«Իմ մեջ այնքան ցավ կա, ամեն ինչ կարող է վերականգնվել, բացի մարդկային կյանքից». Փոքր Մասրիկի գյուղապետ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի դին դեռևս չի հայտնաբերվել։
168.am-ն արդեն ներկայացրել է Շիրազ Խաչատրյանի ընտանիքի ողբերգության մասին տեղեկությունները: Ծնողները տեսել են, որ իրենց որդու դին Կուտականի միջդիրքային հատվածում է։ Շիրազ Խաչատրյանի ընտանիքի անդամների և լրագրողների խնդրանքով հարցը տրվեց նաև Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հետաքրքրվել դեպքի մանրամասներով։
Շիրազ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ էր։
Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանի գնահատմամբ՝ Շիրազ Խաչատրյանը ոչ միայն իր ընտանիքի, այլև ամբողջ գյուղի, երկրի համար է կյանքը տվել, հետևաբար՝ որպես գյուղապետ՝ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գյուղի հերոսի դին դուրս բերվի միջդիրքային հատվածից, սակայն մինչև հիմա ձեռնարկված քայլերը դեռ արդյունք չեն տվել։
«Մենք ենք լրատվամիջոցներին խնդրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարցը բարձրացվի։ Ում հնարավոր է՝ դիմել ենք, այդ թվում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, ասել են, որ գրություն են ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Երբ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարցը բարձրացվել է, դրանից հետո Շիրազ Խաչատրյանի հայրիկին կանչել են Պաշտպանության նախարարություն, խոսել են։
Իմ տեղեկություններով՝ հիմա էլ աշխատանքներ տարվում են, զորամասի հրամանատարի հետ որոշակի շփումներ կար, որոնողական աշխատանքներ տարվում են, ուղղակի այժմ ձյունն է խանգարում։ Նախորդ անգամ երբ հանդիպեցինք զորամասի հրամանատարի հետ, սարից էին իջնում, ասացին, որ թույտվություն է եղել, որպեսզի փնտրեն դին, իրենց կոշիկների կապիչներին ձմերուկի չափ ձյուն էր հավաքվել, այսինքն՝ ձյունն այդքան շատ էր, բայց իրենք այդ աշխատանքները կատարել էին»,- նշեց Սարգիս Նշանյանը։
Ըստ գյուղապետի՝ սա այն հարցն է, որը երբեք իրենց ուշադրության կենտրոնից դուրս չի թողնվում, քանի որ Շիրազ Խաչատրյանը ոչ թե միայն Խաչատրյանների տղան էր, այլև բոլորինը։
«Ցավում ենք, որ այսպես է ստացվում։ Գյուղում 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ նորից ունեցել ենք զոհված զինծառայող, 44-օրյայի ժամանակ էլ՝ 4 զոհ, դե, սեպտեմբերյան եռօրյա մարտերին՝ 3 զոհ, որից մեկը Շիրազ Խաչատրյանն է։ Ներկա պահին միայն Շիրազ Խաչատրյանի ընտանիքն է, որ դեռ կարգավիճակ չունի, մյուսների հարցերը, այսպես ասած, կարգավորվում են, համայնքապետարանն իր հնարավորությունների սահմաններում օգնում է, ճիշտ է, մենք հիմա գյուղապետարան ենք ու մեր հնարավորությունների մեջ ոչինչ չի մտնում, բայց համայնքապետարանի, մարզպետարանի միջոցներով դիմում ենք, գնում ենք, պահանջում, դիմում տարբեր բարերարների, հիմնադրամների, մի խոսքով՝ բոլոր հնարավոր միջոցները գործադրում ենք ընտանիքներին աջակցելու համար»,- շեշտեց Սարգիս Նշանյանը։
Գյուղապետին հարցրեցինք նաև գյուղի անվտանգության մասին, նա մեզ փոխանցեց, որ դիրքային փոփոխություններ, իհարկե, եղել են, և սրանով բնավ փակագծեր կամ ռազմական գաղտնիք չի բացում, քանի որ այդ ամենն անզեն աչքով հնարավոր է տեսնել, ու բոլորն են տեսնում։
«Իրենք դիրքային առաջախաղացում էին ունեցել Կուտականի, Կախակնի հատվածում, այդ դիրքերում մնացել է Շիրազ Խաչատրյանի դին։ Հիմա մեր մոտից այդ դիրքերը տեսանելի են, Աստված չանի, եթե պատերազմ լինի, ապա դիրքերը երևալ-չերևալը ոչ մի կերպ մեր անվտանգությունը չի ապահովի։ Առաջին հերթին մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք այստեղ ապրելով, գյուղը շենացնելով, ամեն ինչ մի քիչ էլ մեզանից է կախված։ Եթե թույլ տանք՝ թշնամին չերևացող հատվածներից կհասնի երևացող հատվածներ, չպետք է թույլ տանք, որ հասնեն իրենց նպատակներին։
Սեպտեմբերյան հարձակման ժամանակ գյուղը նյութական վնասներ չի կրել, բայց ավելի լավ կլիներ գյուղը նյութական վնասներ կրեր, բայց մարդկային կորուստներ չունենայինք։ Վերջին 6 տարում երեք պատերազմի ժամանակ ունեցել ենք մարդկային կորուստներ, ամենատարիքով զոհը եղել է 40 տարեկան, 28 7-28 տարեկան տղաներ են զոհվել, մի դասարան կա արդեն, որ նայում ենք՝ այդ դասարանում տղա չի մնացել, սա մեծ ցավ է։ Օրինակ, Սոթքն այս պատերազմում ամենաշատը տուժած բնակավայրերից է, բայց հիմա այնտեղ ամեն ինչ արդեն վերականգնվել է, ու իմ մեջ այնքան ցավ կա, ասում եմ՝ ամեն ինչ կարող է վերականգնվել, բացի մարդկային կյանքից, մեր լույսի նման տղաներին հանձնում ենք հողին»,- եզրափակեց Փոքր Մասրիկի գյուղապետը։