«Զեկույցում կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից». Արման Եղոյան

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցին՝ ներկայացնելով, թե ինչ կարևոր շեշտադրումներ են կատարվել զեկույցում։

«Զեկույցում խստորեն դատապարտվել է անցած տարի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը և փոխկապակցվածության մեջ է դրվել Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունը այնտեղ մարդու իրավիճակների բարելավման հետ։ Սա, կարծում եմ, ևս շատ կարևոր է»,- ասաց Եղոյանը։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որոնց արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:

Տեսանյութեր

Լրահոս