«Որքան էլ իրավիճակը բարդ է, որքան էլ մութ է՝ փոքր լույս եմ գտնում և փորձում լուսավորել խավարը». Մարիաննա Գրիգորյան
55-րդ օրն է՝ ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Դեկտեմբերի 12-ից 120 հազար արցախահայեր լիովին շրջափակման մեջ էլ չեն դադարում պայքարել իրենց հողում ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի համար՝ հաղթահարելով շրջափակման բերած դժվարությունները։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, թատրոնի կազմակերպիչ Մարիանա Գրիգորյանը հազարավոր արցախցիներից մեկն է, որ անգամ շրջափակման պայմաններում չի դադարում աշխատել, ստեղծագործել։
168.am-ի հետ զրույցում Մարիանան նախ պատմեց, որ թատրոնում, բացի կադրային խնդիրներից, ներկա պայմաններում պետք է աշխատեն սեղմ ծրագրերով։ Սակայն այս ամենը չի խանգարել, որ Ամանորին երեխաների համար բեմադրեն ներկայացում և բոլոր փոքրիկներին նվերներ բաժանեն։ Ներկայացումից հետո երեխաներին նվերներ բաժանելու ավանդույթը Մարիանան սկսել է 2020 թվականի պատերազմից հետո: Իսկ դա հետաքրքիր նախապատմություն ունի՝ պատերազմում զոհված ընկերը 2019 թվականի Ամանորին՝ երեխաների համար, իսկ 2020 թվականի գարնանը՝ կանանց տոնին նվերներ է բաժանել, Մարիանան էլ որոշել է ավանդույթը շարունակել։
«Փոքրիկների համար նախատեսված ներկայացումը խաղացինք հունվարին, դեկտեմբերին, նախատեսել էինք խաղալ նաև Ստեփանակերտի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, սակայն ստեղծված իրավիճակը թույլ չտվեց, քանի որ կա ջեռուցման խնդիր։ Այդ պատճառով որոշեցինք տեղափոխել գարուն կամ ամառ, երբ ջեռուցման խնդիր չի լինի»,- պատմեց մեր զրուցոակիցը։
Արցախում ստեղծված իրավիճակն ավելի ծանր է այն ընտանիքների համար, որտեղ փոքր երեխաներ, տարեց մարդիկ կամ հիվանդներ կան, որոնց կարիքները պետք է հոգալ, փոքրերի ցանկությունները հնարավորինս կատարել։
«Ինքս՝ որպես երիտասարդ, փորձում եմ այս ամենի մեջ ինչ-որ դրական բան գտնել։ Ինքս այս պահին նաև դասավանդում եմ Վանքի արվեստի դպրոցում, տնօրենի հետ խորհրդակցել ենք, որ պետք է արվեստի դպրոցի սաների հետ միասին նկարահանենք հետաքրքիր ֆիլմ, թե ինչպես են այցելում արվեստի դպրոց, նաև ինչպես են ապրում դպրոցից դուրս, ընդհանուր գյուղի մթնոլորտը, այսինքն՝ հայկական ավանդույթներով, կոլորիտով հետաքրքիր սցենար ենք մտածում։ Որքան էլ իրավիճակը բարդ է լինում, որքան էլ մութ է լինում, ես ամեն տեղ փոքր լույս եմ գտնում և փորձում լուսավորել խավարը։ Նույնն էլ թատրոնում, մենք հիմա փորձեր ենք անում, նոր ներկայացում պետք է լինի, որոշել ենք, որ թեթև կատակերգություն լինի, քանի որ դա ժողովրդին պետք է։ Եթե չլինի լույսի ու ջեռուցման խնդիր, պլանավորել ենք խաղալ «Անմահների դիրքը» ներկայացումը, որովհետև բազմաթիվ մարդկանց կողմից եղել է ցանկություն այն դիտելու։ Մենք ձեռքներս ծալած չենք նստում, որքան էլ իրավիճակը բարդ է, մենք աշխատում ենք»,- վստահեցրեց Մարիանա Գրիգորյանը։
Ըստ դերասանուհու՝ պատերազմից հետո Արցախ է վերադարձել՝ գիտակցելով, թե ուր է գնում, այժմ էլ լավ է գիտակցում՝ որտեղ է ապրում և ինչու է վերադարձել։ Ասում է՝ բոլոր բախումների սցենարն իր ուղեղում է եղել Արցախ վերադառնալիս, ուստի այդ բախումների դեմ ուժեղ կանգնած է՝ թույլ չի տալիս իրեն ընկճեն։
«Եթե ես որոշել եմ ապրել ու աշխատել Արցախում, ապա դա պետք է լինի հանուն Արցախի, նրա ապագայի։ Երբ մարդը գիտակցում է, թե ինչ է իրեն պետք և ինչ կարող է անել, ավելի հեշտ է ամեն ինչ դառնում։ Այս ամենն ավելի է մոտիվացնում, պետք է վեր կենալ ու ինչ-որ բան անել, ոչ թե նստել ու սպասել, որ ինչ-որ մեկն ինձ համար հաց կբերի կամ հարց կլուծի, այսպես պետք է բոլորն անեն»,- նշեց Մ. Գրիգորյանը։
Իսկ ինչ կարող է անել հայաստանյան երիտասարդությունը, ինչով կարող են աջակցել արցախցի իրենց հասակակիցներին: Մարիանան «Artsakh Strong» նախաձեռնությունը օրինակը բերեց, այսինքն՝ տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնում են Արցախում շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Դերասանուհին վստահ է, եթե յուրաքանչյուր հայ այդպես աշխատի՝ կլինի արձագանք: Ու թեև այսօր ավելի շատ խոսում են քաղաքական ու դիվանագիտական պայքարի մասին, մեդիահարթակները նույնպես կարևոր են, և դրանք պետք է ճիշտ օգտագործվեն։
«Արցախում երիտասարդությունը կանգ չի առնում, լուսանկարիչները մշտապես Արցախում շրջում են, լուսանկարում, տարբեր հարթակներում ցուցադրում, տեսահոլովակներ են նկարահանում, թե ինչ է կատարվում, և ներկայացնում են այն, ինչ իրականում կա»,- հավելեց նա։
Դերասանուհին այն կարծիքն է, որ եթե Արցախում տեղական արտադրանքն ավելի զարգացած լիներ, գուցե այսօր խնդիրներն էլ քիչ լինեին, հետևաբար՝ պետք է ամեն կերպ զարգացնել տեղական արտադրանքը, կրթել խելացի երիտասարդություն։
«Այժմ ես աշխատանքներ եմ տանում, որպեսզի բացեմ թատերական ստուդիա, և ոչ միայն պետք է դասավանդվի դերասանի վարպետության մասնագիտական առարկա, այլև օտար լեզուներ, այն էլ՝ ոչ միայն անգլերեն ու ռուսերեն։ Որքան շատ օտար լեզվով խոսվի մեր մասին, այնքան լավ, բացի օտար լեզուն, ինձ համար շատ կարևոր է, որպեսզի խոսվի Արցախի պատմության մասին։ Ինձ համար հայու գենն այն չէ, որ հանգնվեն ու շպարվեն, այլ այն, որ ստեղծեն, քանի որ հայը միշտ ստեղծող է եղել, մեր այբուբենն է դրա ապացույցը։
2016 թվականից հետո մարդկանց մեծ մասը սկսեց հասկանալ, թե ինչ տարածաշրջանում է ապրում և իր անվտանգության ապահովման համար իրեն ինչեր են պետք։ 2020 թվականի պատերազմից հետո այդ մարդկանց թիվն ավելացավ, բայց էլի քիչ էին։ Երբ պատերազմը սկսվեց, ես իրար խառնվելու խնդիր չունեցա, քանի որ 2016 թվականից հետո նախապատրաստել էինք փոքր պայուսակ, մեր փաստաթղթերով, սննդի պաշար, առաջին օգնության պարագաներ և դրել էինք մի անկյունում։ Մայրիկս և տատիկս ծնվել են Բաքվում, նրանք ջարդերը տեսել են, բախվել են անձնագիրը կորցնելու, հետո վերականգնելու խնդրին։ Այս ամենի մասին նրանք մեզ պատմել էին, մենք որոշեցինք, որ ավելի լավ է ամեն ինչ նախապես պատրաստ պահենք, որ հարկ եղած դեպքում պատրաստ իջնենք ապաստարաններ»,- ասաց Մարիաննա Գրիգորյանը։