Եթե ՌԴ-ն դուրս գա ՀՀ-ից, ուրեմն դուրս է գալիս ողջ Հարավային Կովկասից, ու սա ԱՄՆ-ը լավ գիտի. Սարգսյան
«Երևի տեսաք, թե Ալիևն ի՞նչ հայտարարություններ էր անում և, բնականաբար, տեսաք նաև Հայաստանի կողմից բացակայող արձագանքներն ու պատասխանները: Միջազգային հարաբերություններում ընդունված չէ պետության ղեկավարի ներկայությամբ այդպիսի բաներ անել և պատասխան չստանալ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև քննարկմանը:
«Սա շատ կարևոր բաների մասին է խոսում, բայց առաջին հերթին խոսում է ՀՀ ղեկավարության թույլ լինելու մասին՝ ոչ միայն արտաքին հարաբերություններում, այլև բանակցային գործընթացում, Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում կամ շփումներում: Կարծում եմ, դա հեղինակության հարց է՝ ոչ միայն ՀՀ իշխանության, այլև Հայաստանի: Ցավոք, ՀՀ շահերը մեծ հաշվով ներկայացված չեն և չեն պաշտպանվում»,- նշեց միջազգայնագետը:
Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ՝ ԱՄՆ-ի առաջնահերթությունը մեր տարածաշրջանում կոնֆլիկտների լուծումն է:
«Որովհետև սա ընկալվում է՝ որպես հնարավորություն՝ Ռուսաստանի հետ մրցակցային դաշտում Ռուսաստանին դուրս թողնել տարածաշրջանից կամ կրճատել ՌԴ ազդեցությունը: Սա միջազգային նորմալ քաղաքական պրոցես է: Գերտերությունները մրցակցում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ՀՀ-ում: Եթե ՌԴ-ն դուրս է գալիս Հայաստանից, ըստ էության դուրս է մնում ամբողջ Հարավային Կովկասից, և սա ԱՄՆ-ում հասկանում են և կարծում են, որ դրան կարելի է հասնել բացառապես տարածաշրջանային կոնֆլիկտները լուծելով, ԼՂ խնդիրը լուծելով, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելով»,- ընդգծեց միջազգայնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում