Ադրբեջանի ՄԻՊ-ն ընդգրկված է հայ ռազմագերիների հանդեպ վատ վերաբերմունքը քողարկելու գործում. Ադրբեջանը վարում է ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն. Սիրանուշ Սահակյանի և Արման Թաթոյանի զեկույցը
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն այսօր համատեղ ասուլիսով հանդես եկան։
Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։
Զեկույցը ներառում է 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը, որն օբյեկտիվ ապացույցներով ներկայացնում է ադրբեջանական խոշտանգումները, ադրբեջանական թշնամանքի քաղաքականության նոր զարգացումներն ու վտանգները։
Զեկույցում մանրամասն ուսումնասիրվել է նաև Ադրբեջանի իշխանությունների շարունակվող քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ և բացահայտվել են իրական, այդ թվում՝ խորքային մտադրությունները։
Ըստ Արման Թաթոյանի՝ հայատյացությունն Ադրբեջանի քաղաքական իշխանության համար պաշտոնին մնալու միջոց է:
«Ընդ որում ատելության քաղաքականության մեջ հիմա լայնորեն օգտագործվում են նաև Ադրբեջանի սովորական քաղաքացիները: Եթե նախկինում դրանք քաղաքական գործիչներն էին, հանրային ընկալում ունեցող մարդիկ, մշակույթի ու սպորտի գործիչներ, հիմա նաև քաղաքացիներն են ընդգրկված»,-ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության բաղադրիչ մաս է դարձել հայկական Սփյուռքը Մայր Հայաստանից ու Արցախից կտրելը:
«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար Արցախի ու Հայաստանի միջև չկա տարանջատում: Նրանց թիրախը հայկականությունն է»,-ասաց ՀՀ նախկին Օմբուդսմանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը վարում է ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն, և այն, ինչ իրենք են անում, վերագրում են հայկական կողմին:
«Շատ ագրեսիվ կերպով զարգացնում են «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզը: Սրա հետևում կանգնած է հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանությունների բացարձակ հովանավորությամբ տեռոր է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Արման Թաթոյանը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ 2020թ. արձանագրված դեպքեր են ունեցել, երբ կոկորդը կտրած զինվորականի լուսանկարը ադրբեջանցիները տեղադրել էին նրա իսկ սոցիալական ցանցի էջում:
«Անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելու հստակ միտում կա: Բազմաթիվ են դեպքերը, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի՝ զոհված զինծառայողի դին որտեղ է, բայց չեն գնում, չեն վերցնում ու հայկական կողմին, ընտանիքին չեն փոխանցում»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ նրա՝ կան փաստեր, որ ռազմագերիները Ադրբեջանում փոխանցվել են քաղաքացիական անձանց, ովքեր բռնություն ու ծեծ են կիրառել նրանց նկատմամբ:
«Ռազմագերիներին չի տրամադրվել նաև անհետաձգելի բուժօգնություն: Իսկ «հումանիզմի» դրսևորումները կատարվել են տեսախցիկների առաջ, փոխանցվել միջազգային կառույցներին՝ իբրև ապացույց, որ ռազմագերին տրամադրվում է որակյալ բուժօգնություն»,-ասաց իրավապաշտպանը:
Սիրանուշ Սահակյանը նշեց նաև, որ Ադրբեջանում աճել է հայ գերիների արտադատական կամայական սպանությունների թիվը:
«Մենք 40 տոկոսի մոտ սպանությունների թիվ ունենք, հաշվեհարդարի դեպքերը նույնպես աճել են»,-ասաց նա:
Սիրանուշ Սահակյանն ասաղ՝ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն է (ՄԻՊ) ընդգրկված հայ ռազմագերի նկատմամբ վատ վերաբերմունքը քողարկելու գործում:
Մանրամասները՝ տեսանյութում: