Դրական միավորի շեմը չի հաղթահարել 37 տոկոսը. «Քիմիա» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքները հայտնի են
Հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:
Դիմորդներն արդեն հասցրել են քննություն հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից:
Հավելենք, որ հունվարի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:
Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ արվել է «Քիմիա» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծություն:
Ըստ այդմ, քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 738 դիմորդ, մասնակցել է 718-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 266 հոգի կամ քննությանը մասնակցած անձանց 37 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 53 հոգի կամ մասնակիցների 7.4 տոկոսը:
18-18.75 միավոր ստացել է 32 դիմորդ, 19-19.75 միավոր ստացել է՝ 15, իսկ 20 միավոր՝ 6 դիմորդ: 7.5-ից ցածր միավոր հավաքել է 266 հոգի:
Համեմատության համար նշենք, որ 2022թ. ամռանը «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել էր 1204 դիմորդ, միջին միավորը եղել է 12.87: 7.5-ից ցածր միավոր հավաքել էր 268 հոգի կամ մասնակիցների 22.3 տոկոսը: 18-20 միավոր հավաքել էր 339 հոգի կամ 28.2 տոկոսը: