Սումգայիթում սպանդ էր, դիահերձարաններից հարյուրավոր մարդիկ էին հանվում՝ ազգությամբ հայեր. Գրիգորի Այվազյան

35 տարի առաջ այս օրերին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի խորհրդային հանրապետության՝ պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայազգի բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն տեղի ունեցավ 1988 թ. փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում։ Կատարված այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Ցեղասպան գործողությունների ականատեսներն ու վերապրածները պատմում են, որ տեղի գործարաններում աշխատող իրենց ծանոթներն ասել են, որ դեռ փետրվարի 20-ից սկսել են պատրաստել երկաթյա ձողեր, կացիններ:

Բոլոր սպանությունները, մարդկանց խոշտանգումներն ու նվաստացումները տեղի են ունեցել ցուցադրաբար, բոլորի աչքի առջև:

Պատմաբան, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը 168.amհետ զրույցում ասաց, որ 1991 թվականից սկսած հայկական մի շարք կառույցներ բարձրաձայնել էին, որ պետք է Հայաստանն ընդունի մի այնպիսի որոշում, որը կտա համաչափ որակում այդ գործողություններին, և ոչ թե՝ ամեն տարի կկրկնենք, որ եղել է ողբերգություն: Եղել է հանցագործություն՝ Ադրբեջանի կողմից, ապացուցված է, որ տեղյակ են եղել:

Կարդացեք նաև

«Ոչ Հայաստանը,  և ոչ Արցախի Ազգային ժողովները չեն ընդունել դա՝ որպես ցեղասպանություն: Ժամանակին դիմել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, ՀՀ ԱԺ նախագահին՝ հորդորով, որ բնութագրում տան: Գրավոր պատասխանն ունեմ՝ գրված է, որ դրանք ցեղասպանական գործողություններ են: Ես ականատես ու վերապրող եմ, այդ ժամանակ եղել եմ Բաքվում, որտեղ ևս մասնակի ջարդեր էին: Դա ցեղասպանություն էր, որը շարունակվում է նաև հիմա՝ Բերձորի միջանցքը փակելով:

Փետրվարի 26, 27, 28-ին ցեղասպանություն էր, բոլորը գիտեին հայերի հասցեները, հայերի հեռախոսները անջատված էին: Սպանդ էր, դիահերձարաններից հարյուրավոր մարդիկ էին հանվում՝ ազգությամբ հայեր:  Մեծամասշտաբ դրվագ էր, որը չի դատապարտվել: Այն կարող էր հենք լինել Արցախի անկախության ճանաչման համար: Միակ հիմքն էր՝ անջատում՝ հանուն փրկության, սակայն դա չի արվել»,- ասաց  Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը՝ հավելելով, որ նրանք, ովքեր կարողացել են մի կերպ փրկվել՝ ամեն ինչ թողել ու փախել են, ոչինչ չեն հասցրել վերցնել:

«Հայերը չէին հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ: Բայց այն կատարվեց, որն ուղղակի մղձավանջ էր»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս