Ազգային գրադարանում աշխատավարձի ուշացման սովորույթը չի փոխվել. «Ուշացումը դեռ մի կողմ, աշխատավարձը ցածր է»
168.am-ը տեղեկություն է ստացել, որ Հայաստանի ազգային գրադարանը գազիֆիկացման խնդիր ունի, մրցույթը շահած ընկերությունը ստանձնած պարտավորությունները չի կատարել, փաստացի մարդիկ աշխատում են առանց ջեռուցման:
Ավելին, աշխատողները փետրվարի մեկին էլ աշխատավարձ չեն ստացել:
Կապ հաստատեցինք Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ, երբ նրան փոխանցեցինք վերը նշված տեղեկությունը, նա կարճ պատասխանեց. «Ոչ ճշգրիտ տեղեկատվություն»:
Ճշգրիտ տեղեկությունը փնտրելու ճանապարհին զրուցեցինք նաև Ազգային գրադարանի աշխատակիցների հետ: Նրանք մեզ փոխանցեցին, որ այն սենյակներում, որտեղ իրենք աշխատում են, ջեռուցում կա, իսկ թե որ մասում ինչ խնդիր կա՝ տեղյակ չեն:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա աշխատակիցների փոխանցմամբ՝ ուշացում եղել է. «Ուշացումով, բայց ստացել ենք: Ամեն տարվա սկզբին նույնն է. ֆինանսավորումը ուշ է լինում: Գիտեք, խնդիրն այն է, որ աշխատավարձը ցածր է, ուշացումը դեռ մի կողմ»,- նշեցին Ազգային գրադարանի աշխատակիցները:
Հավելենք, որ հունվարի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել էին Հայաստանի ազգային գրադարան:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը և տեղակալը շրջել էին գրադարանի տարածքում, ծանոթացել կառույցի շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, գրադարանային ծառայություններին: Նախարարին ներկայացվել էին գրադարանում կատարվող թվայնացման աշխատանքների ընթացքը, գրապահոցային պահպանության, ընթեցասրահների պայմանները:
«Ակնհայտ է, որ հսկայական աշխատանք է արվել, սակայն անելիքները դեռ շատ են: Պետք է հասկանանք՝ ամբողջական բարեփոխումների համար ինչ ռեսուրսի կարիք կա, և առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով»,- ասել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարին զեկուցվել էր նաև, որ Ազգային գրադարանում այժմ իրականացվում են ջեռուցման համակարգի նորոգման աշխատանքներ: Ընթացքի մեջ է քարտերի նույնականացման գործընթացը՝ համահունչ նոր տեխնոլոգիական պահանջներին: Ըստ նախորդ տարվա վիճակագրության՝ էլեկտրոնային եղանակով գրականության պատվեր կատարել է ընթերցողների շուրջ 25 տոկոսը, ինչն ըստ գրադարանի ղեկավարության՝ դրական ցուցանիշ է: