Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի ճաշացանկում

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը գերակշիռ մասով հիմնված է մարսելու սկզբունքի վրա։ Նա իրականացրել և իրականացնում է քայլեր,  որոնց հիմքում ընկած է կարմիր գծերի հատումը։ Այդ քայլերից յուրաքանչյուրը կամ հակապետական է, կամ հակաժողովրդավարական է, կամ հակաբարոյական է, և այդպես շարունակ…

Մարսելու սկզբունքը քաղաքականության մեջ նշանակում է, որ եթե դրանով առաջնորդվողը  կատարում է որևէ քայլ, որը նորմալ պետությունում ու հասարակությունում պետք է արժանանա համընդհանուր դատապարտման և խստագույն պատժի, բայց չի արժանանում, ապա կատարողը գոտեպնդվում է և անցնում հաջորդ՝ ավելի անթույլատրելի քայլին։ Օրինակներն անսահմանորեն շատ են և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության ոլորտում, ընդ որում, դեպքերի մեծ մասում կա նաև պատճառահետևանքային կապ։

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը՝ մարսելով դատարանները շրջափակելու հակաժողովրդավարական, հակաիրավական քայլը՝ ձեռնամուխ եղավ Սահմանադրական դատարանում իշխանության բռնազավթմանը։ Առաջին անգամ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների բաժանումը մարսելով՝ բյուջեի թալանի պրակտիկան դարձրեց ամենամսյա երևույթ։ Հայաստանը հռչակելով «ժողովրդավարության բաստիոն»՝ Նիկոլ Փաշինյանը դիկտատորական հետևողականությամբ կենտրոնացրել է իշխանությունը։ Նա օրենսդրական անհեթեթություններով փաստացի գրավեց ՏԻՄ համակարգը՝ հնարավորություն ստանալով անձամբ ՏԻՄ ղեկավար նշանակել ընտրությամբ համայնքապետ չունեցող համայնքներում, իր անմիջական վերահսկողության տակ ստեղծեց ուժային մարմինների հսկա համակարգ՝ ՊՊԾ-ից մինչև արտաքին հետախուզական ծառայություն։ Որովհետև հաջողությամբ մարսել էր նախորդ անկարելիությունները։

Նույն սկզբունքը գործում է նաև արտաքին քաղաքականության մեջ։

Կարդացեք նաև

Նա հաջողությամբ մարսեց արցախյան հիմնախնդիրը «սեփական 0-ական կետից» սկսելու ցնդաբանությունը, դրանից առաջ հասցրած լինելով բանակցային գործընթացը խաթարել «Արցախը Հայաստան է, և վերջ» պոպուլիզմով, հետո նրա մարսողական համակարգը յուրացրեց «տավուշյան Սարդարապատի» բեմականացումը, «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հռետորաբանությունը, որոնք բոլորն առնվազն նպաստեցին 44-օրյա պատերազմին, ինչն էլ հենց դարձավ Նիկոլ Փաշինյանի մարսողական մաստեր կլասը նա մարսեց Արցախի մեծ մասի կորուստն ու 5000 զոհերը, տասնյակ-հազարավոր հաշմանդամները, որովհետև պատերազմի ընթացքում հասցրել էր մարսել արկածախնդիր ռազմական գործողություններ հրահրելու սեփական ձախողումները, հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկի մերժումը․․․

Այստեղ ևս կան բազմաթիվ պատճառահետևանքային կապեր, պատերազմին նախորդած շրջանում կատարված ու կրկին մարսված իրողություններ՝ սկսած Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված հետապնդումից, մինչև բանակի վարկաբեկման մեկնարկը դարձած Մանվել Գրիգորյանի փաստացի սպանություն։

«Ախմախություն-մարսողություն» մեխանիզմը Նիկոլ Փաշինյանը կիրառել է նաև արտաքին քաղաքական հարաբերություններում՝ Պուտինին չդիմավորելը որպես «ինքնիշխանության մարմնավորում» ներկայացնելուց ու Եվրամիությանն ուղղված ծաղրից (ձեր առաջարկած օգնության չափ գումար կստանանք մեր մի քանի օլիգարխներին «թափ տալով»)՝ մինչև հակաչինական կրոնաքաղաքական շարժումներին անդամակցություն…  

Այդ նույն՝ մարսողության սկզբունքով էլ նա գործում է պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթին միանձնյա համաձայնությունից՝ մինչև նույն բանավոր պայմանավորվածությամբ տարածքների, Գորիս-Կապան ճանապարհի, Լաչինի շրջանի ու միջացքի  հանձնում, Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք առճակատման թատերաբեմի վերածում ու վերջինը՝ Մյունխենյան խեղկատակություն։

Նիկոլ Փաշինյանի ախորժակը մեծ է, ագահության չափ մեծ։ Արցախի հարցերը լուծված համարելով՝ նա սեփական մարսողական համակարգը պատրաստում է Հայաստանի կլանմանը։ Առավելագույնը, որ մինչ այս պահը հակադրում է նրան Հայաստանի քաղաքական համակարգը, «Բարի ախորժակ» մաղթանքն է, որն արտահայտվում է  ձևական քննադատությամբ և պաթոսային գրառումներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս