Կանանց համար՝ թարմ ենթակառուցվածքներ, տղաներին՝ տուն-կացարաններ. կանանց պարտադիր ժամկետային ծառայության վայրն ընտրված է

168.amգրել էր, որ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նախագիծ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ-ում քննարկում են կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մասին հարցը:

Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության, նպատակահարմար է գտել կանանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս և ծառայությունն անցնողների համար նախատեսել 1,5 մլն դրամ պատվովճար:

Փետրվարի 9-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սա համարել է կարևոր բարեփոխում:

«Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության»,- շեշտել է նա:

Կարդացեք նաև

Այսինքն, իշխանությունները փորձում են նաև այս տարբերակով «Ես եմ» ծրագրի պատճենված տարբերակի՝ «Պաշտպան հայրենյացի» համար շահառուներ գտնել: Չենք բացառում, որ կանանցից պարտադիր զինվորական ծառայություն անցնել ցանկացողները շատ կլինեն, այստեղ հարցը՝ շարժառիթն է, և թե քանիսը այդ դիմողներից կցանկանան դառնալ պայմանագրային զինծառայող, և բանակը որքանով կշահի սրանից: Այսինքն, ցանկացած նման լուրջ քայլից առաջ անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություն և հստակ հաշվարկ: Եվ եթե, օրինակ, ընդօրինակում ենք որևէ երկրի փորձ, ապա որքանո՞վ է այն համադրելի հայաստանյան իրողությունների և առկա մարտահրավերների հետ:

Ի դեպ, 2022 թվականի նոյեմբերին ՀՀ ՊՆ պատվիրակությունը ճանաչողական այցով եղել էր Շվեդիայում:

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել էր Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն և ծանոթացել Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին, ազգային պաշտպանության ինստիտուտի և ռազմական ոստիկանության գործունեությանը, Շվեդիայի զինված ուժերում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Գուցե սկանդինավյան փորձն ենք հիմք ընդունել:

Ինչ վերաբերում է կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար անհրաժեշտ պայմաններին, կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն:

«Նոր էջ է, և մենք պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսենք»,- ընդգծել է նա:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է. «Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով: Ամեն ինչ կախված է մեր արագությունից»:

168.am-ի տեղեկություններով, կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար նախատեսված զորամասի կամ դրա տեղակայման վայրի տարածքն արդեն ընտրված է, պարզապես գաղտնիության սկզբունքից և անվտանգությունից ելնելով՝ չենք հրապարակի այն: Կախված դիմորդների քանակից, հնարավոր է՝ լինի ոչ թե մեկ վայր, այլ վայրեր՝ կառուցման կամ վերանորոգման աշխատանքներից հետո:

Թե որքանով է այս գաղափարի իրականացումն անհրաժեշտ, երբ արական սեռի զինվորների ծառայության վայրերը տուն-զորանոցներն են, ՊՆ-ից մեզ հերթական անգամ հիշեցրեցին իտալական մոդուլային կացարանների մասին, և, որ դրանց մշտական տեղակայման վայրը պատրաստ է լինելու 2023-ի վերջին: Այսինքն, առնվազն մեկ տարի զինվորները զինվորական ծառայություն են իրականացնելու ոչ դասական զորանոցային պայմաններում:

Ըստ այդմ՝ խնդիրը բնավ կանանց պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը դեմ կամ կողմ լինելը չէ, այլ, թե որքանով են երկրորդային խնդիրներին զուգահեռ՝ լուծվում առաջնային խնդիրները:

Ի դեպ, հետաքրքիր է՝ կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին ոգևորված խոսող և դուստր կամ դուստրեր ունեցող պաշտոնյաները, որոնք, թերևս, իրենք էլ չեն ծառայել կամ իրենց տղաներին ազատել են բանակից, կո՞ղմ կլինեն իրենց աղջիկների կամավոր զինծառայությանը, թե՞…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728