«Ինչպես ժամանակին Հենրիկ Իգիթյանը խոսեց Գորբաչովի հետ, մենք նույն կերպ պետք է խոսենք թշնամու հետ». Հին Շենի գյուղապետ

Արդեն 78-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ չի շտապում կատարել փետրվարի 22-ին Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ որոշումը: Ավելի քան երկու ամսվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար անջատում էր Արցախին մատակարարվող գազը, էլեկտրականությունը, ավելին՝ արդեն կան ապացույցներ, որ Ադրբեջանը գազի վրա փական է տեղադրել և այն ոչ միայն անջատում է ցանկացած պահի, այլ մատակարարվող գազից գողանում է։

168.amի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ շրջափակման պայմաններում կարողանում են մի կերպ յոլա գնալ, բայց չեն ընկճվում։

«Առաջ եկող խնդիրները մի կերպ հաղթահարում ենք։ Արդեն երկու օր է, եղանակը տաքացել է, որոշ ժամանակ հետո կսկսենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բնակիչները գոնե այդ աշխատանքներով կզբաղվեն, մենք միայն այգիներ ենք մշակում, հատիկավոր մշակաբույսեր չունենք։ Պատերազմից առաջ, իհարկե, մշակում էինք, բայց պատերազմից հետո դրա մշակելը մեզ համար դարձել է երազ՝ վարելահող չկա»,- նշեց Սամվել Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գյուղը գազ չունի, պատճառն այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն էին, այժմ բնակիչները տները տաքացնում են վառելափայտով։ Ամեն բնակիչ իր համար նախապես ձմռան վառելափայտի պաշարը պատրաստում է, միշտ այդպես է եղել, այս տարի էլ բացառություն չէր։

Կարդացեք նաև

«Մինչև Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցումը, գյուղը մշտապես գազ ունեցել է»,- հավելեց Սամվել Սարգսյանը։

Գյուղապետի դիտարկմամբ՝ ով չի ճանաչում Ադրբեջանին, հույսեր է փայփայում, որ նա կհետևի Հաագայի դատարանի կայացրած որոշմանը ու ճանապարհը կբացի, իսկ ով ճանաչում է՝ հույսեր չի կապում այդ որոշման հետ։

«Ով ադրբեջանցուն ծանոթ չի, նրա գաղափարներից տեղյակ չէ, նրանց համար հեշտ է լինելու, բայց ով ճանաչում է ադրբեջանցուն, նրա կողքին գոնե որոշ ժամանակով ապրել է, գիտի՝ ինչի են ընդունակ։ Չե՞ն տեսնում, որ հիմա Ալիևի «դեմը խաղ չկա», այդ սրիկան ինչ ուզում, անում է, ամբողջ Եվրոպային, Ամերիկային ոտքերի տակ գցած ման է գալիս, ինչ է թե գազ ու նավթ է տալիս։ Ո՞վ է մտածում սովորական ժողովրդի ազատ ապրելու մասին, ո՞վ է երաշխավոր կանգնում։

Ամեն դեպքում, մենք մեր հույսը պահում ենք, բայց մինչև միջոցներ չձեռնարկեն ու Ադրբեջանին պահանջներով չխեղդեն, նա ոչ մի բան էլ չի ձեռնարկելու։ 3-4 օր է, ասում են՝ գազի ու հոսանքի հարցը պետք է լուծվի, բայց ձայն չկա։

Դրանց հետ իրենց լեզվով պետք է խոսեք, ինչպես ժամանակին Հենրիկ Իգիթյանը խոսեց Գորբաչովի հետ։ Մենք նույն կերպ պետք է խոսենք թշնամու հետ»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։

Ի դեպ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օրերս հայտարարել էր, որ միջազգային դատարանի կայացրած որոշումը ենթակա է հարկադիր կատարման, սակայն միջազգային իրավունքում հարկադրանքի հստակ մեխանիզմներ չկան, չկա այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ:

Երեկ էլ հրավիրված ասուլիսի ընթացքում Հաագայի դատարանին Հայաստանի հայցը ներկայացրած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա: Եվ այդ ճնշումը պետք է լինի դիվանագիտական և քաղաքական գործընթացով. «Ամբողջ պրոցեսը, բնականաբար, քաղաքական է, և այդ ամբողջ քաղաքական պրոցեսը ենթադրում է նաև աշխատանք»,- ընդգծել էր Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս