Արմեն Աշոտյանի կողմից Արցախին առնչվող տեղեկատվության ակտիվ տարածումը կարող է նպաստել հասարակության մոբիլիզացիային. Սիրանուշ Սահակյան

168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով եվրոպական կառույցների՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ լոյալ դիրքորոշմանը, ասաց՝ երբ կգա Արցախի հարցով վերջնական որոշումներ կայացնելու ժամանակը, և դրանք ամբողջովին չեն լինի արևմտյան ազդեցության ներքո կայացված, այն ժամանակ միայն եվրոպական կառույցները կտան այս իշխանությունների գործողությունների ամբողջական և օբյեկտիվ գնահատականը:

Դիտարկմանը, թե մինչ այդ երկրում ավելանում են քաղբանտարկյալները, և արդեն մոտ մեկ ամիս է՝ կալանավորված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իրավապաշտպանն ասաց՝ այստեղ կապ կա անձի գործունեության, արտահայտած տեսակետների և հետապնդման միջև:

«Այն տեղեկատվությունը, որը բացահայտվում է պարոն Աշոտյանի կողմից, առնչվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Այն ահազանգում է մոտալուտ վտանգը, և այդ տեղեկատվության ակտիվ տարածումը կարող է նպաստել հասարակության մոբիլիզացիային, որի պարագայում ՀՀ իշխանությունների և արտաքին ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ամբողջ ծավալով չիրականացվել կամ առնվազն խոչընդոտների հանդիպել: Այսինքն՝ Արմեն Աշոտյանի հայտարարությունները կարող են նպաստել հասարակության իմունային համակարգի վերակենդանացմանը, որի պարագայում պետության շահերը կարող էին պաշտպանված լինել: Այդ հնարավորությունից զրկելու համար միջոցներ են ձեռնարկվել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ըստ նրա՝ դատական համակարգում թեև ունենք պրոֆեսիոնալ, իրենց անձն ու մասնագիտական արժանապատվությունը գնահատող դատավորներ, ընդհանուր առմամբ դատական համակարգն ահաբեկված է: ԲԴԽ-ում տիրող իրավիճակն ու բացահայտ խախտումներով անձի լիազորություններ դադարեցնելը վախերի մեջ են պահում դատավորներին:

Կարդացեք նաև

«Բազմաթիվ դատավորներ այս իրավիճակում ունակ չեն լինելու դիմադրել: Արմեն Աշոտյանի գործի պարագայում անհատական դատավորի գործոնը կարևոր է, և դժվար կկարողանամ կանխատեսել՝ ինչպիսին կլինի ելքը: Հավանականությունը, որ նորանշանակ դատավորները կարող են անկախ գործել, չափազանց փոքր է»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս