«Ինքս ինձ վերահսկում եմ» սկզբունքը, բնականաբար, ռիսկեր ունի. Ինչքանո՞վ է արդյունավետ առողջապահության ապահովագրության ներդրումը Հայաստանում

ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգը լիարժեք կգործի 2027 թվականից։

Ըստ Առողջապահության նախարարի՝ սկզբում այն կամավոր սկզբունքով կգործի, իսկ 2027 թվականից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր։ Ի դեպ, ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։

Մասնագիտական տարբեր շրջանակներ արդեն իսկ անդրադարձել են այս համակարգի ներդրմանը՝ արձանագրելով, որ ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն:

168.am-ն առողջապահության փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ արդյունավետ կգործի այս համակարգը Հայաստանի առողջապահական համակարգի պայմաններում:

Կարդացեք նաև

Ծաղիկ Վարդանյանը թեև դրական է գնահատում նախարարության համարձակությունը՝ նման լրջագույն փոփոխություն նախաձեռնելու հարցում, այդուհանդերձ, բարձրաձայնում է ռիսկերի մասին: Առողջապահության փորձագետը հիշեցնում է, որ այս հայեցակարգը նորություն չէ. առողջապահական ապահովագրության անցնելու ուղղությամբ քայլեր արվել են դեռևս 1998-99 թվականներին:

«2023 թվականից նախատեսված է, որ պետական պատվերի շրջանակներում բուժօգնության իրավունք ունեցող շահառուների խմբերն արդեն իսկ սպասարկվելու են այս հիմնադրամի կողմից: Այսինքն՝ առաջին փուլում դա նույն «պետական պատվեր»-ն է լինելու, բայց իրականացվելու է այս կառույցի կողմից:

Եթե մենք հավատանք թվերին, ապա շուրջ 50 միլիարդ դրամի ավելացման մասին է խոսքը. այսինքն՝ եթե այս պահին 123 միլիարդի չափով է արվում պետական պատվերը, ապա այս դեպքում՝ պետական բյուջեից նախատեսվելու է 50 միլիարդ ավել այս շահառուների համար պետական պատվերի համար,- նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահը, ապա անդրադառնալով ռիսկերին՝ մանրամասնեց,- Շատ հպանցիկ է գրված, թե ինչպես են իրականացվելու հաստատագրված գումարների՝ ապահովագրավճարների մուտքագրումը:

Ընդամենը գրվում է, որ պետությունն իրականացնելու է համաֆինանսավորում ինչ-որ չափով: Արդյոք ապահովագրավճարն ամբողջովին գործատո՞ւն է վճարելու իր աշխատակցի համար, թե՞ աշխատակցի գրպանից է այդ վճարը լինելու, որևէ հստակ կարգավորում չկա: Տվյալ դեպքում՝ բավականին խնդրահարույց է լինելու: Տոկոսային հարաբերություն հասկացությունը գոյություն չունի, այսինքն՝ այստեղ ինչ-որ հաստատագրված գումարների մասին է խոսքը. ենթադրենք, չի ասվում՝ աշխատավարձի 3 տոկոսը, 5 տոկոսը:

Նախ այդ հիմնադրամն ինքնուրույն կառույց չի լինելու (սա բխում է հայեցակարգային փաստաթղթից): Այն նոր կառույց է, որն ունենալու է խորհուրդ, և այն ղեկավարելու է առողջապահության նախարարը: Ի՞նչ է դա նշանակում՝ որ բոլոր տեսակի խնդիրները, գործառույթներն ու խնդիրները նույն կերպ շարունակվելու են:

Այս պահին ՀՀ-ում թեև ոչ մեծ ծավալով կա և՛ կամավոր ապահովագրություն, և՛ սոցփաթեթի շահառուների ապահովագրություն, որը պատվիրակված է մասնավոր կազմակերպություններին: Վերջիններս ունեն փորձ, շուկայում ունեն իրենց կշիռը, բոլոր մեխանիզմները ձևավորված են, և շատ ավելի հավասարակշռված համակարգ կարելի է ստեղծել՝ մասնավոր-պետական վերահսկողական համակարգերով, վիճելի հարցերի կենտրոն ստեղծելով: Այն ավելի զերծ կլիներ կոռուպցիաներից. եկեք չմոռանանք՝ ինչքան էլ ասում ենք, որ սա շատ լավ համակարգ է, բայց համաշխարհային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից, և այնպես չէ, որ պետք է առանց վերահսկողության լինի, բայց «ինքս ինձ վերահսկում եմ» սկզբունքը, բնականաբար, ունի ռիսկեր»:

Մեր զրուցակիցը հայեցակարգի մեկ այլ խնդրահարույց դրույթ համարեց կազմակերպությունների հետ սելեկցիոն սկզբունքով պայմանագրերի կնքումը:

«Ի՞նչ է սա նշանակում. ընտրելու են, թե ում հետ պայմանագիր կնքեն, ում հետ՝ չկնքեն՝ այն դեպքում, երբ ՀՀ-ում Բժշկական օգնության սպասարկման տեսակները լիցենզավորվող են, և պետությունն արդեն այդ կազմակերպությանը լիցենզիա տվել է, որ աշխատի. դա չեն համարում բավարար և ասում են՝ սելեկցիա պետք է անենք: Ու այնպիսի հեղհեղուկ պայմաններ են դրված՝ օրինակ, պետք է առաջնորդվեն մարդկանց գոհունակության ցուցանիշներով: Խնդրում եմ, ինձ ասեք՝ ի՞նչ գործիքով է հաշվվելու շահառուի գոհունակության ցուցանիշը: Բայց դա դեռ ամբողջը չէ. սելեկցիա են անելու նաև ծառայությունները»,- եզրափակեց Ծաղիկ Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս