Հեղափոխական Թոքմաջյանը՝ պետգնումներում

Վարչապետի աշխատակազմն օրերս գնանշման հարցում գնման ընթացակարգով 6 միլիոն 940.000 դրամի պայմանագիր է կնքել Վահրամ Վարդանի Թոքմաջյան ԱՁ-ի հետ՝ պատվիրակելով Կրթության տեսչական մարմնի կարիքների համար ուսումնական ծրագրերի հետ կապված ծառայությունների մատուցման պարտավորությունը:

Այս գումարով Վահրամ Թոքմաջյանը մասնավորապես տարվա ընթացքում իրականացնելու է դասալսումներ. ըստ պայմանագրի՝ 1400 դասալսում Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներում:

Վահրամ Թոքմաջյանը պատմաբան է, պատմության ուսուցիչ, աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, եղել է Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամի և ուստր Աշոտի ուսուցիչը:

2018 թվականի թավշա իրադարձություններից հետո նա բավականին ակտիվ խոսում էր «հեղափոխական արժեքների» մասին:

Կարդացեք նաև

Տարբեր առիթներով Վահրամ Թոքմաջյանը նշում էր՝ «հեղափոխությունը կրթության, գիտության ոլորտ չի մտել, որտեղ ձեռքդ խփում ես՝ պրոբլեմ, ծանոթ-բարեկամական համակարգ և զրո վերահսկողություն»:

Հավանաբար հենց այս նպատակով է Վահրամ Թոքմաջյանը որոշել 2022 թվականից ակտիվանալ պետգնումներում՝ մասնակից դառնալով տարբեր ծրագրերի:

Վահրամ Թոքմաջյանի հետ պետական գնումների մասին մի քանի անդրադարձ.

Նա մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով 2022 թվականի ապրիլին «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով մատուցել է պատմական մեկնաբանի ծառայություններ՝ 4 ամիսների համար ստանալով 5 միլիոն դրամ։

2023 թ. մայիսին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի հետ կնքած 2 միլիոն 970.000 դրամ արժողությամբ պայմանագրով իրականացրել է կարգերի մշակման ծառայություններ՝ ըստ պայմանագրի, այն նախատեսում է նախնական ու միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում և հաստատում:

Վահրամ Թոքմաջյանը գնման տարբեր ընթացակարգերով գովազդային ու տոնական միջոցառումների կազմակերպման  ծառայությունների պայմանագրեր է կնքել նաև էկոնոմիկայի, Կրթության, Գիտության, Սպորտի և Մշակույթի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ:

Ամենախոշոր գնումներից մեկն այս ԱՁ-ից կատարվել է անցյալ տարի. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով հանրային իրազեկման ապահովման նպատակով 25 միլիոն 800.000 դրամ է տրամադրել Վահրամ Թոքմաջյանին:

Նա այդ գումարով պարտավորվել էր ապահովել «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի վերաբերյալ իրազեկվածություն լայն շրջանակներում:

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ նրա անվան հետ է առնչվում նաև 2019 թվականին գրանցված «Կրթություն և համերաշխություն» կազմակերպությունը. նա, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, այս կազմակերպության միակ իրական շահառուն է:

Ի դեպ, այս կազմակերպությունը 2023 թվականի ապրիլին 7 միլիոն 650.000 դրամ դրամաշնորհ է ստացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության իրականացման համար:

Տեսանյութեր

Լրահոս