Բաժիններ՝

Անվտանգության նորմերի խախտումներն արձանագրելու հստակ չափորոշիչ պետք է ունենալ՝ որ դեպքում փակել և որ դեպքում՝ ոչ. Բաբկեն Պիպոյան

Բոլոր այն օբյեկտներում, որտեղ այսուհետև կարձանագրվեն հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, միանգամից կկայացվի գործունեության կասեցման որոշում։

Մեր հարցին՝ բացի «Մալաթիայի» տոնավաճառից, մարզերում և Երևանում կան նման կենտրոններ, որոնք ևս փակման ռիսկի տակ են, և ի՞նչ գործունեություն են ծավալում դրանք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր, որ տարեսկզբից տեսչական մարմինն ակտիվ ստուգումներ է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Նրա փոխանցմամբ՝ ստուգման ընթացքը ցույց կտա, թե էլ որ օբյեկտների նկատմամբ կկայացվեն նման որոշումներ։ Այս պահին Տեսչական մարմնի խոշորացույցի տակ առևտրի խոշոր կենտրոններն են, փայտամշակման, տպագրական արտադրամասերը, նավթամթերքի պահեստարանները, ընդհանուր նշանակության պահեստները, բազաները և հասարակական նշանակության օբյեկտները, այսինքն՝ բոլոր այն օբյեկտները, որտեղ կարող են լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ պլանավորման համակարգային խնդիր կա:

Կարդացեք նաև

«Օրենքն ասում է՝ դու գնում, ստուգում ես իրականացնում, հայտնաբերում թերություններ, և եթե հայտնաբերում ես, որ վտանգի աղբյուրը մեծ է, ապա կասեցնում ես և թերությունները վերացնելու համար ժամկետ ես տալիս: Եթե համարում ես, որ թերություններն ունեն տեխնիկական բնույթ, այսինքն՝ մարդկային կյանքին սպառնացող վտանգ չկա, թերությունները վերացնելու ժամկետ ես տալիս, բայց չես կասեցնում: Որդեգրվել էր քաղաքականություն, որ թերությունները վերացնելու ժամկետ էին տալիս, հետո գնում ստուգելու: Բայց Սուրմալուի դեպքում տեսանք, որ մեկ տարի չէին գնացել՝ ասելով, որ ռեսուրս չունեն: Ես այն ժամանակ էի ասել, որ համակարգային խնդիր ունենք՝ ի սկզբանե պլանավորման: Պլանավորում ես 300 ստուգում, ապա վերստուգում: Ընդամենը գնում ես տեսնես՝ թերությունների վերացումն արվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե դու մարդկային ռեսուրս չունես, որ գնաս, տեսնես՝ վերացրե՞լ են խախտումը, թե՞ չէ, ապա պետք է պլանավորես ոչ թե 300 ստուգում, այլ 200, որ լիարժեք անես ստուգումները»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նա ընդգծեց՝ պետք է հասարակության հետ, որն այս դեպքում և՛ սպառողն է, և՛ տնտեսվարողը, աշխատանքներ տանել:

«Համակարգ պետք է լինի, որն ունենա մարդկային կոնսենսուս: Ոչ թե պետք է թողնել տեսուչի կամ որևէ գերատեսչության աշխատակցի անձնական որոշման վրա, այլ պետք է ունենալ հստակ չափորոշիչ՝ այս դեպքում փակում ենք, այս դեպքում չենք փակում»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս