Բաժիններ՝

Ո՞րն է կոչվում արծաթի ճանապարհ

Ինչպես գիտեք, աշխարհում գոյություն է ունեցել մի առևտրական ուղի, որն անվանում են Մետաքսի ճանապարհ։ Այն կապում էր Ասիան Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի հետ և այդ ժամանակահատվածում աշխարհի կենտրոնն այս տարածաշրջանն էր։

Սակայն 15-րդ դարում հայտնվում է արծաթի ճանապարհը, որը սկիզբ է դնում Եվրոպայի հեգեմոնիային և որի պատճառով աշխարհի դեմքն ուղղակի փոխվում է՝ հայտնվում է մի աշխարհամաս, որն իր զարգացումն ապահովում է մյուսների թալանելու, ոչնչացնելու հիման վրա։ Այնպես է ստացվում, որ 1492 թվականին Կոլումբը հայտնվում է նոր աշխարհամասում՝ Ամերիկայում, և սկսվում է մարդկության պատմության մեջ չտեսնված մի թալան։

Իսպանացիներն ու պորտուգալացիները բառիս բուն իմաստով բնաջնջում են տեղի բնակիչներին ու թալանում նրանց ունեցվածքը։

Ինկերի, մայաների ու ացտեկների հարստությունը տոննաներով տեղափոխվում է Պիրենյան թերակղզի։ Համեմատության համար նշեմ, որ Սևիլիայում ոսկին ու արծաթը գետնին էին լցվում կույտերով։

Ասում են, որ պահեստներն անգամ չէին բավականացնում, որպեսզի բերված ոսկին, արծաթն ու թանկարժեք քարերը տեղավորեն։

Հետագայում էլ Մեծ Բրիտանիան Հնդկաստանից 200 տարում դուրս է հանել տարբեր հաշվարկներով մոտ 45 տրլն դոլար ու հարց է ծագում, այդքան գումարն ինչպե՞ս է հայտնվել Հնդկաստանում։ Շատ պարզ, Վասկո դա Գամայի դեպի Հնդկաստան ճամփորդությունից հետո Ամերիկայից եկած ոսկին ու արծաթը տեղափոխվում էին Ասիա, որտեղից պորտուգալացիներն ու իսպանացիները գնում էին մեխակ, դարչին, իմբիր և տարբեր համեմունքներ և մի քանի անգամ թանկ վերավաճառում Եվրոպայում։

Բայց ամենասարսափելին այն էր, որ իսպանացիներն ու պորտուգալացիները գնում են Հռոմի պապի մոտ ու պահանջում, որ պապը սահմանի Ամերիկան որպես Իսպանիայի ու Պորտուգալիայի տարածք։ 1494 թվականին կնքվում է Տորդեսիլյասի պայմանագիրը, որտեղ իսպանացիներն ու պորտուգալացիները կիսում են Ամերիկան, այսինքն ամերիկացիներն ապրում էին, բայց ամերիկայի հնդկացիների փոխարեն Եվրոպայում ինչ-որ մի պապ որոշում է, թե ով է տնօրինելու իրենց ճակատագիրը։ Եվրոպայի մյուս մասի երկրները՝ Ֆրանսիա, Անգլիա, Վենետիկ, Հոլանդիա և այլն, ստիպված էին հարմարվել Իսպանիայի ու Պորտուգալիայի հեգեմոնիային։

Վասկո դա Գամայի վերադարձը Վենետիկի համար ծանր հարված էր, որովհետև ծովային ողջ լոգիստիկան վենետիկցիների ձեռքին էր, իրենք էին լիդերը և մեկ էլ հայտնվում են մրցակիցներ, ովքեր գտնում են ավելի հարմար ճանապարհ։ Ինչպես նշում է Ջիրոլամո Պրիուլին, Լիսաբոնը ձեռնոց էր նետել Վենետիկին՝ աշխարհի կենտրոնը վերցնելու մասով։ Ու նա գրել էր, որ ֆրանսիացիները, հունգարացիները, գերմանացիները և Եվրոպայի այլ ազգերը Վենետիկ գնալու փոխարեն գնալու էին Լիսաբոն ու ավելի էժան համեմունքներ գնեին։

Պատճառն այն է, որ մինչև ապրանքները հասնում էին Վենետիկ, լիքը մաքսակետեր էին անցնում, հարկվում, ուստի և գինը թանկանում էր, իսկ Լիսաբոն հասնելու համար ընդամենը շրջանցվում էր Աֆրիկան ու վերջ։ Վենետիկն իսկապես ծանր դրության մեջ էր, որովհետև իրենց գլխավոր զենքը՝ լոգիստիկան, կորցնում էր իր ուժը։ Սակայն Պորտուգալիայի համար իսկապես դաժան էր, քանի որ ոչ բոլոր նավերն էին հասնում նպատակին, իսկ նրա բնակչությունը շատ քիչ էր՝ համեմատած այն երկրների, որոնց նրանք գաղութացնում էին։ Օրինակ՝ 1506 թվականին երկրից դուրս էր եկել 114 նավ, որոնցից կեսից մի փոքր քիչն էր վերադարձել հայրենիք։

Քանի որ եվրոպացիների ձեռքին է հայտնվում ոսկու և արծաթի հսկայական պաշարներ, թանկարժեք ապրանքների պահանջարկը կտրուկ մեծանում է և հայտնվում է մյուս մեծ եղբայրը՝ Չինաստանը, որի ապրանքները ողողում են Եվրոպայի խանութները։ Մինչ Ամերիկաները հայտնաբերելը Ասիայից հիմնականում Եվրոպա էր գալիս համեմունքներ, իսկ Ամերիկայից հետո, երբ արդեն ոսկին, արծաթը տոննաներով գալիս էր Եվրոպա, Ասիայից ներմուծվում է արդեն ճենապակի, մետաքս ու այլ թանկարժեք իրեր։ Սա էլ կոչվում է արծաթի ճանապարհը, որի հիմնական ուղղությունը ծովային էր – Ամերիկա-Եվրոպա, այստեղից Ասիա։

Եվրոպացիները Բոլիվիայում հայտնաբերում են Պոտոսի հանքավայրը, որը տվել է աշխարհում արծաթի պաշարների գրեթե կեսը և գրեթե հարյուր տարի եվրոպացիներին ապահովել է արծաթով։ Հնդկաստանն այնքան է հարստանում արծաթով, որ շահ Ջահանն Ագռայում այդ գումարով կառուցում է Թաջ-Մահալը և նման շինության կառուցմանը նպաստել էր մի գործոն՝ համաշխարհային հարստությունն Ամերիկայից գալիս էր Ասիա։

Արծաթի ճանապարհը փոխեց աշխարհի տեսքը, փոխեց լոգիստիկան, մարդկանց մտածելակերպը և յուրաքանչյուրը, ով ցանկանում էր նոր կյանք սկսել, լքում էր Եվրոպան և գնում Ամերիկա։ Բացի մարդկային հոսքից, այս ճանապարհը փոխեց նաև ֆինանսական կշիռը՝ գումարը Եվրոպայից տեղափոխվեց սկզբում Հնդկաստան, հետո արդեն Չինաստան (հետագայում անգլիացիներն այս գումարները վերցնելու էին և հնդիկներից և չինացիներից, բայց վերջիններից ավելի դաժան՝ օփիումի պատերազմներով)։

Չինաստանը դառնում է համաշխարհային ֆաբրիկա, որտեղ արտադրվում էր շքեղության համար նախատեսված ամեն ինչ, որը վճարվում էր եվրոպացիների կողմից։ Ինչպես իր գրքում է նշում Ադամ Սմիթը, Ամերիկայի հայտնաբերելը, Օստ-Ինդիա ընկերությունների ի հայտ գալը լրիվ փոխում են մարդկության ճակատագրերը։ Նրա հետ համամիտ եմ, որովհետև եթե Ամերիկայի հայտնաբերումը զարկ տվեց Եվրոպայի վերելքին, ապա Օստ-Ինդիայի ի հայտ գալը բերեց նրան, որ կորպորացիաները սկսեցին իշխող ուժ դառնալ տարբեր երկրների համար (այս մասին մեկ այլ գրառում կանեմ)։

1492 թվականից աշխարհի տերերը երկու երկրներ էին՝ Պորտուգալիան և Իսպանիան, սակայն ընդամենը երկու հարյուր տարի հետո աշխարհի կենտրոնը տեղափոխվում է հյուսիս, որովհետև հեռվում երևում էին Բրիտանական նավերը։ Մինչ Բրիտանիային անցնելը ցանկանում եմ նշել աշխարհի հաջորդ գերտերության՝ Նիդերլանդների մասին։

Մինչև 16-րդ դարի վերջը հոլանդացիները գտնվում էին իսպանացիների տիրապետության տակ, սակայն իսպանացիները մի քանի ճակատով էին պայքարում և աչքից բաց են թողնում այս ժրաջան ժողովրդին, որից հետո երևի շատ են փոշմանում։ Ազատվելով իսպանացիներից՝ հոլանդացիներն անցնում են սեփական առևտրային ուղիները գտնելուն։ Վերջիններիս ռազմավարությունը տարբերվում էր մյուս եվրոպական երկրների ռազմավարությունից, քանի որ իրենք ոչ թե եղածն էին օգտագործում, այլ ստեղծում են իրենց առևտրային ճանապարհները։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել սեփական առևտրային ճանապարհներ, որպեսզի ապրանքներն ուղիղ հասնեին Նիդերլանդներ, այլ ոչ թե ճանապարհին տուրք վճարեին Իսպանիային, կամ Պորտուգալիային պատկանող անցակետում։ Երկրորդ, Նիդերլանդների կառավարությունն այդ հարկերը ինքը կգանձեր, ինչու՞ է վճարում մրցակից երկրներին։

Այլ երկրներին տուգանք չտալը հսկայական ֆինանսական մուտքեր ապահովեց երկրի գանձարան, որը ոչ թե կերան, այլ ներդրում արեցին՝ էլ ավելի մեծացնելով դրամական հոսքերը։ Իսպանացիները տեսնում են, որ ձեռքից բաց են թողնում շանսը և ծովային բլոկադա են անում հոլանդացիներին։ Իսկ վերջիններս հասկանում են, որ խփել են ճիշտ կետին և էլ ավելի շատ են ներդրումներ անում նավաշինության մեջ։ Ի տարբերություն այլ եվրոպական երկրների, հոլանդացիներն ունեին 3 մրցակցային առավելություն՝
Հոլանդացիների նավերն ամենանորարարն էին, եթե անգլիացիները շեշտը դրել էին արագ ու ամուր նավերի վրա, հոլանդացիները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի իրենց նավերը լինեին լավ կառավարելի ու տարողունակ, որով կարող էին ավելի շատ ապրանքներ տեղափոխել։ Իսկ մենք գիտենք, որ շատ ապրանքն էժան ինքնարժեք է, իսկ էժան ինքնարժեքով հնարավոր էր հաղթել ցանկացած մրցակցի Եվրոպայում։

2. Մինչ մյուս եվրոպացիները նավով գնում էին դեպի անորոշություն, հոլանդացիներն այլ կերպ էին անում՝ նրանք գիտեին, թե ուր են գնում։ Պատճառը մասնագետներին մեծ տեղ տալն էր, որոնցից ամենահայտնին՝ Ֆրեդերիկ դե Հաուպտմանը, երկար տարիներ ճամփորդում էր, ուսումնասիրում էր տարբեր ասիական ազգերի լեզուներն ու կազմում բառարաններ։ Սա չտեսնված մրցակցային առավելություն էր, որովհետև եվրոպացիներն այցելում էին այլազգիներին, չէին հասկանում լեզուն և չէին կարողանում արագ կապեր հաստատել՝ ամիսներ, տարիներ էր տևում կապեր հաստատելը։ Իսկ դե Հաուպտմանի շնորհիվ հոլանդացիները կարողանում էին արագ կապեր հաստատել ասիացի ու աֆրիկացի տարբեր ազգերի հետ և հաջողել բիզնեսում։

3. Երրորդ մրցակցային առավելությունը քարտեզներն էին, որովհետև հոլանդացիները Եվրոպայում լիդեր էին այդ ուղղությամբ։ Շնորհիվ Լուկա Վագեների՝ 1580 թվականին հոլադացիները ստանում են մանրամասն քարտեզները և ստեղծում ժամանակակից նավիգացիոն համակարգերը։

Բայց հոլանդացիների գլուխգործոցն իհարկե VOC-ն էր, կամ հոլանդական Օստ-Ինդիա ընկերությունը։ Այս ընկերության գործունեությանը չեմ անդրադառնա, որովհետև երկրորդ գրքումս՝ 101 բիզնես գաղտնիքներում, միայն երկու թեմա՝ 58, 59 գաղտնիքներն իրենց է նվիրված, միայն կշեշտեմ, որ այն եղել է պատմության մեջ ամենաթանկ ընկերությունը՝ 7.9 տրլն կապիտալով։

Հոլանդացիները բոլոր մանր ընկերություններին միավորում են երկու ընկերությունների շուրջ, որոնցից VOC-ը, այսինքն Օստ-Ինդիան դեպի Ասիա էր առևտուր անում, իսկ WIC-ը, Վեստ-Ինդիան՝ Ամերիկայի հետ։ Փաստացի հոլանդացիներն առաջին անգամ աշխարհում ստեղծում են տրանսնացիոնալ ընկերություն, որը փոխում է աշխարհի դեմքը, որի հետ հաշվի էին նստում պետության ղեկավարներ։

Հոլանդական մոդելն ամենալավն էր աշխարհում աշխատում և անգլիացիները բնական է պիտի վերցնեին այս մոդելն ու էլ ավելի կատարելագործեին, բայց այս մասին հետո։ WIC-ի հիմնադիր Ուիլյամ Ուսելինկսը վստահ էր, որ եթե հոլանդացիները ցանկանում են գաղութացնել Ամերիկան, ապա պիտի որքան հնարավոր է շատ հոլանդացի գնա ու բնակվի այնտեղ։ Պատճառը պարզ էր. եթե տարբեր ասիական երկրներում, Ամերիկայում իսպանացիները, պորտուգալացիներն ու անգլիացիները բնակվում էին միմյանց հետ ու մրցակցում, ապա Ուսելինկսի պլանը հետևյալն էր՝ ուղղակի նրանց հանել մրցակցությունից։ Ու հանում են՝ պորտուգալացիներին հանում են Ասիայից, իսկ Իսպանացիներին՝ Ամերիկայի մի որոշ հատվածից:

Համեմունքի, շաքարի, ստրուկների շուկայի մեծ մասը հոլանդացիների ձեռքին էր, ովքեր վերահսկում էին Ասիայի, Աֆրիկայի ու Ամերիկայի կարևորագույն նավահանգիստների մեծ մասը։

Ինչու՞ հենց եվրոպացիները կարողացան նվաճել ու գաղութացնել աշխարհը։ Պատճառը կրկին մրցակցությունն էր, որովհետև մի քանի հարյուրամյակ այս աշխարհամասն ուղղակի տարբեր երկրների համար արենա էր, որտեղ կռվում էին բոլորն ու հաղթում էր ուժեղը։

Հաղթելու համար ստեղծվում էին տարբեր տեսակի զենքեր, միտք, ստրատեգիա, թե ինչպես հաղթել թշնամուն։ Շնորհիվ հզոր զենքերի, նրանք կարողացան փոքրաթիվ քանակով հաղթել գրեթե բոլորին, բայց միայն զենքը չէր նրանց ուժեղ կողմը։ Նրանց ուժեղ կողմն էր նաև ամրոցները, այո, միջնադարում ողջ Եվրոպան ամրոցներ էր կառուցում, որպեսզի պաշտպանվի թշնամիներից։ Եվ նրանց կառուցած ամրոցներն ուղղակի հսկայական էին, դժվար նվաճվող, որը նվաճելու համար հզոր զենք, միտք ու մեծ քանակի զորքեր էին պետք։ Եվրոպացիներն աշխարհում առաջատար էին թե ամրոցներ սարքելու, թե ամրոցներ գրավելու մեջ, ուստի նման մրցակցության մեջ եփվածներին անհնար էր դիմակայել։ Մի վիճակագրություն եմ կարդացել, որ եթե 1500 թվականին Եվրոպայում կար 500 քաղաքական միավոր, ապա 1900-ին արդեն 25-ն էր և 475-ը կամ ոչնչացված էին, կամ կլանված։ Ուժեղները կերել էին թույլերին և հարևանի նկատմամբ դոմինանտ դիրք ունենալը հենց այստեղից է գալիս։

Ի՞նչ կարող ենք եզրակացնել, որ մրցակցին հաղթելը բերեց զենքերի, տեխնոլոգիաների, մտքի, ռազմավարության, լոգիստիկայի զարգացմանը, որի արդյունքում այսօր մենք ապրում ենք եվրոպացիների, կամ ավելի ճիշտ անգլիացիների “ստեղծած” աշխարհում։ Բոլորը ճանապարհները տանում էին դեպի Եվրոպա ու այս փաստն ամենաշատը ցավեցնում էր Անգլիային։ Թշնամիներն արագ հզորանում, հարստանում էին, իսկ Անգլիայի վիճակը վատ էր, ես կասեի շատ վատ։ Իհարկե անգլիացիներն անգլիացի չէին լինի, եթե ասեին վատ է ու տեղում նստեին, ոչինչ չանեին։ Որոշում է կայացվում ստեղծել տեխնոլոգիապես հզոր միջոցներ և առաջին հերթին հզոր նավեր կառուցել։

Անգլիան շեշտը դրեց տեխնոլոգիաների վրա և սկսեցին կառուցել ավելի արագ, ավելի շատ բարձվող, ավելի շատ անձնակազմ տեղավորող, ավելի ճկուն ու ավելի երկար տարածություններ գնացող նավեր։ Բացի այս ամենը, Անգլիայում որոշում է կայացվում նավերը կահավորել ամենահզոր թնդանոթներով, որպեսզի մրցակիցների մտքով անգամ չանցնի մոտենան իրենց։ Պատկերացրեք, ամբողջ բյուջեի 1/5-րդ մասը գնում էր նավաշինությանը, սա հսկայական թիվ էր, բայց կարծում եմ երկարաժամկետ կտրվածքով գերազանց արդյուքն տվեց։ Այս պրոցեսը ղեկավարում էր Սեմյուել Փիփսը, ում օրագրում անգամ պահպանվել էր նորարար նավերի գծագրերը։
Հաջորդ մեծ փոփոխությունը կապված էր անձնակազմի հետ, որպեսզի սովորական զինվորը դառնար լեյտենանտ, պետք էր ծովում անց կացնել ավելի քան 3 տարի, հանձնել քննություն, որը պիտի տեղի ունենար լրիվ այլ սպաների մոտ, որոնց հետ չէր ծառայել։ Ցանկացած զինվոր կարող էր հասնել բարձր աստիճանի, եթե քրտնաջան աշխատում էր և նվիրվում գործին։ Ավարը բաժանվում էր ըստ տարիների փորձի ու կոչումի, ով բարձր, նա էլ ավելին էր ստանում։
Զարմանալի է, բայց հենց այս տեխնոլոգիական վերելքն էլ Անգլիայի մոտ ինքնավստահության մեծ չափաբաժին է ավելացնում և 1588 թվականին ատամ է ցույց տալիս Իսպանիային։

Այդ տարում Իսպանիան ցանկանում էր զավթել Անգլիան, սակայն պարտություն է կրում և արմադայի մնացորդները վերադառնում է Իսպանիա։ Իհարկե մեծ դեր է խաղում ծովային փոթորիկը, որի ընթացքում նավերի մի մասը ռիֆերում է ջարդվում, քան անգլիացիների հարվածներից, բայց համենայն դեպս կղզիաբնակների առավելությունն արդեն երևում էր։ Տեխնոլոգիաների մեջ ներդրումն արդարացնում է իրեն և Անգլիան առաջին անգամ հասկանում է նրանց առավելությունն անսահման արծաթի նկատմամբ։

Չորս տարի հետո անգլիացիները գրավում են Մադրե դե Դեուս նավը, որը վերադառնում էր Օստ-Ինդիայից։ Նավում առկա էր պղպեղ, մեխակ, ընկուզեղեն, տեքստիլ, այլ մետաղներ, որոնք Անգլիայի կես տարվա ներկրումն էին, այսինքն մի նավում կար այնքան ապրանք, որոնք Անգլիան ներկրում էր կես տարում։ Անգլիան միայնակ էր Իսպանիայի և Պորտուգալիայի, ինչպես նաև ողջ Եվրոպայի դեմ։ Ու նման մի պետություն էլ կար, ով միայնակ էր, խոսքն Օսմանյան կայսրության մասին է, այո, նրանք միայնակ էին Եվրոպայի դեմ։ Այն ժամանակ, երբ օսմանները հասել էին Վիեննայի մոտ, ամբողջ Եվրոպան միավորվում էր թուրքերի դեմ, իսկ Անգլիան չերևաց, նրանք լրիվ այլ դիրքորոշում ունեցան ու լռեցին։ Մինչ Հռոմի պապն ամբողջ Եվրոպային կոչ էր անում միավորվել թուրքերի դեմ, Ելիզավետա թագուհին սուլթանի հետ ստեղծում է դրական հարաբերություններ՝ հասկանալով, որ թուրքերին էլ դաշնակից է պետք Եվրոպայում։

Անգլիացիները զուտ բիզնես տեսանկյունից էին նայում հարցին, որը հետևյալն էր. եթե եվրոպացիները թուրքերի հետ թշնամանում էին, ապա փակվում է եվրոպացի առևտրականների ծովային ուղիները, նշանակում է կարելի է դաշնակցել, առավելություն ստանալ մյուս եվրոպացիների համեմատ և անգլիացի առևտրականների համար ճանապարհ բացել դեպի Ասիա։ Անգլիացի առևտրականներն Օսմանյան կայսրությունում լավ դիրք ձեռք բերեցին մյուս եվրոպացիների համեմատ ու առևտուրը սկսեց եռալ։ Իսկ հիմա հարց՝ Օսմանյան կայսրությունում ովքե՞ր էին լավ առևտրականներ, ու՞մ հետ էին մրցելու անգլիացիները։ Պատասխանը կարծում եմ՝ գիտեք, դա մենք էինք։

1600 -ականներին ստեղծվում է Բրիտանական Օստ-Ինդիա ընկերությունը, կամ EIC-ը, որը կարողացավ պորտուգալացիներին դուրս թողնել Բենդեր-Աբբաս նավահանգստից(Իրան) և Սուրատից (Հնդկաստան)։ Օստ-Ինդիայի մասին առանձին գրառում կանեմ, բայց ասեմ, որ այս ընկերությանը թույլատրված էր ամեն ինչ՝ վերացնել մարդկանց, քանդել քաղաքներ, կազմել ալյանս, բանակցել, բանակ պահել, զավթել, թալանել, խաբել, գցել, գրավել, մետաղադրամ տպել, թմրանյութեր տեղափոխել և այլն։ Նման ուժի դեմ ոչ մի ասիական պետություն ի վիճակի չէր պայքարել։ Ասիայում արագ հարստանալու մոլուցքը շատ անգլիացիների էր դրդում միանալ EIC-ին, այսինքն Անգլիական Օստ-Ինդիային և Հնդկաստանի հարուստ քաղաքները մեկը մյուսի ետևից գաղութացվում էին։

Շատ մարդիկ են մտածել, թե ինչու՞ հենց այս փոքրիկ կղզին կարողացավ տիրել աշխարհի շուրջ մեկ քարորդ մասին։ Իհարկե գլխավոր գործոնն աշխարհագրական դիրքն է։ Անգլիայի միակ խնդիրը Շոտլանդիան էր, որի հետ միավորվելով 1707 թվականին՝ Բրիտանիայի միակ արգելքը դառնում է ծովը, իսկ ծովը հաղթելու համար պետք էր ընդամենը նավատորմ։ Ինչպես գիտենք, ով տիրում է ծովերին, նա էլ տիրում է աշխարհը։

Քանի որ Բրիտանիան սահմաններ չուներ, կարիք չկար ռազմական մեծ ծախսեր հատկացնել պաշտպանության վրա, ինչպես օրինակ մայրցամաքային պետությունների դեպքում էր։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 1550 թվականին Անգլիան ուներ այնքան զորք, ինչքան Ֆրանսիան, իսկ 1700 թվականին արդեն Ֆրանսիայի բանակը երեք անգամ գերազանցում էր անգլիացիներին։ Սա խոսում է այն մասին, որ Ֆրանսիան երեք անգամ ավելի շատ գումար էր ծախսում, քան Անգլիան։

Շարունակելի

Վահագն Դիլբարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս