ԿԳՄՍՆ-ում մի շարք վարչություններ կմիավորվեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում նոր մարմին ստեղծել` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխությունների նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:
Համաձայն որոշ տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային բարեփոխումների հերթական փաթեթն է պատրաստվում, որի արդյունքում մի շարք վարչություններ են միավորվելու։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հարցի առնչությամբ 168.am-ին հայտնեցին, որ կառուցվածքային փոփոխության հարցեր քննարկվում են, սակայն հաստատված վերջնական տարբերակ դեռևս չկա։
«Դա աշխատանքային գործընթաց է, նման փոփոխություններ միշտ էլ արվում են՝ նախարարության գործառույթներից բխող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նկատառումով»,- փոխանցեցին ԿԳՄՍՆ-ից: