Սումգայիթյան ողբերգություն՝ 35 տարի անց

Այս տարվա մայիսի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, պաշտպանական գերատեսչությունը նոր հայտարարություն հրապարակեց, ըստ որի՝ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

«Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարակից տարածքից առևանգված 2 զինծառայողները պայմանագրային զինծառայողներ են՝ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը:

Կարդացեք նաև

Հենց մայիսի 26-ին Ադրբեջանը քրեական գործ հարուցեց մեր զինծառայողների նկատմամբ: Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման»  և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար:

Հաղորդվեց, թե իբր «հայկական դիվերսիոն խումբն Ադրբեջանի սահմանը հատել է Զանգելանի (ներկայում՝ օկուպացված Կովսական) հատվածում, մինչդեռ նրանք, կրկնում ենք, առևանգվել են ՀՀ ինքնիշխան տարածքից:

Հունիսի 23-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը 168.am-ին ասել էր՝ հունիսի 16-ին Եվրոպական դատարանին կրկին ներկայացրել էր Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջ, սակայն ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի այդ պահանջը։

«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Ուստի Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, ի թիվս այլոց, Հովագիմյանի և Ղազարյանի իրավունքների պաշտպանությունը»,- նշված էր գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը 168.am-ին տեղեկացրել էր նաև, որ հուլիսի 3-ին Բաքվում նախատեսվում է մեր երկու հայ զինծառայողների նախնական դատը:

Հուլիսի 3-ի նախնական դատական նիստից հետո այսօր՝ հուլիսի 5-ին, Ադրբեջանում շարունակվել է դատական ֆարսը մայիսի 26-ին Հայաստանի տարածքից առևանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 5-ին դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ իրականացվող դատական նիստում ընթերցվել են Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի թերթիկների տվյալները, հայտարարվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրանց տրամադրվել են փաստաբաններ եւ թարգմանիչներ։ Կարեն Ղազարյանի իրավունքները պաշտպանելու է Յուսիֆ Ալիևը, իսկ Հարություն Հովակիմյանինը՝ փաստաբան Լեյլա Բադալովան։

«Դատախազ Օրհան Ռուստամովը հրապարակել է մեղադրական ակտը։ Գործով տուժածներ են ճանաչվել Էլթուն Սյարքյառլին, Ռզա Ալլահվերդիևը, Ասիֆ Բաբաշևը և Իբրահիմ Շիխլարովը։ Ներկայում դատավարությունը շարունակվում է»,- տեղեկացրել է աղբյուրը։

Թե որտեղի՞ց են հայտնվել «տուժածները»՝ հայտնի չէ, ընդ որում՝ նրանք հայտնվել են տառացիորեն դատական ֆարսի նախօրեին։

Ըստ ադրբեջանական կողմի հորինած վերջնական մեղադրանքի՝ «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ»:

Բացի ագրեսիվ ռազմական գործողություններից, Ադրբեջանը նաև բավականին հաջող տեղեկատվական ինդուլգենցիա է ապահովում իր համար միջազգային հարթակներում: Այս արշավի շրջանակներում հունիսի 5-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և օմբուդսմենի Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ երկու զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։

Նշվում է, որ այցի շրջանակում տեղում ուսումնասիրվել են հայ զինվորների պահման պայմանները՝ խցերի վիճակը, անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ պայմանները, բուժօգնությունը, սննդի հարցերը։ Հայտնվում է, թե իբր հայ զինծառայողները բողոքներ չեն ունեցել։

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ սա Ադրբեջանի գործելաոճն է՝ դիվերսիոն ներթափանցմամբ առևանգել զինծառայողներին, նրանց համար որևէ պատժաչափ սահմանել, հետո սկսել սակարկումներ բանակցություններում:

«Նրանց այդ պատժաչափերը, պատժատեսակները ընդամենը դեկորացիաներ են, ընդամենը դիզայն են՝ ցույց տալու համար, որ ինչ-որ իրավական հիմք կա նրանց անազատության մեջ պահելու, իրականում պարզ է, որ նրանք ուղղակի պահվում են պատանդի կարգավիճակով»,- ասել էր իրավապաշտպանը:

168.am-ի հետ զրույցում էլ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նկատել էր՝ հայ գերիներին դատելով՝ Ադրբեջանը միանգամից երկու հարց է լուծում:

«Կա մի գործոն, որի պատճառով Բաքուն կարող է հետաքրքրված լինել հայ ռազմագերին վերադարձնելու հարցում. դրանք ադրբեջանցի երկու հանցագործներն են, որոնք հիմա գտնվում են Հայաստանում»,- ասել էր Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակն» արդեն իսկ ազդարարել է  ադրբեջանցի հանցագործների հնարավոր արտահանձնումն Ադրբեջանին:

168.am-ը դեռևս ապրիլի 22-ին ողջամիտ կասկած էր հայտնել, որ այս երկու դիվերսանտները, ի վերջո, կհանձնվեն Ադրբեջանին, որովհետև երբ ունենք վերջնական ուժի մեջ մտած դատավճռով ադրբեջանցի մարդասպան հանցագործ-դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի օրինակը, երբ իշխանության գալուց կարճ ժամանակ անց առանց դատարանի վճռի Նիկոլ Փաշինյանը նրանց տվեց Ադրբեջանին, առնվազն ողջամիտ կասկած է առաջանում՝ արդյո՞ք սրանց էլ չեն հանձնի թշնամի պետությանը, հատկապես որ, Ադրբեջանը հրապարակայնորեն պահանջել էր դա ՀՀ իշխանություններից:

Իսկ մեր զինծառայողների առևանգումից մեկ օր անց՝ մայիսի 27-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոց armtimes.com-ը գրեց «իր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ներթափանցած իր դիվերսանտների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին»:

Ինչևէ, ադրբեջանցի հանցագործների վերաբերյալ արդեն իսկ կա մեղադրական դատավճիռ, և այս պահի դրությամբ նրանք դեռ իրենց պատիժն են կրում քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կապանում կայացած դատական նիստի ժամանակ հրապարակեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Նրա հանցակից սահմանախախտ մյուս ադրբեջանցին՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Սիրանուշ Սահակյանը նաև նշել էր, որ քանի դեռ հայ-ադրբեջանական օրակարգում կան հարցեր, որոնք Ադրբեջանի համար բարենպաստ լուծում չեն ստացել, այդ պետությունը դժվար թե վերադարձնի գերիներին:

Իսկ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած թիմին չեն հետաքրքրում ոչ Շիկահողից առևանգված երկու զինծառայողները, ովքեր այսօր դատվում են Սումգայիթում, ոչ ավելի վաղ Խծաբերդից, Հին Թաղերից ու այլ վայրերից առևանգվածները, ովքեր անմարդկային պայմաններում պահվում են Բաքվի բանտերում, ոչ էլ նորանոր զոհերը, որոնցից երկուսը տառացիորեն օրեր առաջ հուղարկավորվեցին Եռաբլուրում: Իսկ այդ ժամանակ հայտնի ընտանիքը գավառական կրկեսի թափառախմբով Ազգային պատկերասրահում Այվազովսկու նկարներն էր նայում:

Իր կյանքում եզակի անգամ թերևս անկեղծ էր Ալեն Սիմոնյանը, երբ երկու տարի առաջ դեռևս ասում էր, որ իր համար այդ գերիները չկան:

«Ալեն Սիմոնյան.Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։

– Կուզեմ ձեզնից լսեմ:

Ալեն Սիմոնյան. – Էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

– Ինձ շատ ա հետաքրքրում սա։

Ալեն Սիմոնյան. – Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»,- հայտնի ձայնագրության մեջ իր զրուցակցի հետ Ազգային ժողովի նախագահի զրույցը բավականին բաց էր ու հարցեր չառաջացնող:

Տեսանյութեր

Լրահոս