«Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը միայն ՌԴ-ի հետ կարող է լինել». Արմեն Գևորգյան
«Այնպես է ստացվել, որ մենք դարձել ենք գլոբալ որոշ զարգացումների իրականացման գործոններից մեկը, և այսօր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ այդ գործոնը տարբեր ձևով կարողանում են օգտագործել»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
«Ընդհատվող զարգացումները, ինչքան էլ դրանք ցավալի կամ մեզ համար անհասկանալի, անընդունելի են, այնուամենայնիվ խաղը հայերի շուրջ չի վարվում, և աշխարհը մեր շուրջը չի ֆռռում»:
Գևորգյանի խոսքով՝ այլ խնդիր է, թե Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունն ինչքանով է բավարարում հայ ժողովրդին և տարբեր աշխարհաքաղական կենտրոնների պատկերացումներին կամ սպասումներին: Արմեն Գևորգյանը նկատեց, որ այսօր 3 շատ կարևոր ռազմավարական նպատակ կա, որի շուրջ զարգացումները ծավալվում են նաև մեր տարածաշրջանում.
«Առաջին՝ Ռուսաստանին աշխարհաքաղաքական առումով չեզոքացնելն է այս տարածաշրջանից:
Երկրորդ՝ Կասպյան ծովի բասեինի էներգառեսուրսների տիրապետման և դրանց տեղափոխման ազատ հնարավորությունների ստեղծումն է: Խոսքը չի գնում միայն Ադրբեջանի մասին, խոսքը գնում է՝ Իրանի, Թուրքմենստանի, էներգառեսուրսների մասին:
Երրորդ խնդիրը՝ սահմանափակել նույն Ռուսաստանի տարանցիկ և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Չինաստանի, որովհետև այն ձգտումները, որոնք վերջին տասնամյակներում դրսևորվում են հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք միջանցքներում, դրանք խիստ անհանգստացնում են այլ աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի այդ հնարավորությունները մաքսիմում սահմանափակվի»:
Անդրադառնալով Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն ուղղված արևմտյան կենտրոնների քայլերին և այդ համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին, պատգամավորն ընդգծեց.
«Այսօր բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը միայն ՌԴ-ի անմիջական մասնակցությամբ կամ օժանդակությամբ կարող է լինել: Ո՞րն է հայանպաստ այդ լուծումը, ձևաչափը, դա ուրիշ է, բայց այստեղ շահերը համընկնում են…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում