Ի՞նչ հայեցակարգ է քննարկվում Ադրբեջանում, ի՞նչ պահանջներ են ներկայացվում Հայաստանին և Արցախին

ԵՊՀ դասախոս, արևելագետ Արտյոմ Տոնոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածողները չեն դիտարկում, օրինակ՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հնարավորությունը:

«Իրանը սահմանակից է Հայաստանին, անվտանգային առումով բազմաթիվ ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո: Ես երբևէ չեմ հանդիպել, որ հակառուսական տրամադրություններ տարածողները քննարկեն Իրանի հետ ռազմական համագործակցության խորացման կամ ընդհանրապես Իրանի հետ ռազմական դաշինք ունենալու տարբերակը, նույնիսկ՝ որպես այլընտրանք ռուսական ներկայության: Ես չեմ ասում, որ կարելի է նաև Հայաստան-Ռուսաստան-Իրան եռյակի շրջանակներում հասնել որոշակի համագործակցության և ընդհանուր դաշինքի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա խոսեց Ադրբեջանում քննարկվող մի հայեցակարգի մասին, որտեղ շարադրված են Ադրբեջանի առաջիկա պլանները և ծրագրերը:

Կարդացեք նաև

«Օրեր առաջ Ադրբեջանում քննարկվում էր, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի խորհրդի կողմից ընդունված մի հայեցակարգ, որտեղ հստակ ամրագրված էր ադրբեջանցիների վերադարձի պահանջը և այլն: Ակնհայտ է, որ նման հայեցակարգերն առանց իշխանությունների մասնակցության չեն լինում, սրանք ուղղակի մարդիկ չեն, ովքեր 1988թ. հեռացել են Հայաստանից և հիմա որոշել են հավաքվել և հայեցակարգ ընդունել իրենց վերադարձի պահանջի մասին:

Այդ հայեցակարգի մեջ դրված պահանջները և գործողությունների ծրագրերը կարդալով՝ կպատկերացնեք, թե ինչ են պլանավորում Ադրբեջանի իշխանություններն արդեն հաջորդ տարիների համար: Այդ տեքստի տրամաբանությունից բխում է, որ եթե նույնիսկ Արցախի մեր հայրենակիցները համաձայնեն ստանալ ադրբեջանական անձնագրեր, համաձայնեն ապրել Արցախի տարածքում՝ այն համարելով Ադրբեջանի մաս՝ ընդունելով Ադրբեջանի օրենքները, նույնիսկ այդ պարագայում ադրբեջանցիները չեն բավարարվելու, համարելով, որ եթե Արցախն Ադրբեջանի մաս է, բալանսը պահպանելու համար պետք է Հայաստանում էլ մենք ունենանք ադրբեջանական համայնք:

Իրենց տրամաբանությունից բխում է, որ ստացվելու է այնպես, որ Ադրբեջանի տարածքում կա հայկական համայնք, բայց չկա ադրբեջանական համայնք՝ Հայաստանի տարածքում: Այդ հայեցակարգում որպես կետ՝ մտցված է կոմպակտ բնակեցման պահանջը, այսինքն՝ Հայաստանի իշխանություններից պահանջում են՝ ոչ թե ուղղակի տալ հնարավորություն, որ ադրբեջանցիները վերադառնան և խառնիխուռն բնակվեն ՀՀ տարածքում, այլ պահանջվում է կոմպակտ բնակեցում՝ կոնկրետ տարածքում: Պարզ է, թե ինչ նպատակներով է այս ամենն արվում: Այսինքն՝ որևէ կետում Ադրբեջանը կանգ չի առնելու»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս