Բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով նոր խորհրդական նշանակեց․ ինչի՞ է նախապատրաստվում ԱՄՆ-ը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել. այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Լուիս Լ․ Բոնոն, ով ըստ էության կփոխարինի այդ պաշտոնն այս տարվա հունվարին լքած դեսպան Ֆիլիպ Ռիքերին։

Ռիքերի հեռացումից հետո հասկանալի չէր՝ արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է պահպանել այդ պաշտոնն ընդհանրապես, թե՞ ոչ։ Սակայն Լուիս Լ․ Բոնոյի նշանակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել մոտավորապես նույն ձևաչափով։

«Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ, որպեսզի առաջ մղի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ու արձագանքի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագրի կնքմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցություններին աջակցելու հանձնառությանը: Պետքարտուղար Բլինքենը նաև հստակեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու համար դիվանագետը կհամագործակցի Նահանգների հետ համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ։ Սրանով, ըստ էության, պետքարտուղարը նաև հստակեցրել է, որ այս հարցում Ռուսաստանին գործընկեր ԱՄՆ-ը չի տեսնում։

Նույն օրը ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետքարտուղար Բլինքենի համար խորը կարևորության հարց է, որին Պետդեպարտամենտը մեծ ուշադրություն է հատկացնում:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ տեղում աշխատող դիվանագետի բացակայության պայմաններում Միացյալ Նահանգներին ավելի բարդ կլիներ համակարգել բանակցային գործընթացը, հատկապես, երբ հարկավոր է լինում հակամարտող երկրներում՝ տեղում, քննարկումներ կազմակերպել, բանակցել։

Ըստ նրա, ԱՄՆ-ի նման երկրի դեպքում հնարավոր չէ պատկերացնել, որ բանակցային գործընթացն անընդհատ ռեժիմով համակարգի ԷնթոնիԲլինքենը կամ նրա տեղակալ Քերըն Դոնֆրիդը։

«Ուստի դրական է, որ Ռիքերին փոխարինող հայտնվեց, ով կայցելի տարածաշրջան, կպահի ԱՄՆ ամենօրյա ուշադրությունը գործընթացի նկատմամբ։ Մի փոքր անհասկանալի է, թե ինչու Ռիքերը կարճ ժամանակ պաշտոնավարեց և հեռացավ ի՞նչ պատճառով, գուցե ինչ-որ հարցերում թերացավ, կամ այդպես էր նախատեսված, սա հետաքրքիր հարց է, որը չունի պատասխան։ Գուցե նոր նշանակումից ակնկալիքներն ավելին են։

Հասկանալի է դառնում, որ Ուկրաինայում պատերազմի առաջացրած իրավիճակն ընդհանրապես անհնար է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը, հենց այդ պատճառով ԱՄՆ-ը հստակեցնում է, թե ում հետ է աշխատում այս գործընթացում։

Բնականաբար, այդ ցանկում ՌԴ-ն չկա, սակայն այդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման թեմային անդրադառնալիս պետք է անկեղծ լինել ու ասել, որ այն այլևս չկա որևէ միջնորդի օրակարգում, այստեղ այլևս դիվանագիտական լղոզված ձևակերպումները տեղին չեն։

Պարզ է, որ Հարավային Կովկասում ևս իրավիճակ է փոխվում, այստեղ սրվել է աշխարհաքաղաքական մրցակցությունը, և ԱՄՆ-ը պատրաստ չէ այլևս հաշվի առնել ՌԴ բացառիկ միջնորդական դերակատարությունը, ինչպես դա անում էր նախկինում, աշխատելով ԵԱՀԿ ՄԽ կազմում, իր համաձայնությունը հայտնելով ՌԴ բոլոր առաջարկներին ու փաթեթներին։

Այսօր Արևմուտքն առանձին իր օրակարգն է առաջարկում կողմերին, Ռուսաստանը՝ իր։ Որոշ դետալներով գուցե դրանք նման են, սակայն սա շատ ավելի լայն գործընթաց է, որը ես կանվանեի աշխարհակարգային և քաղաքակրթական ընտրություն»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, նոր դեսպանի նշանակումն այս պաշտոնում նշանակում է, որ առաջիկայում կլինեն նրա այցերը ռեգիոն՝ հստակ օրակարգով, հանդիպումներ կազմակերպելու առաջարկներով։

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ին կհաջողվի ինչ-որ բան անել, կազմակերպել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմին չի հաջողվում, օրինակ, նախարարական հանդիպում կազմակերպել տարաձայնությունների պատճառով, ՀԱՊԿ-ին չի հաջողվում նոր առաքելություն տեղակայել ռեգիոնում, ինչպես դա անում է ԵՄ-ն։

Սա ԱՄՆ-ին գործունեության հնարավորություն ու դաշտ է տալիս, որից, բնականաբար, ԱՄՆ-ը կօգտվի։ Կարելի է ասել, որ Արևմուտքը Հարավային Կովկասում իրավիճակ է փոխում։ Պարզապես հարց է մնում՝ սա տեղի է ունենում ՌԴ կամքով և ցանկությա՞մբ, թե՞ ՌԴ ռեսուրսների պակասի հետևանքով»,- ասաց վրացի փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս