«200 տարում առաջին անգամ ռուսները համաձայնեցին, որ թուրքերը ոտք դնեն Հարավային Կովկաս». Վարդան Հակոբյան
«Թուրքիան քայլ առ քայլ կարողանում է իր նպատակներն իրականացնել»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս, վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ոտքից գլուխ կախված է ԱՄՆ-ից և ըստ էության Թուրքիան մասնակցին է այն գլոբալ ծրագրի, որը, 30 տարի է, իրագործման մեջ է դրվել.
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դա կարծես նոր փուլ էր ԱՄՆ-ի համար: Այդ ծրագրերի մեջ Թուրքիան իր տեղն ունի և չի կարող այդ ծրագրից խուսափել: Էրդողանի ամբողջ քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե հակադրվում է այդ ծրագրին, այլ ուզում է օգտվել այդ ծրագրից: Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի ընթացքը դեպի Միջին Ասիա, ընդհուպ մինչև Չինաստան, Աֆղանստան, այդ ընթացքի մեջ Էրդողանը կարծես թե ուզում է լծել այդ «եզին» այդ ուժը և իր հարցերը լուծել, այդ առումով նա կարողանում է որոշակի հաջողությունների հասնել: Սա է Էրդողանի ամբողջ նպատակը՝ նեոօսմանիզմի իրականացում»:
Վարդան Հակոբյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, նկատեց՝ նույն ժամանակ նաև Թուրքիան մուտք գործեց Հարավային Կովկաս, մի բան, որ վերջին 200 տարում չէր եղել.
«Ամբողջ ռուսական մամուլը խաղաղապահների Հայաստան գալը ներկայացնում էր որպես մեծ նվաճում՝ ռուսական քաղաքականություն Կովկասում, բայց այդտեղ կար նաև անհաջողություն: Ճիշտ է, եկան խաղաղապահները, բայց ռուսները ստիպված էին թույլ տալ նաև Թուրքիայի ներկայությունը, 200 տարվա մեջ առաջին անգամ ռուսները համաձայնվեցին, որ թուրքերը ոտք դնեն Հարավային Կովկաս, սա ռուսների պարտությունն է: Այստեղ Թուրքիայի դերն ավելի մեծացավ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի համար…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում