Նեթանյահուն հայտարարել է, որ միայն ռազմական սպառնալիքն Իրանին հետ կպահի միջուկային զենք ստանալուց
Ռազմական ուժի համոզիչ սպառնալիքը միակ ուղին է, որը կարող Է միջուկային զենքի մշակումից հետ պահել այնպիսի երկրների, ինչպիսին Իրանն Է: Փետրվարի 21-ի երեկոյան այս կարծիքն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված ամերիկա-իսրայելական խորհրդաժողովում։
Պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքականությունն է առավել ճիշտ համարում, այսպես կոչված, վտարանդի պետությունների զսպման հարցում, Իսրայելի վարչապետը բերել է Իրաքի, Լիբիայի և Սիրիայի օրինակները։ Նրա խոսքով՝ այդ երկրներից յուրաքանչյուրը ոչ վաղ անցյալում կատարել է զանգվածային ոչնչացման զենքի մշակումներ, և յուրաքանչյուր դեպքում այդ փորձերը ռազմական ուժով հաջողությամբ խափանվել են։
Մյուս կողմից, շարունակել Է Նեթանյահուն, կա ԿԺԴՀ-ի օրինակը, որը կարողացել Է ստեղծել միջուկային զենք՝ չհանդիպելով լուրջ դիմադրության։ «Նրանց չկանգնեցրեցին, քանի որ ռազմական միջոցների գործադրման սպառնալիք չկար, այնպես որ, ի վերջո, նրանք զարգացրին այդ (խմբ.՝ միջուկային) ներուժը», – ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը, որի հայտարարությունները տարածել Է նրա գրասենյակը։
Ըստ Նեթանյահուի՝ այժմ միջուկային զենք Է ձգտում մշակել Իրանը: Նրա խոսքով՝ Թեհրանի միջուկային ծրագիրը մեկ անգամ հաջողվեց կանգնեցնել մեկ տարով՝ 2003 թ. Իրաքյան պատերազմից անմիջապես հետո։ «Այն ժամանակ նրանք կարծում Էին, թե դուք՝ Ամերիկա, միջոցներ կձեռնարկեք իրենց դեմ:
Այնպես որ, նրանք կանգ առան, իսկ այնուհետև գաղտնիացրին իրենց ծրագիրը՝ քողարկվելով այն տարբեր քաղաքացիական, այսպես կոչված, հետազոտական կազմակերպությունների տեսքով: Բայց նրանք շարունակեցին: Եվ նրանց կանգնեցնել կամ ավելի ճիշտ՝ դանդաղեցնել հաջողվեց մեր ձեռնարկած տարբեր գործողությունների, ինչպես նաև որոշ պատժամիջոցների հաշվին, որոնք սահմանվեցին», – հիշեցրել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուի կարծիքով՝ հենց Իսրայելի վճռական գործողությունները դրդեցին ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, իսկ հետո Թեհրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ։
«Միակ բանը, որը հուսալիորեն հետ է պահել վտարանդի երկրներին միջուկային զենքի մշակումից, համոզիչ ռազմական սպառնալիքն է կամ համոզիչ ռազմական գործողությունները: Դա կարելի է համատեղել ջախջախիչ տնտեսական պատժամիջոցների հետ, բայց դա բավարար պայման չէ: Անհրաժեշտ պայմանը և հաճախ բավարար պայմանը համոզիչ ռազմական գործողություններն են: Որքան ավելի երկար սպասես, այնքան ավելի բարդ է դառնում: Մենք շատ երկար ենք սպասել», – համոզված է Նեթանյահուն:
Իսրայելն, ընդգծել է վարչապետը, կշարունակի հետևել Իրանի նկատմամբ այդ ուղեգծին։
«Կարող եմ ձեզ ասել, որ ուժերիս ներածին չափով ամեն ինչ կանեմ, որպեսզի Իրանին խանգարեմ ստանալ միջուկային զենք: Սա բխում Է ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի շահերից, բխում է ամբողջ աշխարհի շահերից», – համոզված է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը: