«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքներով 18-20 միավոր ստացածների թիվն ավելի շատ է, քան նախորդ տարի
Հունվարի 15-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:
Դիմորդները փետրվարի 4-ին քննություն են հանձնել «Մաթեմատիկա»-ից, և Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ արդեն արվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծությունը: Ըստ այդմ, քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 2949 հոգի, մասնակցել է 2884-ը, միջին միավորը եղել է 10.46-ը:
Դրական միավորի շեմը չի հաղթահարել 792-ը, 18-20 միավոր հավաքել է 215-ը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 94 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 93, և 20 միավոր՝ 28 հոգի:
Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ. քննությանը մասնակցել է 5296 դիմորդ, միջին միավորը եղել է 11.4-ը:
7.5-ից ցածր միավոր հավաքել է 1068 հոգի կամ 20.2 տոկոսը, իսկ 2023թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է 792 հոգի կամ 27.5 տոկոսը:
18-20 միավոր 2022թ. հավաքել է 319 հոգի կամ 6 տոկոսը, 2023թ. 18-20 միավոր ստացել է 215 հոգի կամ 7.5 տոկոսը:
Հավելենք, որ հունվարի 15-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հունվարի 22-ին՝ «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»–ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:
Նշենք, որ, ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: