պաշտոնը, և մարդիկ կտեսնեն, թե ինչ զարգացում ենք ապրելու, դրանից հետո նկարագրեց, թե ինչպիսին կլինի իր պետնախարար լինելու ժամանակահատվածը, այսինքն՝ համագործակցություն կլինի Ադրբեջանի հետ, և արդյունքում համեմատում է՝ Ռուբեն Վարդանյանը չհամագործակցեց Ադրբեջանի հետ, մենք ունեցանք տնտեսական ճգնաժամ, ինքը կգա կհամագործակցի, մենք կհարստանանք, Արցախում դա վատ են ընկալում»:
Սամվել Բաբայանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված նույն հարցազրույցում նաև խոսել էր Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հետ կապի մասին, ասել է, որ Վարդանյանն անկախ չէր.
«Մարդը իր ելույթներում պարզ ասում է՝ես բոլոր հին, փորձված նախագահների կարծիքը հարցնում եմ, որոշում կայացնում: Եթե ես գամ Ղարաբաղը կառավարելու, քեզանից, մյուսից-մյուսից պիտի կախված լինեմ, ձեր կարծիքը հարցնեմ՝ ո՞ւմ, որտե՞ղ պետք է նշանակեմ, ի՞նչ ռեֆորմ պետք է անեմ, կարա՞մ անեմ, թե՞ չէ, ոչ մի բան չի ստացվելու»:
Սամվել Բաբայանի այս հայտարարությունն արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի գործելաոճը.
«Նախ պառակտում մտցնել՝ նախկիններ-ներկաներ, որովհետև Արցախում չկա այդ հասկացությունը: Այստեղ նույն անձը բացառիկ հարգանք ունի Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ և նույն անձը կարող է առ այսօր լինի Արայիկ Հարությունյանի կողքին»:
Բաբայանն իր հարցազրույցում ակնարկել էր նաև Արցախում տեղի ունեցած թալանի մասին, այդ թվում՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին պաշտոնատար անձի կողմից պետությանը 26 միլիոն դրամի գույքային վնաս պատճառելու մասին: Այս հայտարարությունների առնչությամբ Մետաքսե Հակոբյանն ասաց.
«Արցախը փոքր է, ու բոլորը շատ լավ գիտեն՝ ով ի՞նչ է թալանել, ով ինչքա՞ն է թալանել, և եթե կա թալանողների ցանկ, համենայն դեպս, առաջին շարքերում նաև Սամվել Բաբայանի անունն է շոշափվում: Եթե չեմ սխալվում՝ նաև նման վարույթ կա Արցախի անվտանգության խորհրդի դեռևս 2020 թվականի գործունեության հետ կապված, այնպես որ, խոսել մեկի մասին, մոռանալով նշել սեփական ղեկավարման ժամանակ դրամական ավելի մեծ շորթումների մասին, կարծում եմ՝ ամենաքիչը ազնիվ չէ: Ինչ վերաբերում է բացահայտումներին, ուղղակի մի փոքրիկ փաստ կբերեմ, որ 2022 թվականի հուլիսին մեր խմբակցությունը նախաձեռնեց քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի հնարավորություն ունենանք մուտք գործել հիմնադրամ և այնտեղ ստուգումներ իրականացնել, որովհետև մեր պատգամավորական հարցումներին որևէ կերպ չէինք կարողանում պատասխան կորզել հիմնադրամից, պատճառաբանությամբ, որ բանկային գաղտնիք է:
Պետք էր 9 պատգամավորի ստորագրություն, 8 հոգի ստորագրել էին, 1 հոգի էլ, ի զարմանս մեզ, ստորագրեց «Միասնական հայրենիք» խմբակցությունից, բայց ուղիղ 1 ժամ հետո ստորագրությունը հետ վերցրեց, այնուհետև ճշտումների արդյունքում պարզվեց, որ նույն թվականի օգոստոսին Սամվել Բաբայանը բավականին մեծ գումար պետք է հիմնադրամից ստանա, և դրանով պայմանավորված՝ իր խմբակցության պատգամավորը հետ է վերցրել ստորագրությունը, այնուհետև տեղեկացանք, որ գործարքը կայացել է, այդ գումարը ստացել է պարոն Բաբայանը: Այնպես որ, դեռևս կարիքը կա բացահայտումների, բայց ոչ թե նախկին ու ներկա բաժանումներ ու պառակտումներ անել, այլ ընդհանրապես բացահայտել այն մարդկանց, ովքեր կեղեքել, թուլացրել ու խեղճացրել են Արցախը, որովհետև լցրել են սեփական փորն ու գրպանը: Կարծում եմ՝ շատ քիչ մարդիկ կան, որ այսօր կարող են այդ պահանջը դնել, և այդքան էլ վստահ չեմ, որ այդ պահանջը դնողների մեջ կարող էլինել Սամվել Բաբայանը:
Ամեն դեպքում հուսանք, որ այն խոստումները, որ տվել է Դատախազությունը, որ պետական պաշտոնյաների նկատմամբ բազմաթիվ վարույթներ կան իրականացվող, որոնք օգտվել են հիմնադրամից, հուսանք, որ շուտով բացահայտումների ականատես կլինենք և կտեսնենք իրականությունը: Անթույլատրելի է այն անձը, որը փորձում է Արցախում, երբ հաստատվել է իրական միասնականություն, պառակտում մտցնել: Բացառությամբ երկրի նախագահի, որը որոշեց, որ ամեն դեպքում ընտրում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարելը, այստեղկա միասնականություն, և ես կարծում եմ նաև, որ այդ պահվածքով կամ այդ խոսույթով Սամվել Բաբայանն ուղղակի ևս մեկ պատվեր է կատարում՝ փորձում է այստեղ պառակտում մտցնել, որովհետև դա առաջին հերթին վտանգ է ՀՀ իշխանությունների համար, և ես սա ընկալում եմ՝ որպես պատվերի կատարում: