Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս պահի դրությամբ կա 4 ազգությամբ հայ զոհ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Այս պահի դրությամբ Հալեպում 4 հայ զոհ ունենք: Վիրավորներ ևս կան, թիվը հստակ չէ»,-ասաց Ալեքսանյանը:
Այս պահին հայկական կազմակերպությունները մոնիթորինգ են իրականացնում, դպրոցների, եկեղեցիների և այդ հաստատությունների շրջանում կան որոշակի վնասեր, ճաքեր, փլված առաստաղ, պատեր:
Ալեքսանյանը հայտնեց, որ Հալեպի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների, նրանց կից շինությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում: Ուսումնասիրվում է վնասի չափը և, թե կարող է արդյոք վնասը խոչընդոտել կրթական գործի կազմակերպմանը: Հայկական կառույցների կրած որոշակի վնասների մասին տեղեկություններ կան, բայց ամբողջովին փլուզում ավերում առայժմ չկա;
Թուրքիայում նոր գրանցված երկրաշարժից հետո տվյալներ դեռևս չկան:
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։
Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:
Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: