Մատնոցային դիվանագիտության կործանարար հետևանքները

Նիկոլ Փաշինյանի իրականացրած արտաքին քաղաքականության ամենահաստատուն հատկանիշն անկայունությունն է։ Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականությունը սիտուատիվ դիվանագիտություն է՝ շաբաթվա կենտ օրերին հետապնդվող արտաքին քաղաքական մի կողմնորոշումը շաբաթվա զույգ օրերին միանգամայն հակադիր կողմնորոշմամբ փոխարինելու հաջորդականությամբ։

Նման արտաքին քաղաքականության մեջ ամենահաճախ կիրառվող միջոցը խաբեությունն է, որովհետև առանց ստի հնարավոր չէ երկուշաբթի օրվա ռուսամետությունը երեքշաբթի հրամցնել՝ որպես արևմտամետություն։

Իրականում դա «մատնոցային դիվանագիտություն» է, որովհետև դրա հիմքում ընկած է նույնպիսի պարզամիտ խորամանկություն, որպիսին կիրառում է մատնոցների խաբկանքով փողոցում գումար շորթող շարքային խաբեբան։ Ընդ որում, ինչպես այս վերջինին, նույնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնողին էլ թվում է, թե իր խաբեության մասին գիտի միայն ինքը և կարողանում է մոլորեցնել բոլորին, մինչև այն պահը, երբ հայտնվում է առաջին թաղայինը։

Հիմա նույնանման վիճակում Նիկոլ Փաշինյանը դրել է Հայաստանին, որի հետ հարաբերվող բոլոր պետությունները գիտեն նրա խաբեության մասին, բայց լռում են՝ ամեն մեկն իր իմացածն իր շահին ծառայեցնելու մղումով։

Կարդացեք նաև

Դա տևելու է այնքան, մինչև բոլորը ստանան իրենց հասանելիքը և ուղարկեն պայմանական «թաղայինին»։

Նիկոլ Փաշինյանը նման արտաքին քաղաքականություն է իրականացնում ոչ միայն ստի ու կեղծիքի նկատմամբ պաթոլոգիկ հակվածության պատճառով։ Բոլորին մոլորեցնելու իր ծիծաղելի փորձերով նա ինքը մեծագույն մոլորության մեջ է. նրան թվում է, թե արարողակարգային ելույթներում գեղեցիկ բնորոշումներով ներկայացվող քաղաքակրթական արժեքները կարելի է դնել նաև պետության արտաքին քաղաքականության հիմքում։

Իրականում, սակայն, արտաքին քաղաքական օրակարգը ձևավորվում է պետական շահերի, և, ցավոք, ոչ քաղաքակրթական արժեքների հիման վրա։ Պետական շահերն իրենց հերթին՝ կրում են բացառապես օբյեկտիվ իրականության ազդեցությունը՝ սկսած աշխարհագրությունից, մինչև աշխարհաքաղաքականություն։ Պետական շահը և զգացմունքայնությունը հակացուցված են, ինչպես որ, ցավոք, անհամատեղելի են պետական շահերն ու բարոյականությունը։

Ցանկացած պետության համար, իհարկե, երանելի է սեփական արտաքին քաղաքականությունն ամբողջովին համապատասխանեցնել քաղաքակրթական ընտրությանը։ Բայց, որպես կանոն, այդպիսի երանություն պետությունները չեն ունենում, հատկապես փոքր ու խոցելի երկրները։ Եվ հակառակը՝ քաղաքակրթական ընտրության և գործնական քաղաքականության հետ նույնացումը կարող է կործանարար լինել, եթե հաշվի չեն առնվում միջավայրային այն գործոնները, որոնք իրենց բնույթով հակամետ են այդ քաղաքակրթական ընտրությանը։ Քաղաքական ու քաղաքակրթական կողմնորոշումների պարագայում, սակայն, կա հետաքրքիր առանձնահատկություն, որը նաև հնարավորություն է։

Գործնական արտաքին քաղաքականությունը չի պարտադրում նույնական քաղաքակրթական ընտրություն, և հակառակը՝ կարելի է որպես պետություն ու հասարակություն ունենալ քաղաքակրթական միանգամայն տարբերվող արժեքներ ու հավատամք, քան այն ուղղությունը, որն արդեն քաղաքական հարթությունում ընտրում է պետությունը։

Քաղաքական և քաղաքակրթական կողմնորոշումների միջև սահմանագծերը շատ զգայուն են, հաճախ անտեսանելի։

Միայն իրապես պետության շահերով առաջնորդվող իշխանություն, ավելի լայն իմաստով՝ էլիտաներ ունենալու դեպքում է հնարավոր վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը չի վնասի հասարակության համար գերադասելի համարվող քաղաքակրթական արժեքներին, և մյուս կողմից՝ հնարավորություն կտա դավանել այդ արժեքներն այնպես, որպեսզի դա չվտանգի գործնական արտաքին քաղաքականությանը։

Մտածել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ունակ են իրականացնելու այդպիսի բարդ, բազմաշերտ ու բազմագործոն առաջնորդություն, նշանակում է հավատալ մատնոցով գումար շահելու հնարավորությանը։

Հ.Գ Նաև այս հարթությունում պետք է դիտարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երեկվա սիրառատ այցը Թուրքիա ու ինքնամատուցումը թուրք պաշտոնյաների առաջ։ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին տասնյակ անգամներ հայտարարած Նիկոլ Փաշինյանն այդ երկիր է ուղարկում մեկին, ով իր կարիերայի մի մասն անցկացրել է Հայոց ցեղասպանության թանգարանում։ Սկզբունքների, արժեքների, համոզմունքների նման շրջադարձը վկայում է ոչ թե դրանց փոփոխության, այլ չգոյության մասին։ Իսկ դա Հայաստանը չգոյության դատապարտելու ամենակարճ և ամենաանարժանապատիվ ճանապարհն է, որով ինքնամոռաց սլացել է Արարատ Միրզոյանը դեպի Թուրքիա։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս