Հիշաչար լինե՞լ, թե՞ ոչ
Երբեմն պատահում է այնպես, որ կարծես հնարավոր չի լինում խուսափել հիշաչարությունից։ Չէ՞ որ կյանքում մեզ հանդիպած ոչ բոլոր մարդիկ են նուրբ ու խնամքով վարվում մեր հանդեպ, ոչ բոլորն են մեզ հետ խոսում առանց վիրավորանքների։
Այդ վիրավորանքները, մեր հանդեպ գործած վատ ու տհաճ արարքներն էլ մեզ ստիպում են դառնալ հիշաչար՝ փորձելով իբր «արժանի պատասխան» տալ մարդկանց։ Սակայն մի պահ կանգ առնենք այս հիշաչարության սահմանագծին ու ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ։
Ինչո՞ւ լինենք հիշաչար, եթե վստահ ենք, որ Արդարը, Դատավորը և Ամենատեսը մեզ հետ է։ Նա տեսնում է ամեն ինչ և ամենքին հատուցում՝ ըստ եղածի։ Նման պահերին կարիք կա, որպեսզի ամեն բան թողնենք մի կողմ և հիշենք Նոր Կտակարանի այն հատվածը, երբ Պետրոսը մոտեցավ Քրիստոսին և հարցրեց նրան․ ««Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»» (Մատթ․ 18։21-22)։ Քրիստոս՝ Փրկիչն է իր այս խոսքով մեզ պատվիրում անհիշաչար լինել՝ դատաստանն Իրեն թողնելով։
Հիշաչարությունը անվստահություն է Տիրոջ հանդեպ, այն կարծես անհուսություն է։ Ուրեմն՝ հիշենք, որ երբ անհիշաչար ենք վարվում մեր շրջապատի հանդեպ, վայելում ենք Աստծո ներկայությունը մեր սրտերում։ Տեղին է հիշել այս առակը․
«Մի վայրում բնակվող երկու մենակյացներ կային: Մի մեծն ծեր, գնալով նրանց մոտ, կամեցավ փորձել նրանց: Սա վերցրեց գավազանը և սկսեց ավերել բանջարեղենը: Եղբայրը, տեսնելով նրան, թաքնվեց, և երբ մի բանջար էր մնացել ընդամենը, եղբայրն ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես՝ թո՛ղ դա, որպեսզի եփենք և միասին ճաշակենք»: Եվ ծերն ընկնելով եղբոր առաջ` ասաց. «Աստծո Հոգին հանգչում է քեզ վրա, եղբա՛յր»» («Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016)։