Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ցույցերի առիթ դարձած դատական բարեփոխման օրինագծին
Քնեսեթի պատգամավորները փետրվարի լույս 21-ի գիշերն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել դատական բարեփոխման առաջին մասը կազմող օրինագծին, որն առաջարկել Է Բենյամին Նեթանյահուի նախարարների կաբինետը և առաջացրել ընդդիմության զանգվածային բողոքը։
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ փաստաթղթի պաշտպանությամբ հանդես Է եկել 120-տեղանոց Քնեսեթի 63 պատգամավոր, դեմ է քվեարկել 47 խորհրդարանական։ Ձեռնպահներ չեն եղել, բայց պատգամավորների մի մասը, որոնք համաձայն չեն բարեփոխման նախագծին, բոյկոտել են քվեարկությունը։
Օրինագիծը նախատեսում է փոխել Գերագույն դատարանի դատավորների նշանակման գործընթացը և ընդլայնում նրանց ընտրելու՝ կառավարության լիազորությունները։ Առաջին ընթերցմամբ հաստատվելուց հետո փաստաթուղթը կվերադառնա Սահմանադրության, օրենքի և արդարադատության խորհրդարանական հանձնաժողով, որը կպատրաստի այն երկրորդ և երրորդ ընթերցման համար. դրանք նախատեսված են մարտի վերջին։
The Times of Israel-ը նշում է, որ Քնեսեթի նիստն սկսվել է փետրվարի 20-ին, քվեարկությանը նախորդել են ավելի քան 6 ժամ տևող բուռն բանավեճեր: Ընդդիմադիր պատգամավորները կտրականապես դեմ են արտահայտվել առաջարկվող օրինագծին, իսկ Երուսաղեմում խորհրդարանի շենքի մոտ այդ ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել։
Նրանք ժողովրդավարության պաշտպանության կոչեր են հնչեցրել և դեմ են արտահայտվել Բենյամին Նեթանյահուի գլխավորած ներկայիս կառավարության ուղեգծին։
Անցյալ տարվա վերջին պաշտոնը ստանձնած Նեթանյահուի կառավարության դեմ ընդդիմության զանգվածային ցույցերը շարունակվում են հունվարի սկզբից։
Բողոքի պատճառ է դարձել նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխման նախագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում, իսկ դատավորների ընտրության նկատմամբ վերահսկողությունն անցնում է նախարարների կաբինետին։
Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։
Նեթանյահուն պնդում է, որ իր կառավարությունը ձևավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքներով և կիրականացնի այն ծրագիրը, որին կողմ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը: