Ստորագրել են ԵՄ դիտորդներին ՆԱՏՕ-ի ռազմական ուժով փոխարինելու մասին համաձայնագիր. ինչի՞ մասին է լռում ՀՀ իշխանությունը

Ադրբեջանի իշխանությունն իր առաջ մի շարք նպատակներ է դրել, որոնք վերաբերում են՝ ինչպես Արցախում 850 հազար ադրբեջանցու բնակեցնելուն, այնպես էլ՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելուն, որով էլ կփակվի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն առհավետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը, հընթացս՝ առանց Արցախի խնդրի կարգավորման, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությամբ տոգորված ՀՀ իշխանության գործողություններին և դրանից օգտվող Ադրբեջանի նպատակադրումներին։

Ըստ մեր զրուցակցի՝ հենց այս նպատակով է Ադրբեջանի իշխանությունը որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցը հայ-ադրբեջանական հարցից տարանջատելու քաղաքականություն: Դրա հետևանքով է, որ այսօր Ադրբեջանի օրակարգով առաջնորդվող Հայաստանի իշխանությունը բանակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ՝ առանց Արցախի: Ի դեպ, բանակցում է մի քանի հարթակում՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ինչն էլ իր հերթին՝ ունի լրջագույն սպառնալիքներ մեզ համար։

Կարդացեք նաև

Գասպարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անվան տակ իրականացնում է քայլեր, որոնք էլ ավելի մեծ անվտանգային խնդիրներ են ստեղծում. մասնավորապես այդ քայլերից մեկը կապված է Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման հետ։

 «Եվրամիության այն փաստաթուղթը, որի համաձայն՝ այդ 100 դիտորդը տեղակայվել է Հայաստանում, պարունակում է մի շատ վտանգավոր դրույթ. մասնավորապես՝ ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ փաստաթղթի հենց առաջին տողում հղում է արված ԵՄ պայմանագրի 42 և 43-րդ հոդվածներին, որոնց մասին բուն դիտորդների տեղակայման վերաբերյալ պայմանագրում ոչինչ գրված չէ, սակայն, ըստ այս 42 և 43 հոդվածների, ԵՄ քաղաքացիական առաքելությունը Եվրոպական խորհրդի որոշումով կարող է դառնալ խաղաղապահ ուժ՝ ընդ որում, մարտական ուժ, որը կարող է կառավարել ճգնաժամեր, իսկ եթե հիշում ենք նաև՝ ԵՄ անդամ 27 պետությունից 21-ը ՆԱՏՕ անդամ երկրներ են, ապա պարզ է դառնում, որ վաղը, եթե Բրյուսելում որոշեն, որ այս քաղաքացիական առաքելությունը պետք է վերածվի խաղաղապահ ուժի, որը գործելու է ՆԱՏՕ-ի հանձնառություններին համահունչ, այդ դեպքում պարզ է՝ Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ կբախվեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շահերը. Օրինակ, այնպես, ինչպես բախվում են Ուկրաինայում»,- ասաց Գասպարյանը։

Խոսելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բախման կետ դարձած Ուկրաինայի մասին՝ հաղորդման մասնակից Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն ընդգծեց՝ ԵՄ դիտորդների տեղակայմանը հաջորդելու զինվորական ուժի ներկայությունը՝ մասնավորապես, Հայաստանին ամենամոտը գտնվող ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիայի ձեռքով։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման համար Հայաստանը որպես տարածք օգտագործելուն, ապա Խաչիկյանը մի կարևոր տարբերություն առանձնացրեց։

Նրա գնահատմամբ՝ մենք Ուկրաինայից էլ վատ վիճակում ենք, որովհետև, եթե Արևմուտքն Ուկրաինայում ունի կենսական շահ, ապա Հայաստանի դեպքում այդ շահը չկա։

«Ես կառաջարկեի այս դիտորդներին ուղարկել Ուկրիանա, իսկ այնտեղից Հայաստան բերել այն զինատեսակները, որոնք տրվում են Ուկրաինային՝ թող Ուկրաինային հատկացված 160 միլիարդի զենքից մեզ էլ տան,. Իհարկե, դա չեն անի, որովհետև այստեղ կենսական շահ չկա»,- ասաց Խաչիկյանը։

Շարունակելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտոդներ տեղակայելու թեման՝ Արսեն Գասպարյանը նշեց, որ պետությունների միջև առկա պայմանագրային ընթացակարգը պարտադրում է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ ստորագրի համաձայնագիր, ինչը պետք է Հայաստանի Ազգային ժողովը վավերացնի, սակայն նման բան տեղի չի ունեցել, և ԵՄ 100 դիտորդը մեր երկրի սահմանին են տեղակայվել ընդամենը Արտաքին գործերի նախարարության մի նամակի հիման վրա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս