«Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ Արայիկ Հարությունյանն ու Արցախը ոչինչ չեն ստանում, ճիշտ հակառակը». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու մասին։
Կառավարության նիստում Ռուբեն Վարդանյանը խոսեց իր պաշտոնանկության մասին, բացատրեց, որ ինքը հրաժարական չի տվել, քանի որ համարել է, որ զինվոր է, իսկ զինվորը չի կարող հրաժարական տալ, նրան պետք է գլխավոր հրամանատարն ազատի աշխատանքից։
«Դուք գիտեք, որ ես արդեն տասնյակ տարիներ գալիս էի Արցախ, ունեի մեծ կապեր, բայց սեպտեմբերի սկզբին ես իմ հայտարարությունը արեցի, որ կանգնած ենք անդունդի եզրին, ինձ համար դա Սարդարապատ էր։ Ես ասել եմ և ուզում եմ կրկնել, որ ինձ համար, երբ ասում եմ Սարդարապատ, նշանակում է ճգնաժամ, որտեղ յուրահատուկ օրակարգ է, ամեն ինչ ուրիշ ձևով է ղեկավարվում։ Ինձ ընդունել եմ որպես զինվոր, մարդ, որն անելու է ամեն ինչ, ինչ պետք է մեր հայրենիքի փրկության համար։ Դրա համար, երբ ես ստացա պաշտոն ստանձնելու առաջարկ, ինձ համար անսպասելի էր, քանի որ ես իմ կյանքում խոստացել էի, որևէ տեղում պետական աշխատանքի չեմ գնալու։ Բայց ես հասկացա, եթե ես իմ խոսքի տեր մարդ եմ ու գալիս եմ պաշտպանելու իմ հայրենիքը, չպետք է լինի «ուզում եմ կամ չեմ ուզում, կարող եմ կամ չեմ կարող» արտահայտությունը, եթե պետք է՝ ուրեմն պետք է։ Այս տեսանկյունից ինձ համար հեշտ էր և՛ պաշտոնը ստանձնել, և՛ պաշտոնից հրաժարվել, որովհետև մենք պատերազմի մեջ ենք, և այս ուղղությամբ էր պետք պայքարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Նախկին պետնախարարը նաև վստահություն էր հայտնել, որ արել են այն գործը, որն իսկապես կարևոր էր։
«Իհարկե, դրսի ճնշումը մեծ էր, և, ցավոք, պարոն նախագահն ավելի շատ ունի և՛ տեղեկություն, և՛ հասկանում է իրավիճակը։ Բայց մենք ունենք ներքին աշխարհ ու դրսի աշխարհ, այս պատճառով էլ ինձ թվում է, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ունենալ իրավիճակ, որ մենք իսկապես զգանք, որ կարողանում ենք այդ ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ»,- նշել էր Ռ. Վարդանյանը։
Ի՞նչ ճնշումների մասին էր խոսում Ռուբեն Վարդանյանը, ի՞նչ էր նշանակում նրա ելույթը, և նրա հեռացմամբ Արցախն ու Արայիկ Հարությունյանը ի՞նչ են ստանում։
168.am–ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանելով այս հարցերին և խոսելով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին, նախ ասաց, որ Ռուբեն Վարդանյանի հեռանալու խնդիրը բարձրաձայնվել է Ադրբեջանի նախագահի կողմից։
«Կար շանս և հույս, որ արցախյան կողմը կդիմակայի Ադրբեջանի այդ պահանջին և կկայացնի ինքնուրույն որոշումներ՝ անկախ թշնամու դիրքորոշումից։ Ցավոք, Արցախում որոշեցին գնալ այլ ճանապարհով, և բոլոր այն հայտարություններն ու գնահատականները, որոնք նախօրեին լսեցինք թե՛ Արայիկ Հարությունյանի, թե՛ Ռուբեն Վարդանյանի կողմից, իմ խորին համոզմամբ՝ ընդամենը ճշմարտությունը քողարկելու, թաքցնելու, իրենց երեսը, այսպես ասած, պահելուն ուղղված գնահատականներ էին։
Պարզ ճշմարտությունն այն է, որ եղել է Ալիևի պահանջ, և Ալիևը հասել է իր նպատակին։ Այն, որ Արայիկ Հարությունյանից սպասելի էր նման դիրքորոշում, կարծում եմ՝ բոլորս գիտեինք, և որևէ մեկը չի զարմացել։ Սակայն խիստ հիասթափեցնող է Ռուբեն Վարդանյանի մոտեցումը, որը մեծ-մեծ խոսելով, ինչ-որ խոստումներ տալով՝ եկավ Արցախ, դիրքավորվեց՝ որպես Արցախի ինքնորոշման իրավունքների համար պայքարող գործիչ, հետո վեր կացավ ու հայտարարեց, որ եթե ճնշում կա, ստիպված գնում եմ, նաև ասելով, որ լավ չի հասկացել, թե որտեղ է մտնում։ Ըստ իս, Ռուբեն Վարդանյանն իր այդ քայլով մեծ հիասթափություն է պատճառել հանրությանը»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենը Ռուբեն Վարդանյանի համար չափազանց խղճուկ և անփառունակ ավարտ էր՝ քաղաքական գործունեության համար, որին էլ երևի արժանի էր։
«Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ Արայիկ Հարությունյանն ու Արցախը ոչինչ չեն ստանում, ճիշտ հակառակը՝ Արցախը կորցնում էր իր ինքնուրույնության ևս մեկ մասնիկ՝ ցույց տվեց, որ իր վրա ճնշումներ գործադրելով՝ հնարավոր է խնդիրներ լուծել։ Այսինքն՝ Ադրբեջանի ձեռքին ևս մեկ գործիք տրվեց իրենց հարցերը տարածաշրջանում լուծելու համար, վստահ եմ՝ սրանից Ադրբեջանն անպայման օգտվելու է»,- հավելեց Հ. Մելիք-Շահնազարյանը։
Հարցին՝ այս ստեղծված իրավիճակը որքանո՞վ է վտանգավոր Արցախի համար, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Ադրբեջանն արդեն հասկացել է, որ կարող է ճնշումներով խնդիրներ լուծել, և ևս մեկ վտանգ ստեղծվեց Արցախի համար։
«Հիմա Ադրբեջանը շարունակելու է իր առջև դրված մնացած հարցերը նույնպես այդ ճանապարհով լուծելու քաղաքականությունը։ Ըստ էության, հիմա Արցախը ստիպված կլինի, իհարկե, վերականգնման ուղին բռնելուց հետո, ավելի լուրջ մարտահրավերների դիմակայել, քան մինչև երեկվա որոշումն էր»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Խոսելով փետրվարի 22-ի երեկոյան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթից՝ «խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու տարրերի վերաբերյալ, որի լրամշակված տարբերակի շուրջ, ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մյունխենում համաձայնության են եկել, քաղաքագետը նկատեց՝ այն փաստաթուղթը, որը հրապարակել է Արմեն Աշոտյանը, չափազանց մեծ կապ ունի այն իրականության հետ, որին մենք ականատես ենք լինում Մյունխենում, դրանից հետո հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում և այլն։
«Ես տեսնում եմ, որ ՀՀ իշխանությունն իսկապես հրաժարվել է Արցախից ընդհանրապես, և միջազգային հանրության ներգրավմամբ Ստեփանակերտ-Բաքու, այսպես կոչված, երկխոսությունը փորձում են ներկայացնել որպես մի ձեռքբերում, որի համար պետք է պայքարի հայկական կողմը, և որն, իբր, պետք է բավարարի Արցախին։ Իսկ իրականում մենք տեսնում ենք, որ միջազգային մեխանիզմ կոչվածն ընդամենը տեխնիկական խնդիր է, և այս ամենը միջոց է, որից բոլոր երկրներն օգտվում են։ Կարծում եմ՝ հրապարակված փաստաթուղթը համապատասխանում է իրականությանը, որովհետև մեր տարածաշրջանում իրողությունները և հայտարարությունները լիովին համապատասխանում են այդ փաստաթղթին, այն Արցախը հանձնլու համար է, որի շուրջ բանակցում է Երևանը։ Պարզապես հընթացս խաբելով հանրությանը և առկա կործանարար դրույթները ներկայացնելով՝ որպես ձեռքբերում»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։