«Հայաստանը վեր է ածվել մեծ կազինոյի՝ բաց երկնքի տակ». Ատոմ Մարգարյան
Վիճակագրական ծառայությունը հերթական անգամ արձանագրել է հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում. 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հունվարը 2022թ. հունվարի նկատմամբ) կազմել է՝ 8.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%:
Նկատենք, որ Կենտրոնական բանկն ավելի վաղ նշել էր, որ ակնկալվում է համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացում։ Ավելին՝ ըստ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի, 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազելու է և 2023թ. երկրորդ կեսից կայունանալու նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ԿԲ այս սցենարն ինչ-որ առումով համարում է «wishful thinking»՝ ցանկալին իրականության տեղ դնելու հակում՝ պարզաբանելով, որ գնաճը կախված չէ միայն ԿԲ վարքագծից և կարգավորումներից:
«ԿԲ-ն, ըստ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի՝ պատասխանատու է երկրում գնաճային իրավիճակի կարգավորումների համար, բայց սա վարչական համակարգ չէ, որ միայն մոնետար գործիքներով հնարավոր լինի այդ ամենն ապահովել,- նշեց տնտեսագետը՝ մանրամասնելով,- Աշխարհում ընդհանուր տենդենցները, գնաճային իրավիճակը շատ անբարենպաստ են, շատ մեծ են ճնշումները: Այս իմաստով անկանխատեսելի են արտաքին և գնային շոկերը»:
Այս համատեքստում Ատոմ Մարգարյանն ուշադրություն հրավիրեց՝ ինչպես գործընկեր երկրներում գնաճային իրավիճակի, այնպես էլ՝ համաշխարհային իրողությունների վրա՝ համավարակ, երկրաշարժ, հակամարտություններ՝ նկատելով, որ դրանք ստեղծում են լուրջ ազդեցություններ, շոկեր հիմնարար ռեսուրսային շուկաների համար, հատկապես՝ էներգակիրների, սննդամթերքի:
«Բնականաբար, այդ ամենն ազդելու է նաև ՀՀ ներմուծումների և արտահանումների վրա: Հետևաբար, գնաճային և ընդհանրապես սցենարներ կանխատեսելն անշնորհակալ գործ է,- ասաց տնտեսագետը և հավելեց,- Գնաճը կախված է ոչ միայն ԿԲ վարքագծից ու կարգավորումներից, այլև մեծապես՝ կառավարության վարքագծից ու կարգավորումներից, ծախսային քաղաքականությունից, դեֆիցիտից: Իսկ մենք տեսնում ենք՝ պարտքային ինչպիսի սցենար է որդեգրել այս կառավարությունը. ցանկացած պահի ներգրավել միջոցներ, ընդ որում, բավական թանկ միջոցներ (Արժույթի միջազգային հիմնադրամի վարկավորումը բավականաչափ թանկ հաճույք է, այլ բան, որ այդպիսի միջոցներ ներգրավվեն Համաշխարհային բանկի արտոնյալ վարկավորումների պատուհաններից):
Եվ երբ նայում ենք գնաճային իրավիճակին՝ կառավարությունն իր գործողություններով, հարկային և ծախսային քաղաքականությամբ՝ գնաճային իրավիճակի վրա ազդող հզոր խաղորդ է»:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ ԿԲ-ն կարող է անվերջ զսպել գնաճը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թանկացնելով փողը, ինչը, սակայն, երկսայր սուր է և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում՝ տնտեսության համար ունենալու է լրջագույն հետևանքներ:
«Մեր տնտեսությունը գերպարտքավորված է. պարտքով են ապրում և՛ կառավարությունը, և՛ տնային տնտեսությունները, և՛ բիզնեսը, իսկ եթե տոկոսադրույքները բարձրանում են, բնականաբար, փողը թանկանում է, և այդ մասով՝ բիզնեսի տնային տնտեսությունների, կառավարության վրա ծախսերն ավելանում են: Հետևաբար, ստացվում է, որ միայն մոնետար գործիքներով չափից դուրս պարանը ձգելը բերելու է գնաճային նոր սպիրալի՝ ավելի բարձր գնաճի»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա:
Ըստ տնտեսագետի՝ վերջին տարիներին ականատես ենք հենց նման տենդենցի. «Համենայն դեպս, վերջին երեք տարիներին ԿԲ-ն մշտապես բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. և ի՞նչ՝ ոչինչ»:
Ատոմ Մարգարյանն այս իրավիճակում ակնկալում է կառավարության համարժեք գործողություններ:
«Կառավարությունը պետք է այնպիսի գործիքակազմեր ներդնի տնտեսության մեջ, որ տնտեսության վրա ճնշումը թուլանա. հատկապես պետք է լուծվի ռեսուրսների մատչելիության, հասանելիության խնդիրը:
Առաջին հերթին, տեսեք՝ ինչ է կատարվում էներգակիրների շուկայում:
Դրամը մոտ 20 տոկոսով ամրապնդվեց, և դա ազդեց ներկրվող դիզվառելիքի և բենզինի գների վրա, սակայն ի՞նչ է կատարվում բնական գազի շուկայում. գազը ևս ներկրվում է, ինչո՞ւ գազը չի էժանանում: Սա խնդիր է, այլ հավասար պայմաններում՝ բնական գազը ևս պետք էժանանար առնվազն 20 տոկոսով: Այն պայմանագրերը, որոնք կնքված են «Գազպրոմի» հետ, Աստվածաշնչի դոգմաներ չեն, այլ դրույթներ, որոնք բխում են կոնյունկտուրայից. եթե մեր արժույթն այդքան արժևորվել է, ներմուծվող ապրանքները, այդ թվում՝ գազը, պետք է էժանանար, ինչը կազդեր նաև էլեկտրաէներգիայի սակագների վրա:
Բազմաթիվ ուղղություններով հարկային քաղաքականության էլեմենտները պետք է վերանայվեն. դիֆերենցված հարկային քաղաքականություն պետք է վարել, իսկ դա չի արվում: Ենթադրենք, խաղաբիզնեսը նույն սկզբունքներով ու նույն դրույթներով է հարկվում, ինչ, ասենք, մեքենաշինական արտադրությունը կամ քիմիական արդյունաբերությունը. սա խայտառակությո՛ւն է,- շեշտեց տնտեսագետը՝ կարևորելով կառավարության կողմից հստակ կարգավորումների անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով,- Հայաստանը վեր է ածվել մեծ կազինոյի՝ բաց երկնքի տակ, և հսկայական գումարներ են գալիս օֆշորներից և նույնքան հեշտորեն հեռանում։ Ի՞նչ գումարներ են, ովքե՞ր են խաղադրույքներ անում, ի՞նչ փողեր են լվացվում, ինչպիսի՞ հարկեր են գանձնվում, արդյո՞ք կրիմինալ բաղադրիչ ունեն:
Մյուս խնդիրը՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ռելոկանտների հսկայական հոսքի (տարբեր գնահատումներով՝ մինչև 300 հազար մարդ), հսկայական թվով բիզնեսների և ներդրումների ազդեցությունները քաոսային են. դրանք ևս պետք է կարգավորվեն»: