«Ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հեռու է կառավարության ծրագրով սահմանված թիրախից». Վահան Քերոբյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Կառավարության հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը ներկայացնում էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նրա՝ նախագիծը մշակվել է կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու և իրականացնելու լիազոր նորմ սահմանելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու համար Կառավարության որոշումների իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում։
«Անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել նաև արդյունաբերական քաղաքականության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությանը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով»,- շեշտեց Վահան Քերոբյանը։
Նախարարը խոստովանեց, որ իրենք էլ շատ հաճախ քննադատաբար են մոտենում իրենց իսկ գործունեությանը, և իր կարծիքով էլ՝ այսօրվա տեմպը բավարար չէ մարտահրավերները դիմագրավելու համար։
«Մենք շուտով կստանանք ներդրումների և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը։ Մենք գիտենք, օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով ունենալու ենք շատ մեծ թիվ, ռեկորդային։ Բայց ընդհանուր ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը դեռևս հեռու է կառավարության ծրագրով և կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված թիրախից, մենք սա քննարկել ենք և նշել, որ ներդրումների ներգրավման գործընթացը պետք է էապես պարզեցվի»,- շեշտեց Վահան Քերոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում