Բաժիններ՝

Արտարժույթով վարկերի տրամադրման արգելքի հնարավոր ռիսկերն ու հարվածը մարդկանց գրպանին, բանկերին ու բիզնեսին

ՔՊ պատգամավորներն առաջարկում են բանկերին, վարկային կազմակերպություններին արգելել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին վարկեր տալ արտարժույթով. հարցն օրերս քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոթեքային կրեդիտները պետք է տրամադրեն միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոթեքային կրեդիտները կարող են տրամադրել արտարժույթով:

168.am-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն ամփոփ անդրադառնալով նախագծի հնարավոր ազդեցությանը՝ արձանագրեց, որ սահմանափակվելու է արտարժույթի մուտքը շուկա: Նա հավելեց, որ առկա է գործընթաց, որն իրականում առաջ է բերում հարցեր, որոնց օբյեկտիվ և ամբողջական պատասխաններն այս պահին չկան:

«Այդ հարցերն առաջանում են հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ մոտեցումներ են բերվում նույն հանձնաժողովում՝ նախագծի հիմնավորման համար: Եթե հիմնվենք այն հանգամանքի վրա, որ այստեղ հաշվի է առնվում քաղաքացիների կողմից արտարժույթով վարկեր վերցնելու ռիսկի գործոնը և դրանով այդ գործոնը չեզոքացնելու հնարավորությունը, ապա կա օբյեկտիվություն:

Կարդացեք նաև

Բայց այստեղ կարող ենք հակադարձ հարց բարձրացնել՝ իսկ այն մարդիկ, որոնց եկամուտները դրամով չե՞ն, կայուն արտարժույթով են, այդ թվում՝ մարդիկ, որոնք ունեն մասնավոր տրանսֆերտներ, որոնց պլանավորմամբ վերցնում են արտարժույթով վարկեր,- հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցեր բարձրացրեց Լիլյա Ամիրխանյանը՝ արձանագրելով, որ այդ հատվածի շահերը հաշվի չեն առնվում,- Իհարկե, կա նաև օբյեկտիվ հիմքը, որ արտարժույթով վարկերը ռիսկային են, սակայն ինչո՞ւ առաջնորդվել նման կտրուկ որոշմամբ՝ միանգամից արգելելով այդ գործիքը: Ինչո՞ւ չի դիտարկվում տարբերակ, որ ստեղծվի այնպիսի միջավայր, մեխանիզմներ, որ դրամային փոխառությունները տրամադրվեն այնպիսի պայմաններով, որ մարդիկ իրենք նախընտրեն դրամային արժույթով վերցնել»:

Տնտեսագետը նաև կարևորեց այս հարցի առնչությամբ բանկերի դիրքորոշումը՝ նկատելով, որ այս նախագծի ընդունման դեպքում հետևանքների առաջին կրողը լինելու է բանկային համակարգը:

«Բանկային հատվածի համար տեղի է ունենում գործիքակազմի սահմանափակում, որովհետև արտարժույթով վարկը, փոխառությունը բանկի համար լրացուցիչ գործիք է, որով ինքը հաճախորդ է ներգրավում:

Արդյո՞ք սա հերթական հարվածը չէ՝ հաշվի առնելով նախկինում իրականացված գործողությունները՝ ինչպես, օրինակ, «բանկային գաղտնիքի» հետ կապված,- մեկ այլ կարևոր հարց բարձրացրեց մեր զրուցակիցը, ապա ուշադրություն հրավիրեց բիզնես վարկերի վրա,- Քիչ չեն արտադրությամբ, վերարտահանմամբ զբաղվող բիզնեսները, որոնք իրենց արտադրության համար հումքը ներկրում և գնում են հիմնականում արտարժույթով: Բնական է, որ բիզնեսի համար շատ ավելի հարմար կլինի դրա համար միջոցները ներգրավել հենց արտարժույթով՝ նույն արտարժութային տատանումներից խուսափելու համար: Արդյո՞ք այս արգելքն արդեն բիզնես հատվածին չի դնելու հնարավոր ցնցումների և վտանգների առաջ»:

Ամփոփելով՝ Լիլյա Ամիրխանյանը հնչեցրեց նաև ուշագրավ հարցադրումներ՝ ուղղված ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ նախագծի հեղինակներին.

«2022 թվականի ողջ ընթացքում արտարժույթի փոխարժեքի նվազում տեղի ունեցավ, և տրամաբանական էր, որ այդ ընթացքում արտարժութային վարկերը կշատանային, ինչը կարող էր հետագայում՝ավելի երկար ժամանակահատվածի համար ռիսկեր առաջացնել, բայց եթե հիմա այդ գործընթացն անում են՝ հիմնվելով 2022 թվականի ընթացքում ստեղծված իրավիճակի վրա, այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք նախագիծը ներկայացնողների և կառավարության կողմից կա կանխատեսում, որ այս իրավիճակը երկար է պահպանվելու: Արդյո՞ք դրամի արժևորման այս միտումները երկար են պահպանվելու, որ դրանից բխող հետևանքները նույն վարկային պորտֆելի հետ կապված զսպելու կամ չեզոքացնելու համար իրականացնում են նման գործողություն»:

Հիշեցնենք՝ նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը: Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Նկատենք՝ ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոթեքային վարկեր: Գևորգ Պապոյանի խոսքով՝ արտարժույթի տատանումների հետևանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում: «Հայաստանում փոխարժեքը լողացող է, և ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որևէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը և հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:

Տեսանյութեր

Լրահոս