Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին. դա կոչվում է «բեսպրեդել». Արթուր Գրիգորյան. «Փաստինֆո»

Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն դադարեցրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:

Կարգապահական վարույտ հարուցելու որպես հիմք օգտագործվել էր «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ընդդեմ Հայաստանի վճիռը: Դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Իսկ գանգատը ներկայացրել էր փաստաբան Արթուր Գրիգորյանը` հաղթելով ՄԻԵԴ-ում, սակայն այսօր տարակուսած է, որ այդ վճիռն օգտագործվել է միայն մեկ դատավորի նկատմամբ, այն էլ նման ծայրահեղ պատժամիջոց կիրառելու համար:

Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Խնդիրն այն է, որ 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձանագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։

Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրե`՝ բավարարելով Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր։ Վերջինս, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա էլ հարուցվել է կարգապահական վարույթը՝ դատավոր Անտոնյանի նկատմամբ:

Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանը գործերը քննում և որոշումները կայացնում է կոլեգիալ կազմով, կարգապահական վարույթը, սակայն հարուցվել է դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ, որը եղել է կազմի դատավոր:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ՄԻԵԴ-ում ներկայացրել է Կոնդրանով Ամիրխանյանի շահերը, մեզ հետ զրույցում նկատեց` իրավունքի խախտումն արդեն իսկ ՄԻԵԴ վճռով հաստատված փաստ է, դա վերահաստատելու ոչ անհրաժեշտություն կա, ոչ՝ իրավունք: ՄԻԵԴ վճռից հետո փաստաբանը դիմել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա վճռի վերանայման համար, Վճռաբեկ դատարանը բեկանել և օրինական ուժ է տվել Վերաքննիչ դատարանի վճռին՝ Ամիրխանյանի օգտին կայացված:

«Մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ ոմանք՝ այսօր պահի տակ պաշտոնին հայտնված անձինք, այդ վճիռը կփորձեն խաղաքարտ և սպեկուլյացիայի առարկա դարձնել, կփորձեն օգտագործել՝ դատավորին պաշտոնից զրկելու համար: Այո, շատ ճիշտ նկատեցիք, դա քննարկվել է կոլեգիալ կազմով, Սուրեն Անտոնյանը եղել է դատավորներից մեկը, անգամ՝ զեկուցող չի եղել, բայց դա տարբերություն չի տալիս, որովհետև գաղտնի քվեարկությամբ են ընդունվում որոշումները, դատավորն անգամ իրավասու է հատուկ կարծիք գրել՝ իր անհամաձայնությունը հայտնելով»,-նշեց փաստաբանը՝ արձանագրելով, որ պետք էր մի պարզ փաստ ապացուցել՝ Սուրեն Անտոնյանը կողմ է քվեարկել, թե ոչ, ԲԴԽ-ում այդ պարզ հարցին անդրադարձ անգամ չի կատարվել:

«Այս պայմաններում ցանկացած առողջ դատող մարդ պետք է պատկերացնի հետևյալը, որ Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին այս վճիռը ներկայացրին, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ գործը քննած կազմի դատավորների մի մասի լիազորություններն այս տարիների ընթացքում արդեն դադարեցվել են, սակայն փաստաբանի փոխանցմամբ՝ կազմից երկու դատավոր այսօր գործող դատավորներ են.

«Նույն հաջողությամբ ինչու իրենց չէին ներգրավել այդ հարցով: Եթե այդպես է՝ այդպես է: Նշանակում է ընտրովի մոտեցում է ցուցաբերվել, դա կոչվում է «բեսպրեդել»: Եթե այս մարդիկ էլ ժամանակին ստորագրել էին այդ փաստաթղթի տակ, իսկ նրանք ստորագրել էին, ինչ եք ուզում այդ մարդուց: Նշանակում է՝ իրենք իրենց «փարավոնի» լիազորություններ են վերագրել, որ ոնց ուզեն, ոնց հավեսները տան՝ այդպես էլ անեն: Այդպես չի լինում: Այսօր իրենք այդ պաշտոնին են, իրենք այդ պաշտոնն են օգտագործում: Դա կոչվում է պաշտոնեական դիրքի չարաշահում»:

Իսկ թե ինչու են թիրախավորել հենց Սուրեն Անտոնյանին՝ փաստաբանը նշեց, որ կարող է միայն ենթադրել, բայց իրավաբան լինելով սովոր չէ դատողություն կառուցել` ենթադրությունների հիման վրա, բայց եթե այդ մարդու նկատմամբ հարթ չեն շնչել, ունեցել են այլ խնդիր, թող այդ խնդիրը ներկայացնեին:

«Ես Սուրեն Անտոնյանին որպես դատավոր առնվազն 1999թվականից ճանաչում եմ: Կոռեկտության, ինտելեգենտության և իրավաբանության չափանիշ և գիտակ եմ ճանաչում: Շահագրգռվածություն այդ մարդու նկատմամբ չունեմ, բայց մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը հարուստ է լավ դատավորների առկայությամբ, իրենք դա էլ են ուզում ջնջել և ուզում են, որ յուրաքանչյուր անձ լինի իրենց գործիքը: Այս ամենի լույսի ներքո՝ մեկ երկու տարվա փորձով, օգնական, անգամ՝ ոչ իրավաբաններով են փորձում համալրել դատական համակարգը, ավելի քան ակնհայտ է, որ դա արվում է կոնկրետ մեկ նպատակով՝ այս տարիների ընթացքում մեր ջանքերի, անքուն գիշերների հաշվին ստեղծված, կառուցված համակարգը կազմաքանդելու համար: ԵԽ մասնակից երկրների մեջ մենք միակ երկիրն ենք, որ ԵԿ-ն՝ ԵԴ նախադեպային իրավունքով հանդերձ դարձրել ենք մեր երկրի ազգային օրենսդրության բաղկացուցիչ մաս: Այսինքն՝ դրանք մեր պետության համար նույնչափ ուժ ունենք, ինչպես ԱԺ կողմից ընդունված օրենքներն ու Սահմանադրությունը, ինչ-որ տեղ՝ Սահմանադրությունից էլ բարձր ուժ ունեն »,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա մի օրվա շրջանակներում չի ստեղծվել, դա ստեղծվել է իրավապաշտպան, երկարատեւ գործունեության շնորհիվ. «Հիմա սրանք արդեն մոռացել են ինչը ինչից հետո է եղել: Այսօր ԲԴԽ-ն ամեն Աստծո օր միջամտում է դատական գործունեությանը, դա հանցագործություն է: Ինքն արդարադատություն իրականացնող մարմին չի եղել և չի լինի: Ես դա թույլ չեմ տա: Ես բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով դրա դեմն առնելու եմ, թող համկարծ չմտածեմ, որ իրենք փարավոն են»:

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին՝ Գրիգորյանը նշեց, որ ժամանակին ինքը ևս եղել է ջատագովներից մեկը, որը գտնում էր, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն դատավորը, ում կայացրած դատական ակտը ՀՀ-ի վրա թանկ է նստել, ՄԻԵԴ-ը դատապարտել է և փոխհատուցում վճռել:

«Հիմա հասկանում եմ, որ սպեկուլյացիայի առարկա է դարձել: Այսինքն, եթե պետք է գերիշխի ընտրովի մոտեցումը, այդ գործիքակազմն օգտագործեն անձնական խնդիրների համար, ես դա թույլ չեմ տալու, որքանով հնարավոր է՝ դրա դեմ պայքարելու եմ: Ինքնին դա վատ չէ, բայց հավասար մոտեցման դեպքում, եթե գերիշխի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, բայց դա բացակայում է: Հիմա ես վերցնելու եմ նույն հաջողությամբ իմ դիմումի հիման վրա կայացված ՄԻԵԴ վճիռները, որոնց 15 տարին դեռ չի լրացել, ցուցակագրելու եմ, ուղարկեմ այդ նույն նախարարին, ասեմ՝ սպասելու եմ մյուսների վերաբերյալ Ձեր համարժեք վերաբերմունքին և եթե հանկարծ չարեց, ուրեմն ես պահանջելու եմ, որ նախարարին ենթարկեն քրեական պատասխանատվության »,- եզրափակեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս